Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

 Sputnik. Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները:

Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։

«Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին։ Փառատոնի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին։
Ստանալով մրցանակը՝ Օհանյանը խոստովանեց, որ իր համար հատկապես կարևոր է ճանաչում ստանալ հենց Հայաստանում:
«Ես շատ մրցանակներ եմ ստացել, բայց ինձ համար մեծ արժեք է այս մրցանակը ստանալ այստեղ՝ Հայաստանում, քանիոր ինձ համար ամենակարևորն այն է, որ ես հայ եմ։ Դա իմ տասնամյա երազանքն էր։ Շնորհակալություն, որ օգնեցիք այն իրականացնել», – ասել է նա։
Այս տարի փառատոնն անցկացվել է հուլիսի 13-19-ը։ Հանդիսատեսին ներկայացվեցին տասնյակ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև տեղի ունեցան վարպետության դասեր, հետահայաց ցուցադրություններ և հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ: