Ռուբիոն հանդիպել է Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում հանդիպման ժամանակ քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը։

ՌՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ անդրադառնալով Ուկրաինայի հարցին, Լավրովը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է «Կիևի ռեժիմին հետագա զինելու անթույլատրելիությունը և եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը, որոնք շարունակում են ձգտել «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին»։

Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է հավատարիմ մնալ այն առաջարկներին, որոնք ամերիկյան կողմը ներկայացրել էր Անքորիջում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում, և որոնց ռուսական նախագահը տվել էր իր համաձայնությունը։

Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել արտաքին գործերի նախարարությունների միջև շփումները, այդ թվում՝ երկու երկրների միջազգային կազմակերպություններում մասնակցության միջոցով։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆիլիպիններում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ քննարկել է նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին ԱՄՆ նախատեսվող այցի նախապատրաստությունը՝ սպասվող այցը անվանելով «շատ դրական»։ Ռուբիոյի խոսքով՝ կողմերը խոսել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր դիվանագետների գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը Ռուբիոն ընդգծել է՝ թեև Վաշինգտոնն ու Պեկինը տարաձայնություններ ունեն, դրանք պետք է կառավարել և թույլ չտալ, որ վերահսկողությունից դուրս գան։

«Այժմ մինչև սեպտեմբեր մեր անելիքն է՝ հստակեցնել, թե որոնք են այդ ոլորտները, որպեսզի կարողանանք հիմքեր նախապատրաստել շատ դրական այցի համար… մենք շատ ենք խոսել այդ մասին», – նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Կան ոլորտներ, որտեղ լուրջ տարաձայնություններ կան։ Երկու կողմերն էլ դա ընդունում են։ Մենք ստիպված կլինենք անցնել դրանց միջով, և կարծում եմ՝ այս տարաձայնությունները տեսանելի ապագայում պահպանվելու են, – ասել է Ռուբիոն՝ հավելելով․ – Ակնհայտ է, որ միշտ պաշտպանելու ենք մեր ազգային շահերը, և ակնկալում եմ, որ իրենք էլ նույնն են անելու՝ ըստ իրենց մոտեցումների, բայց կարծում եմ՝ կան հնարավոր համագործակցության որոշ ոլորտներ»։

Ին անմիջապես չի մեկնաբանել ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպումը։ ԱԳՆ-ից դեռ հաղորդագրություն չեն տարածել բանակցությունների առնչությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանդիպել էին մայիսի 14-ին Պեկինում։ Բանակցությունների օրակարգում առանցքային են եղել առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաև միջազգային անվտանգության թեմաները՝ Իրանի և Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։

Հենց այս հանդիպման ժամանակ էլ Թրամփը Սիին հրավիրել է սեպտեմբերի 24-ին այցելել Սպիտակ տուն: