
Step1.am-ի զրուցակիցն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Սկիզբը՝ այստեղ
-Տիկին Ղարագյոզյան, ի՞նչ լուծում է տրվելու արցախցի փոքր կազմով ընտանիքների խնդրին։ Այս տարվա հուլիսի մեկից ուժի մեջ մտավ կառավարության նոր որոշում, ըստ որի՝ 1-3 հոգանոց խոցելի կարգավիճակ ունեցող ընտանիքների համար կգործի երկարաժամկետ վարձակալության ծրագիրը։ Իսկ մյուս ընտանքների համար ի՞նչ լուծում է նախատեսվում՝ հաշվի առնելով այն, որ այդ ընտանիքներն ասում են՝ հավաստագրի գումարով չեն կարողանում բնակարան ձեռք բերել։
– Երբ ընհանուր դժգոհությունը լսում ենք, որ անհնար է 1-3 կազմով ընտանիքների կողմից հավաստագրերի իրացումը, այդ մտահոգությանը մի փոքր հակադարձեմ իմ թվերով։ Մենք այսօր ունենք մեկ անձով 128 ընտանիք, ովքեր արդեն իրացրել են հավաստագիրը որևէ մարզային բնակավայրում, ընդ որում, 72-ը՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Արմավիրում ունենք իրացված հավաստագրեր, այլ մարզերում էլ, իսկ սահմանամերձ մարզերում, միանշանակ, 4 մլն կամ 5 մլն դրամով կարող են փոքրիկ բնկարան կամ նույնիսկ անհատական բնակելի տուն գնել։ Ունենք 2 անձով 331 ընտանիք, ովքեր իրացրել են հավաստագիրը, որից 191-ը՝ կրկին 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Երեք անձով՝ 454 ընտանիք, որից 257-ը 100 տոկոս սուբսիդավորմամբ իրացրել են հավաստագրերը։ Եվ 619 ընտանիք էլ 4 անձով են իրացրել հավաստագրերը, 315-ը՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ։
Իսկ մնացած 5 և ավելի անդամ ունեցող ընտանիքները, որոնց թիվը 1889 է և իրացրել են հավաստագրերը, նրանցից 1102-ն են 100 տոկոսով սուբսիդավորվել։ Այսինքն՝ կեսից ավելին որևէ լումա չի ներդնում, որպեսզի գույքը ձեռք բերի։ Ասեմ ավելին, բավականին մեծ թվով հայրենակիցներ ունենում են դրական մնացորդ, որը կարողանում են ուղղել տվյալ գույքի վերանորոգմանը, կահույքի, կենցաղային տեխնիկայի կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը։ Այդպիսի ընտանիքների թիվը 1000-ից ավելի է։
Այսինքն՝ ըստ էության, հնարավոր է իրացնել հավաստագիրը, այլ բան է, թե մենք ինչ տուն ենք ցանկանում, որովհետև, եթե ցանկանում ենք Երևան կամ շատ երևանամերձ բնակավայր, որտեղ ոչ թե աջակցության գումարն է քիչ, այլ տան արժեքներն են բարձր, դա այլ հարց է։ Աբովյան քաղաքում նույն Երևան քաղաքի գներն են, եթե ոչ ավելի բարձր։ Բայց եթե նախընտրենք Երևանից մի փոքր ավելի հեռավոր, առավել ևս գյուղական բնակավայրերը, ապա այդ փոքր կազմով ընտանիքների համար էլ իրատեսական է տուն գնելը։
Ներկայումս բազմաթիվ շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են շինարարություններ, փոքրիկ տներ են կառուցվում, շենքեր են կառուցվում, որտեղ փոքրիկ բնակարաններ են, և, այո, այդ դեպքում ևս հնարավոր է տեղավորվել հավաստագրի գումարի մեջ։
Բայց մենք պետք է հստակ հասկանանք՝ եթե ցանկանում են Երևան կամ երևանամերձ քաղաքային բնակավայր, համեմատաբար մեծ մակերեսով բնակարան, կամ պետք է ունենան ֆինանսական մասնակցություն, որը ծրագրով արգելված չէ, այսինքն՝ 100 տոկոս սուբսիդիային չապավինեն, կամ պետք է փորձեն գույքը ձեռք բերել Երևանից մի փոքր ավելի հեռավոր մարզային, այն էլ գյուղական բնակավայրում, որպեսզի նույնիսկ փոքր կազմով ընտանիքը կարողանա 100 տոկոս սուբսիդավորմամբ գույքը ձեռք բերել։
-Այսինքն՝ առաջիկայում կառավարությունն այս ուղղությամբ նոր փոփոխություններ չի՞ նախատեսում։
-Այս ուղղությամբ նոր փոփոխություններ չենք նախատեսում, քանի որ խնդիրը դեռևս օբյեկտիվորեն արձանագրված չէ, որ կա խնդիր, կա խոչընդոտ։ Եվ մենք նաև ունենք ընտանիքների արհեստական տրոհման ռիսկ։ Այսինքն՝ այն օրվանից, երբ կորոշվի, որ, օրինակ, փոքր կազմով ընտանիքներին հասնում է որևէ արտոնություն, մեր կանխատեսումներն այնպիսին են, որ մենք կունենանք ընտանիքների արհեստական տրոհում, ինչն անթույլատրելի է։ Եվ եթե նույնիսկ այստեղ փորձենք վերահսկողություն մտցնել և դնել սահմանափակումներ, մենք դրանով կսահմանափակենք իրական փոքր կազմով ընտանիքների իրավունքները։
Այսօր տարբերակումը մի փոքր բարդ է, որովհետև տվյալները թվայնացված չեն, ամուսնությունների, ամուսնալուծությունների բազաներն ամբողջական չեն, և երբ մարդիկ տեղահանվել են այդ տեղահանության փաստն արձանագրելիս, ցավոք, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ընտանիքի կազմ չի ֆիքսվել։ Այսինքն՝ երբ մարդկանց հաշվառել են, չեն ֆիքսել՝ ով ում հետ է ընտանիք, և այսօր չունենք ընտանիքի կազմ, ունենք ուղղակի անձանց քանակ։
–Այսինքն՝ կանխատեսում եք, որ ընտանիքները կբաժանվեն ու կսկսեն արտոնոնությունից կրկնակի՞ օգտվել։
-Այո, և դա հսկայական ռիսկ է։ Նույնիսկ այս բոլոր սահմանափակումներով հանդերձ մենք նկատում ենք, որ էլի ունենում ենք խնդիրներ, փորձում են որևէ կերպ շրջանցել օրենքը, բայց մենք և, փառք Աստծո, մեր գործընկեր ֆինանսական կազմակերպություններն ամեն կերպ կանխում են այդ վարքագիծը։ Սա այն փուլն է, որ դեռևս ծայրահեղ խնդիր չէ դա մեզ համար, և մենք կարող ենք մեզ թույլ տալ ծրագիրն այդ մասով դեռևս չվերանայել։ Երբ մենք կունենանք մի իրավիճակ, որ իսկապես կմնան մի խումբ ընտանիքներ, որոնք իսկապես հենց այդ փոքր կազմն ունեն, և որևէ տարբերակ չկա, գուցե արդեն ընտանիք առ ընտանիք վերլուծություններ կարվեն և կհասկանանք՝ ի՞նչ մեխանիզմներ կարող ենք կիրառել։
Բնականաբար, մենք ծրագիրը չենք համարի ավարտված այնքան ժամանակ, քանի դեռ որևէ տեղահանված անձ, ով չունի անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում, ծրագրից օգտված չի լինի։ Այսինքն՝ երբ բոլորը կօգտվեն ծրագրից, մենք այդ ժամանակ կհամարենք, որ ծրագիրն ավարտել ենք։ Քանի դեռ մենք ունենք գեթ մեկ ընտանիք, ով բավարարել է ծրագրի պահանջները, բայց չի օգտվել ծրագրից, մենք կմտածենք իր համար էլ որևէ լուծում ունենալ, որովհետև մենք մեկ անձի հաշվարկով էլ որոշում կայացնում ենք և վերանայում ենք ծրագիրը։
-Ունե՞ք արդեն վիճակագրություն՝ հուլիսի մեկից մեկնարկած ծրագրին քանի՞ փոքր կազմով ընտանիք է դիմել, այսինքն՝ հրաժարվել սերտիֆիկատից և համաձայնվել 10 տարի 40+10 հազ․ գումար ստանալ։
-Դեռ չենք ամփոփել, քանի որ նոր է մեկնարկել ծրագիրը, ամսվա վերջին արդեն կամփոփենք։ Ինքնաշխատ շատ տվյալներ ենք ստանում, համադրումները շատ են, ներկայումս ամփոփման փուլ է։ Չեմ կարող ասել, որ դիմումները շատ են, որովհետև ամեն դեպքում հավաստագրի իրացումը շատ ավելի ցանկալի է, հարմար է, որովհետև արդյունքում ինքն ունենում է տուն։ Իսկ երկարաժամկետ վարձակալության ծրագիրը 10 տարի ժամկետով է, և գույցե մի քիչ լավ չհնչի, բայց այդ ծրագրից հիմնականում նախընտրում են օգտվել այն մարդիկ, ովքեր առավելագույնը 10 տարվա կյանքի կանխատեսում ունեն։ Այսինքն՝ ավելի տարեց ու միայնակ անձինք են դիմում, իսկ նրանց թիվն իրականում շատ չէ։
– Արցախցիները հենց բռնի տեղափոխվելուց հետո բարձրաձայնում են այդ հարցը, ասում են՝ ի՞նչն էր խանգարում փոքրիկ ավաններ կառուցել, որպեսզի իրենք կարողանային համայնքով բնակվել, որպեսզի իրենց բարբառը, մշակույթը պահպանվեր։ Կառավարությունից պաշտոնապես ասել են՝ չեն ուզում, որ արցախցիները գետտո ստեղծեն, այսինքն՝ ինչ-որ վախե՞ր կան, որ արցախցիները կարող են համայնքով բնակվել։
-Իրականում, երբ խոսում են գետտոյացման մասին, ոչ թե վախ կա կառավարության մոտ, որ արցախցիները կշատանան ինչ-որ տեղ, այլ գետտոյացումը հոգեբանական տեսանկյունից է սխալ։ Բազմաթիվ հոգեբաններ, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ, ասում են, որ դա հենց արցախցիների համար է վատ։ Այսինքն՝ իրենց ինտեգրումը հայաստանյան հասարակությանը շատ ավելի բարդ կլինի, եթե իրենք այդպես համայնքով առանձին ապրեն։
Ուզեն թե չուզեն, իրենք պիտի ապրեն Հայաստանում, հաշվի նստեն բոլոր մյուս քաղաքացիների հետ և իրենց իրավունքներից բացի, չմոռանան նաև իրենց պարտականությունների մասին։ Այսինքն՝ միայն ֆիզիկապես իրենց գտնվելու փաստը չէ, դրանից բխող բազմաթիվ հարցեր կան, և գետտոյացման դեպքում շատ ավելի դժվար են լինելու այդ խնդիրների լուծումները։
Կառավարությունը որևէ վախ չունի, և այսօր իրենք ազատ են բնակվել համայնքով, այսինքն՝ եթե այսօր իրենք որոշեն 1000 հոգով իքս բնակավայրում սերտիֆիկատով տներ կառուցել, որևէ մեկն իրենց արգելել չի կարող, և որոշումը որևէ սահմանափակում այս առումով չունի։ Բայց պետությունն ինքը չի կառուցի և չի ուղղորդի, որովհետև մենք կունենանք նաև ռիսկ, որ պետությունը ուղղորդեց շահառուին տվյալ բնակավայր գնալ։ Քավ լիցի, պետությունը որևէ մեկին չի ուղղորդում, և դա բացառապես իրենց հնարավորություններն ու ցանկությունն է, եթե ունեն հնարավորություն Երևանում գնել բնկարան՝ գումար ավելացնելով, թող գույքը ձեռք բերեն Երևանում։ Եթե ցանկանում են 1000 հոգով գնալ Տավուշ, միայն ողջունելի է, որովհետև Տավուշում 5 միլիոն դրամ է հավաստագրի արժեքը, և շատ ավելի լավ թաղամաս կկառուցեն։
-Օրերս էլ տեղեկություն եղավ, որ Ոսկեհատ բնակավայրում արցախցիների համար թաղամաս է կառուցվում, պետությունը որևէ մասնակցություն ունի՞ նման նախաձեռնություններին։ Եվ ի՞նչ կասեք սոցիլական բնակարանաշինության մասին, պետությունը նման ծրագրեր ունի՞։
-Այո, Ոսկեհատի դեպքը կա, կան նաեւ այլ բնակավայրեր։ Ես գիտեմ, որ Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում, Զովունիում և այլ համայնքներում այդպիսի նախաձեռնություններ շատ կան։ Դրանք մասնավոր նախաձեռնություններ են, և դա որևէ կերպ չի խաչվում, հակասում մեր ծրագրին, այսինքն՝ նույն հավաստագրի գումարն է, նույն աջակցության գումարն է, նույն շահառուն է, ուղղակի ինքը նախապատվությունը տվել է կառուցապատման բաղադրիչին։
Շատերն այդ բաղադրիչը չեն նախընտրում, քանի որ պետք է սպասեն, իսկ սպասելը ենթադրում է վարձակալության հիմունքներով բնակվել, ինչը հավելյալ ծախս է ընտանիքի համար։ Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում սպասել, երկրորդային շուկան են նախընտրում, այն մարդիկ, ովքեր սպասելու խնդիր չունեն, նախընտրում են առաջնային շուկան։ Եվ այն մարդիկ, ովքեր հենց այդ համայնքային բնակեցման տարբերակի ջատագովն են, սպասում են, որպեսզի իրենց համար տներ կառուցվեն։
Օրինակ՝ ես գիտեմ, որ Հադրութի մեր հայրենակիցները ևս այս պահին հենց այդպիսի մի նախաձեռնության մեջ են։ Եվ իրենք ակնկալում են, որ առաջիկայում որևէ շինարարական կազմակերպության հետ կկառուցեն իրենց երազանքի համայնքը և կբնակվեն համայնքով։
Պետությունը որևէ կերպ ոչ վախենում է, ոչ էլ խոչընդոտում է, ընդհակառակը, մեր ծրագիրն այնպես է մշակվել, որ որևէ սահմանափակում նման նախաձեռնությունների դեպքում չկա։ Մենք միայն ունենք հստակ պահանջներ, որ պիտի Քաղաքաշինության կոմիտեն նախագծա-նախահաշվային փաստաթղթերին տա համաձայնություն, կառուցապատողն էլ պետք է լինի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որպեսզի հենց նույն շահառուները հետագայում խնդիր չունենան ավարտական ակտեր և այլն ստանալու հարցում։
Ինչ վերաբերվում է սոցիալական բնակարանաշինությանը, ապա դա մի փոքր այլ երևույթ է։ Այսինքն՝ համայնքներով բնակեցման պահանջը սոցիալական չէ, դա ամեն դեպքում լինելու է իրենց սեփականությունը։ Իսկ սոցիալական բնակարանները սեփականության իրավունք չեն ենթադրում, այլ ուղղակի ցմահ անհատույց բնակվելու տրամաբանության մեջ են։
Ներկայումս նախարարության կողմից ակտիվ իրականացվում են այդ աշխատանքները, արդեն մի մասը նախագծային փուլում են, մի մասը շինարարության փուլում են, և մենք ակնկալում ենք, որ մինչև 2027 ավարտը 1000-ի կարգի սոցիալական բնակարան կունենանք, որը միայն տեղահանվածների համար չէ։ Ծրագիրը բոլորի համար է, հստակ չափանիշներ կան, որոնց ընտանիքը պետք է բավարարի, բնականաբար, առաջինն անապահովության կարգավիճակը կլինի։
Տեղահանվածները ևս, եթե կբավարարեն այդ պահանջներին և կհրաժարվեն հավաստագրից, կկարողանան տեղավորվել ծրագրում, բայց մեկ գիտակցմամբ, որ դա սեփականության իրավունք չի ենթադրում։ Այսինքն՝ բոլոր առավելություններով հանդերձ, հավաստագրով ձեռք բերված գույքը սեփականության իրավունք է և, բնականաբար, 10 տարի հետո, երբ որ ինքն արդեն գրավի առարկա չի լինի, շահառուն կարող է տնօրինել իր գույքը ինչպես կցանկանա։
-Բնակապահովման ծրագրում առաջիկայում նոր փոփոխություններ նախատեսվո՞ւմ են։
-Ոչ, որովհետև վերջին փոփոխությունը հունիս ամսին եղավ, և նախորդիվ արձանագրված բոլոր խնդիրներին անդրադարձել ենք։ Ես օբյեկտիվորեն պիտի հիմա ասեմ, որ մենք այս պահին չունենք մեր սեղանին դրված որևէ խնդիր, որի պատճառով պետք է փոփոխենք ծրագիրը։ Եթե կունենանք այդպիսի խնդիր, բնականաբար, կանդրադառնանք, կքննարկենք, եթե լուծումները կառավարության համար ընդունելի կլինեն, իհարկե, կանդրաադառնանք։ Մեր վերջին՝ հունիսի 25-ի փոփոխություններից հետո որևէ նոր խնդրի մասին որևէ արձագանք չենք ստացել։
–Դուք ասում եք՝ պետությունը չի ուղղորդում բռնի տեղահանվածներին, թե որտեղ տուն գնեն, բայց բնակապահովման ծրագրով ստեղծված է իրավիճակ, որ մարդկանց անուղղակիորեն ուղղորդում են։ Այսինքն՝ եթե ֆինանսավորման չափն այնքան է, որ մարդիկ չեն կարող մեծ քաղաքներում ու Երեւանում բնակարան գնել, դա ուղղորդո՞ւմ չէ։ Երբ կառավարության անդամներն ասում են՝ թող արցախցիները գնան սահմանամերձ մարզերում ապրեն, այնտեղ գումարի չափը բարձր է, դա ուղղորդո՞ւմ չէ։
-Տեսեք, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում տները շատ ավելի թանկ են, քան նույն երևանամերձ մարզերի գյուղական բնակավայրում։ Բայց այնտեղ էլ է 4 միլիոն դրամ աջակցության չափը, այստեղ էլ։ Արդեն ակնհայտ է, որ մենք չենք ուղղորդում այնտեղ, որովհետեւ այստեղ ավելի էժան են գները։ Դա բացառապես իրենց ցանկությունն է, հասկանո՞ւմ եք, եթե մենք և այնտեղ, և այստեղ դրել ենք նույն արժեքները, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սյունքի քաղաքներում շատ ավելի թանկ են տան արժեքները, քան այստեղ գյուղերում, իրենց ցանկությունն է, թե որտեղ գնեն։
Այստեղ վերաբերմունքն է գյուղական բնակավայրի նկատմամբ, որովհետև մենք հաճախ լսում ենք, որ հատկապես Ստեփանակերտից տեղահանվածները բացառապես քաղաքում են ուզում ապրել։ Բայց Գորիսը ևս քաղաք է, Գյումրին քաղաք է, Վանաձորը քաղաք է, այսինքն՝ Ստեփանակերտի այլընտրանքը Երևանը չէ, դա պիտի քաջ գիտակցենք բոլորս։
Երբ մենք մարդկանց ասում ենք՝ մարզ, դա ավտոմատ գյուղը չէ, մենք մարզային քաղաքային մեծ թվով բնակավայրեր ունենք, որոնք այսօր զարգանում են, պետությունը ջանք ու եռանդ չի խնայում այդ քաղաքային ու գյուղական բնակավայրի զարգացման համար՝ ենթակառուցվածքներն են վերանորոգվում, զրոյից ստեղծվում, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում, առաջիկայում նաև զբաղվածության խնդիրները կլուծվեն։ Այսինքն՝ սա գլոբալ խնդիր է, որը պետություն միայն տեղահանվածների համար չի անում, սրանք երկրի մակարդակով ռազմավարական նշանակություն ունեցող գործողություններ են, որոնք արվում են։ Եվ, այո, մենք գտնում ենք, որ մարզային քաղաքային բնակավայրում ևս պիտի բնակեցվեն մարդիկ, որովհետև հասկանում ենք, որ Երևանն արդեն իրեն սպառել է, և այսօր մենք լուրջ խնդիր ունենք Երևանում բոլոր առումներով՝ և էկոլոգիական, և զբաղվածության։ Երևանն արդեն խնդրահարույց քաղաք է, և մենք լուրջ աշխատանք ունենք տանելու բեռնաթափման ուղղությամբ։ Եվ բեռնաթափման քայլերից մեկը հենց սա է։
Մեզ մեղադրում են արցախցիներին սահման ուղարկելու մեջ, բայց մենք տեղացիների համար ունենք սահմանամերձ բնակավայրերի բնակարանաշինության ծրագիր՝ 16 միլիոնների ծրագիրը, որի համար հիմա կռիվ է, որ նորից վերաբացենք ծրագիրը։ Այսինքն՝ քվոտաները չեն բավականացնում, մեծ պահանջարկ ունի ծրագիրը, ինչը ծրագրի նախնական փուլում մենք չէինք էլ կարող պատկերացնել, որովհետև մենք ռիսկ էինք տեսնում, որ ծրագիրը կձախողվի։ Բայց արի ու տես, որ ոչ։ Այսինքն՝ այդ վախը սահմանամերձ բնակավայրերից և այն, որ միայն տեղահանվածներին է պետությունն ուղղորդում սահմանամերձ բնակավայրեր, աղերս չունի իրականության հետ։ Մեր բազմաթիվ տեղացի հայրենակիցներ այսօր երազում են, որ պետությունն իրենց հնարավորություն տա սահմանամերձ գյուղական բնակավայրում օգտվել 16 միլիոնների ծրագրից։
Կառավարությունը չի ուղղորդում, մենք ընդամենը խրախուսում ենք, ընտրությունն էլի իրենցն է, և մեր ցուցանիշները վկայում են, որ իրենք, միևնույն է, ընտրում են այն, ինչը ցանկանում են, և երևանամերձ բնակավայրերի մեր մեծ թվերը հենց դրա մասին են վկայում։ Մեր վերջին փոփոխությունը, երբ որ 3 մլն դրամը դարձավ 4 մլն դրամ, իսկապես սպասված էր մեր հայրենակիցների համար և տվեց ցանկալի արդյունք։ Ինչպես նշել ենք, առաջին տեղում Կոտայքի մարզն է, որտեղ իրացվել է 903 հավաստագիր։
Ռոզա Հովհաննիսյան