
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը կիրակի օրը Թեհրանի հետ հրադադարի համաձայնագիր է ստորագրելու։
«Ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը կբացվի բոլորի համար», – գրել է Թրամփը X-ում։
Նա հավելել է, որ Թեհրանի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո ակնկալում է ոչնչացնել Իրանի բարձր հարստացված ուրանը։
«Հարմար պահին, երբ իրավիճակը հանդարտվի, մենք կմտնենք և կվերցնենք հսկայական գրանիտե լեռների տակ խորը թաղված միջուկային փոշին […] և կոչնչացնենք այն՝ լինի դա Իրանում, թե Միացյալ Նահանգներում։ Մենք անհամբեր սպասում ենք Իրանի և ամբողջ Մերձավոր Արևելքի հետ երկարաժամկետ համագործակցության», – գրել է Թրամփը՝ նշելով, որ հույս ունի, որ այլևս ստիպված չի լինի ուժ կիրառել Իրանի դեմ։
Իր հերթին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «հենց որ բանակցությունների վերջնական փուլերն ավարտվեն, այս համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի»։
«Դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Ես շատ հույս ունեմ», – ասել է Արաղչին պետական հեռուստատեսությամբ։
BFMTV-ի փոխանցմամբ՝ ամերիկացի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան հաջորդ շաբաթ Շվեյցարիայում։
Համաձայնագիրը նախատեսվում է կնքել երկու փուլով՝ նախ՝ 14 կետանոց հուշագրի ստորագրում, որին կհաջորդեն հակամարտության վերջնական լուծման 60-օրյա բանակցություններ, ավելի վաղ հայտարարել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։