Ռուսաստանին խաղաղության պարտադրելու 40 օր. «Երկիրը կփլուզվի՞»

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն է տվել Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու համար խոշոր գործողության անցկացմանը։ Նա այս մասին հայտարարել է հունիսի 25-ին։ «Ես հաստատել 40-օրյա օպերացիա՝ ագրեսոր երկրի վրա ազդելու համար և ստիպելու՝ պատերազմը դադարեցնել», – հայտարարել է նա։

Մի քանի օր է, ինչ Ուկրաինան նպատակային հարվածներ է հասցնում Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի նավթային և այլ ենթակառուցվածքներին, ինչն արդեն իսկ վառելիքի պակասի և հանրային դժգոհության պատճառ է դարձել։ Մարդիկ տեսնում են ոչ միայն հազարավոր նոր գերեզմաններ, այլև ցանկացած պահի իրական սպառնալիք իրենց ընտանիքների համար։

Զելենսկիի քաղաքականությունը հավանության է արժանացել Դոնալդ Թրամփի կողմից, որի դիրքորոշումը, ըստ Մակրոնի, վերջերս Փարիզում կայացած G7 գագաթնաժողովից հետո փոխվել է Ուկրաինայի օգտին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի մասին բանակցություններից անմիջապես հետո կտրուկ անկում ապրեցին նավթի գները, որի արդյունքում ռուսական Urals նավթի գինը իջավ մինչև 50 դոլար մեկ բարելի համար։

Մասնագետները կարծում են, որ աշնանը խորհրդարանական ընտրություններից հետո Կրեմլը ստիպված կլինի հարկ սահմանել ավելացված արժեքի վրա, արժեզրկել ռուբլին և նույնիսկ սառեցնել ու բռնագրավել մարդկանց բանկային ավանդները։

Լրատվամիջոցները քննարկում են նաև աշնանը նախատեսված Պետդումայի ընտրությունները հետաձգելու առաջարկը, սակայն նման որոշում դեռևս չի կայացվել, և ամեն ինչ կախված կլինի Զելենսկու 40-օրյա գործողության արդյունքից։

Ռուսները հատկապես մտահոգված են Ղրիմի իրավիճակով։

The Economist-ը գրում է, որ օկուպացված Ղրիմի վրա անընդհատ հարձակումների ֆոնին թերակղզու բնակիչները ավելի ու ավելի են կորցնում իրենց պաշտպանելու Ռուսաստանի կարողության հանդեպ հավատը։ Սա հատկապես ցավալի է Մոսկվայի համար. Ղրիմը, որը մի ժամանակ Պուտինի «կայսերական վերադարձի» գլխավոր խորհրդանիշն էր, այժմ վերածվում է օդային հարձակման սիրենների, պատերազմի վտանգների, բենզինի, էլեկտրաէներգիայի և անվտանգության բացակայության վայր։

«Մարդիկ այլևս ապագայի որևէ հեռանկար չեն տեսնում։ Նրանք, ովքեր փող ունեն, փորձում են անշարժ գույք գնել Ռուսաստանի այլ շրջաններում և տեղափոխվել այնտեղ իրենց ընտանիքների հետ», – ասում է Ղրիմի բնակիչներից մեկը։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են նաև բանակում հասունացող ապստամբության մասին։

Ռուս զինծառայող Լունինը, որը նախկինում հայտարարել էր հնարավոր ապստամբության մասին Կրեմլի դեմ, կրկին սպառնալիքներ է հնչեցրել ռուսական իշխանությունների հասցեին։ Նա հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չարձագանքի իր կոչերին, ռուսական զորքերը կարող են իսկապես լքել իրենց դիրքերը ռազմաճակատում, հաղորդում է Dialog.UA-ն։ Զինծառայողի խոսքով՝ Ռուսաստանը կարող է բախվել «քաոսի, որի նմանը երբեք չի տեսնվել»։

«Եթե այն տղաները, ովքեր այժմ գտնվում են առաջնագծում, լքեն իրենց դիրքերը, մեր երկիրը կփլուզվի», – հայտարարել է նա։

Ռուսաստանը, որը 2020-2023 թվականներին «Թուրքիայի հետ համատեղ խաղաղություն է հաստատել Ղարաբաղում» (Շոյգու), իր անզուսպ նկրտումների և դաժանության հետևանքով հայտնվել է փլուզման եզրին։