Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին, բայց շտապեցրեց հանրաքվեի հարցոմ

Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առաջացող խնդիրները հանդիսացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի թեման։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկուշաբթի օրվա զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում առաջացող խնդիրների շուրջ։

«Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ հայկական ծագում ունեցող ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են հայ-ռուսական իրավական շրջանակին և Եվրասիական տնտեսական միության նորմերին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ին միանալու վերաբերյալ Հայաստանում անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ համազգային քվեարկություն կարող է անցկացվել միայն այն բանից հետո, երբ Երևանը պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ին և մանրամասնի այդ հարցը։

«Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը լուծելու այդ խնդիրները բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։

«Վլադիմիր Պուտինը վերահաստատեց իր հավատարմությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը, որը ընդունվել էր 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանը միանալուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծվեց Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ», – հաղորդել է Կրեմլի կայքը։ 

Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Պուտինը այդպես էլ չի շնորհավորել Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, սակայն ընտրություններից հետո առաջին իսկ զրույցում շտապեցրել է հանրաքվեի անցկացման հարցում։