«Դիզակի գույները» սիմպոզիումը՝ օգոստոսի 10–16-ին Կապանում և Գորիսում

«Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Դիզակի գույները» միջազգային 6-րդ նկարչական սիմպոզիումի անցկացման մասին, որը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 10–16-ը Սյունիքի մարզում՝ Կապան և Գորիս քաղաքներում։ Միջազգային նախաձեռնությունը կրկին կհամախմբի Հայաստանից և արտերկրից ժամանած նկարիչների՝ համատեղ ստեղծագործելու, փորձի փոխանակման և հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման շուրջ։

«Դիզակի գույները» սիմպոզիումը հիմնադրվել է «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ նպատակ ունենալով արվեստի միջոցով ներկայացնել Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Տարիներ շարունակ այն անցկացվել է Դիզակի պատմական տարածքում՝ համախմբելով տարբեր երկրների նկարիչների, որոնք իրենց կտավներում արտացոլել են Արցախի բնությունը, ճարտարապետությունը, մշակույթն ու մարդկանց առօրյան։ Ստեղծված աշխատանքները հետագայում ներկայացվել են ցուցահանդեսներում Հայաստանում և արտերկրում՝ դառնալով մշակութային երկխոսության և հանրային դիվանագիտության կարևոր գործիք։

2023 թվականի բռնի տեղահանումից հետո, երբ արցախահայությունը զրկվեց հայրենիքում մշակութային կյանքը շարունակելու հնարավորությունից, «Դիզակ Արտ»-ը որոշեց չդադարեցնել տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը։ Սիմպոզիումը տեղափոխվեց Հայաստան՝ պահպանելով իր անվանումը և գաղափարախոսությունը։

Այս տարի միջոցառման հատուկ հյուրն է Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած նկարիչ Ֆավազ Առնոն: