Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցման համար

Միացյալ Նահանգները ռազմական վերահսկողություն կստանձնի Հորմուզի նեղուցի նկատմամբ և 20% մաքսատուրք կսահմանի դրանով անցնող նավերի կողմից տեղափոխվող բոլոր բեռների համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարեց երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, իր TruthSocial սոցիալական ցանցի էջում։

Նա նաև հավելեց, որ ԱՄՆ զինված ուժերը վերսկսում են բոլոր իրանական նավերի և Թեհրանի «հաճախորդների» նկատմամբ շրջափակումը: Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն այժմ կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան»: Այս միջոցառումն ուժի մեջ կմտնի «անմիջապես», – հավելեց Թրամփը։

«Մենք վերահսկողություն ենք ստանձնում նեղուցի նկատմամբ: Նրանք (Իրանը – խմբ.) ոչինչ չունեն», – ասաց նա նույն օրը Fox News-ի եթերում: Թրամփը նաև հայտարարեց Իրանի դեմ նոր հարվածների մասին: Նա ընդգծեց, որ կողմերը նախկինում համաձայնության էին եկել, բայց Թեհրանը խախտել էր գործարքի պայմանները։

Իր հերթին, Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ թույլ չեն տա ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցի կառավարմանը: Sky News-ի փոխանցմամբ, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության խոսնակը ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի նավարկության անվտանգությանը սպառնացող ցանկացած խախտման կամ սպառնալիքի, որը տեղի է ունենում սահմանված երթուղիներից դուրս և առանց իրանական իշխանությունների թույլտվության:

Ավելի վաղ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ փակում են Հորմուզի նեղուցը «մինչև ԱՄՆ միջամտությունը դադարի»: Իրանը նաև հարձակվել էր Պարսից ծոցի մի քանի պետություններում գտնվող ամերիկյան բազաների վրա: