
ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կիրակի օրը սկսված բարձր մակարդակի բանակցությունները ավարտվեցին երկուշաբթի կեսգիշերից հետո։ Կատարն ու Պակիստանը, որպես միջնորդներ, հայտնեցին «խրախուսելի առաջընթացի» մասին, հաղորդում է BBC-ն։
Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ «Բարձր մակարդակի կոմիտեն» համաձայնության է եկել «60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզի» շուրջ։ Տեխնիկական բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ։
ԱՄՆ-ն բանակցություններին ներկայացրել են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակության կազմում էին խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Շաբաթ օրը Թեհրանը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը կրկին փակվել է ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածների, ինչը Թեհրանը անվանեց ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում։ ԱՄՆ զինվորականները պատասխանեցին՝ նշելով, որ դա այդպես չէ, և որ նեղուցում նավերի երթևեկությունը շարունակվում է։
«Իրանը պետք է անհապաղ ստիպի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին դադարեցնել անկարգություններ հրահրելը։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ կհարվածենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ!!!», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
«Մի՞թե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքները որևէ ազդեցություն ունենային, չէին հասնի այս հուսահատության կետին։ Մենք անտեսում ենք ամերիկյան սպառնալիքները», – պատասխանել է Ղալիբաֆը։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև հուշագրի ստորագրումից առաջ Իսրայելը հայտարարել է, որ չունի իր զորքերը Լիբանանից դուրս բերելու մտադրություն և պնդել է, որ «Հեզբոլլահի» հետ իր հակամարտությունը պետք է դիտարկել ԱՄՆ-Իրան պատերազմից առանձին։
Իր հերթին, «Հեզբոլլահը» պնդում է, որ Լիբանանում Իսրայելի հարձակումները ԱՄՆ-Իրան համաձայնագիրը խափանելու փորձ էին։ Թրամփը քննադատել է Իսրայելի կողմից Լիբանանում շարունակվող գործողությունները։