
Հայաստանը դեռևս որևէ ազդանշան չի տվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ, RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը որպես օկուպացիոն գործիք ներկայացնելու փորձերը «խափանվում են տեղի բնակչության կողմից ռուսական ռազմաբազայի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի պատճառով»։
Ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև 1995 թվականի միջպետական պայմանագրի։ «Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երևանում։ Ավիաբազայի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում՝ ԱՊՀ պետությունների միացյալ օդային պաշտպանության համակարգի շրջանակներում», – նշում է «Սպուտնիկ»-ը։
Ռուսաստանը հաստատում է, որ չնայած իր «հակառուսական» կերպարին, Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի պահանջում 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը, այլև աջակցում է բազայի գործունեությանը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, որը, պարզվում է, պաշտպանում է Հայաստանի երկինքը՝ որպես ԱՊՀ օդային պաշտպանության համակարգի մաս։
Սա հարց է առաջացնում՝ արդյոք Հայաստանի կողմից այլ երկրներից գնված հակաօդային համակարգերը նույնպես կինտեգրվեն ԱՊՀ ՀՕՊ համակարգին։