
Մայոր Հայկ Թորոյանի գործով կայացրած վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասկածի տակ է դնում թե 2016 թվականի, թե 2020 թվականի Ադրբեջանի այսպես կոչված «ինքնապաշտպանական պատերազմի», «հայրենական պատերազմի» լեգիտիմությունը։
Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հենց դրան է ուզում հասնել, այսինքն՝ լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը եւ ագրեսիվ պատերազմը։ «Սակայն նման դատական ակտերը այդ լեգիտիմությունը վերացնում են։ Այս դեպքը եւ սրանից հետո եկող մյուս դեպքերը, որոնք դառնալու են անհերքելի դատական ակտեր, կոտրելու են Ադրբեջանի կողմից առաջ տարվող այն միֆը, թե՝ «մենք զոհ էինք, հայերը հարձակվեցին մեզ վրա»։ Դա հայրենական պատերազմ չէր, ագրեսիվ պատերազմ էր, քանի որ հայրենական պատերազմում զինվորներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում եւ այլն»,- ասաց Ղազարյանը։
Արա Ղազարյանն ասաց, որ ՄԻԵԴ-ն իր որոշմամբ հստակ արձանագրում է, որ այդ պատերազմական հանցագործությունը կատարել են Արդբեջանի զինված ուժերը, այսինքն՝ կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը սա ստիպված պետք է ընդունի։ Որքան էլ Ադրբեջանը պետության ներսում վարույթներ կհարուցի, դատավարություններ կանի (խոսքը հայ գերիների նկատմամբ անօրինականն դատավճիռների մասին է), որոնցով կփորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, նմանօրինակ դատական ակտերը հերքելու են իրենց այսպես կոչված «պատմական ճշմարտությունը»։
Ըստ նրա՝ այս դատական ակտը դառնում է պատմական փաստ, որը հերքել հնարավոր չէ, սա է այս վճռի կարեւոր կողմերից մեկը։
Մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ, Արա Ղազարյանի խոսքով, պատերազմի ակտիվ փուլում տեղի ունեցած խոշտանգտումների, պատերազմական հանցագործությունների դեպքերով սովորաբար ՄԻԵԴ-ը ձեռնպահ է մնում որոշում կայացնել։ Բայց որոշ դեպքերում, երբ խախտումը ահագնացող ծավալի է կամ առաձնակի դաժանությամբ, ի վերջո որոշում է կայացնում։ Հայկ Թորոյանի գործը այդ դեպքերից է։