
Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C, իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 126 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025 թթ․ժամանակահատվածում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով»։
Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։