Արցախցի Յուրի Ղազարյանը «Summer Fest Kobuletti 2026» միջազգային մրցույթի հաղթող

Արցախցի պատանի երգիչ Յուրի Ղազարյանը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային բեմում։ Վրաստանի Քոբուլեթի քաղաքում անցկացված Summer Fest Kobuletti 2026 միջազգային մրցույթում Վաղարշապատ երգի-պարի թատրոնի սանը, հանդես գալով իր տարիքային խմբում, արժանացել է առաջին մրցանակի։

Մրցութային ուղևորության ընթացքում Վաղարշապատ երգի-պարի թատրոնի սաները մասնակցել են նաև Բաթումում կազմակերպված մրցույթ-համերգին, որտեղ խմբակային երգով նվաճել են Գրան-Պրին։ Այսպիսով, ստեղծագործական խումբը հայրենիք է վերադարձել նոր հաղթանակներով և արժանի գնահատականներով։

Յուրի Ղազարյանը Վաղարշապատ երգի-պարի թատրոն է հաճախում ընդամենը յոթ ամիս, սակայն այդ ընթացքում արդեն հասցրել է աչքի ընկնել իր տաղանդով և գրանցել մի շարք հաջողություններ։ Նրա երազանքն է դառնալ ճանաչված երգիչ, ելույթ ունենալ աշխարհի հեղինակավոր բեմերում և իր արվեստով բարձր պահել արցախցու անունն ու պատիվը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ