«Եթե մենք չկառավարենք այս իրավիճակը, եւ ընկալում ստեղծվի, որ Հայաստանում 500 հազար մարդ կա, որն ասում է՝ մենք պետք է Ղարաբաղյան շարժումը շարունակենք, ծովից ծով Հայաստանը հետ բերենք, դա լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ 500 հազար մարդ «ընտրակաշառքով է ձայն տվել» ընդդիմությանը եւ ասաց, թե իբր Հայաստանում չկան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր կարծում են, որ Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի։
«Մենք հո գիտենք, որ չկա այդքան մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի։ Եվ, այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել»,- ասաց նա։
Անդրադառնալով Ալիեւի օգնական Հաջիեւի՝ Հայաստան կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ի՞նչն էր անհրաժեշտությունը, որ ընտրություներից 3 կամ 4 օր հետո այդ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի, որպեսզի մենք կառավարենք այդ սպառնալիքը։ Ես էլի եմ ասում՝ մենք Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք, Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում, պատերազմի սպառնալիք է։ Այն, որ Հաջիեւը եկել էր Դիլիջան, դա եւս մեկ երաշխիք է, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Բայց այս հարցը պետք է պարզաբանվի, այսինքն՝ 500 հազար մարդ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է շարունակե՞նք։ Ոչ, չի ասում, եւ մենք չպետք է թույլ տանք, որ հանկարծ այդպիսի տպավորություն ստեղծվի։
Եթե հանկարծ այդպիսի տպավորություն ստեղծվի, խաղաղությունը շատ արագ կփլուզվի։ Այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել եւ քվեարկել են ըստ ընտրակաշառքի, այո, պատերազմի սպառնալիք են ստեղծել կոնկրետ։ Եվ, այո, Գրիգորյանի ու Հաջիեւի հանդիպումն այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր»,- նշեց նա։
Փաշինյանը նաեւ հավալեց, որ եթե մարդիկ համաձայն չեն իր հայտարարությունների հետ, կարող են հեղափոխություն անել կամ դուրս գալ Հանրապտետության հրապարակ ցույցերի։