Լեհ-ուկրաինական սրացում. «Միմյանց չենք ներում և ներողություն չենք խնդրում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Սպիտակ Արծվի շքանշանը ուղարկել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին, ով նախորդ օրը հայտարարել էր Ուկրաինայի առաջնորդին երկրի բարձրագույն պետական ​​պարգևից զրկելու մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումը «Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսներ» (УПА) անվանելու որոշման համար։ Զելենսկիից հետո Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պետրո Պորոշենկոն նույնպես հայտարարեցին լեհական պարգևներից հրաժարվելու մասին։

«Իմ նախագահության ընթացքում ես Լեհաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը համարել եմ գերակա խնդիրներից մեկը։ Իմ գործընկեր Ալեքսանդր Կվաշնևսկու հետ միասին մենք ամեն ջանք գործադրեցինք դրան հասնելու համար։ Մենք հատուկ շեշտը դրեցինք մեր ժողովուրդների միջև հարաբերություններում պատմական խնդիրների լուծման վրա, ինչը հանգեցրեց 2003 թվականի հաշտեցման մասին համատեղ հայտարարությանը։ Մենք ներում ենք միմյանց և ներողություն ենք խնդրում. սա այն սկզբունքն է, որը նախագահ Կվաշնևսկու հետ մենք զարգացրինք մեծ լեհ, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հոգևոր առաջնորդությամբ», – ասվում է Կուչմայի հայտարարության մեջ։

Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը (ՈՒԱԲ) համարում են պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վոլինում լեհերի կոտորածի համար: Իսկ շատ ուկրաինացիների համար ՈւԱԲ-ն Ռուսաստանից անկախության համար պայքարի խորհրդանիշ է։

Մի քանի դար շարունակ Ուկրաինայի ներկայիս տարածքը բաժանված էր Լեհ-լիտվական Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսական կայսրության միջև: Ուկրաինացիները համարվում են «դավաճաններ» և՛ Ռուսաստանում, և՛ Լեհաստանում: Երկու երկրներում էլ հանրային քննարկումներ են ընթանում Ուկրաինան միմյանց միջև բաժանելու հնարավորության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Լեհաստանը, որի տարածքը գրեթե Ուկրաինայի կեսն է, վստահ է, որ կարող է դառնալ ռուսական էքսպանսիայի հաջորդ թիրախը։ Ռուս-ուկրաինական պատերազմում Լեհաստանը միանշանակ Ուկրաինայի կողքին է։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականին՝ Հիտլերի կողմից Լեհաստան ներխուժմամբ սեպտեմբերին: Դրան նախորդել է նույն տարվա օգոստոսին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև Մոլոտով-Ռիբենտրոպի պայմանագրի ստորագումը, որը համարվում է այդ երկու երկրների մեջ Եվրոպան ազդեցության ոլորտները բաժանելու գաղտնի համաձայնագիր։

Վարշավան վերջերս հայտարարել է, որ «ի տարբերություն» Գերմանիայի, ինքը կրում է Ուկրաինայում հակամարտության ռիսկերը և, հետևաբար, պահանջել է ներկայացուցչություն բանակցությունների սեղանի շուրջ: Բեռլինը հայտարարել է, որ հիմա նման քննարկումների համար «անհարմար» ժամանակն է։