
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․
«Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը։Այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում։ Մարտկոցները, որոնք կուտակում են արևային էներգիան և երեկոյան բաշխում բնակչությանը, սկսել են արտադրվել մի հումքից, որը շատ տարածված է մեր երկրում՝ աղից։
Նատրիումային (աղային) ակումուլյատորները շատ էժան են ու էֆեկտիվ և կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը։Հնդկական Reliance ընկերությունը 9 միլիարդ դոլար է ներդրել այս նախագծի մեջ և մինչև հաջորդ տարվա սկիզբ կկարողանա մեկնարկել այս հարցի լուծումը։
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է։ Մեզ մնում էր միայն ունենալ մեծ ընկերություններ, որոնք ներդրումներ կանեին այս ոլորտը զարգացնելու համար։ Իսկ մեր պետության ղեկավարը 40 տարի առաջ կառուցված ցեմենտի գործարան ու սպորտդահլիճ է պետականացնում։ Քյաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար»։
Նարեկ Կարապետյանը նաև տեսանյութ է հրապարակել հետևյալ բովանդակությամբ․
Վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 30%-ով՝ օրական 750 հազարից հասնելով կես միլիոն բարելի, իսկ առաջիկա վեց տարիներին, աշխարհում էլեկտրատրանսպորտին մասսայական անցնելու պատճառով, ածխաջրածինների գլոբալ սպառումը կհասնի իր գագաթնակետին և կսկսի նվազել։
Նրա խոսքով՝ Բաքվի իշխանությունների առանցքային խոցելիությունը երկրի բացարձակ կախվածությունն է հումքից, որը կազմում է արտահանման 90%-ն ու բյուջեի կեսը։ «Ի՞նչ է անելու այդ ընթացքում Ադրբեջանի կառավարությունը, որը լիովին կախված է նավթից ու գազից, չի ստեղծել նոր արդյունաբերական ձեռնարկություններ և չի ձևավորել ներառական տնտեսություն։ Այն սկսելու է հետ մնալ մեզանից», — ընդգծել է Կարապետյանը։ Կուսակցության խորհրդի անդամը հավելել է, որ էներգակիրների գների անկումն անխուսափելիորեն կհարվածի Բաքվի ռեժիմին՝ ճիշտ աշխատանքի և ուժեղ իշխանության շնորհիվ Հայաստանին հնարավորություն տալով կրճատել տնտեսական ճեղքվածքը։
Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ ադրբեջանական տնտեսության անխուսափելի անկման պայմաններում Հայաստանը պատմական հնարավորություն է ստանում առաջ անցնել՝ ճիշտ կառավարման և ռեսուրսների համախմբման հաշվին։ «Օգտագործելով մեր ողջ ազգային ներուժն ու Սփյուռքի հնարավորությունները՝ մենք կկարողանանք շրջանցել հումքային կախվածության պատճառով հետ մնացող հակառակորդին», — ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը՝ խոստանալով իր հաջորդ ուղերձներում մանրամասն ներկայացնել այդ ներուժի իրացմանն ուղղված գործողությունների հստակ ծրագիրը։