10-ամյա արցախցի Ալեքս Նազարյանը՝ ՄՄԱ աշխարհի չեմպիոն

Հուլիսի 25-ից Եգիպտոսի Կահիրե քաղաքում անցկացվող ՄՄԱ մարզաձևի աշխարհի առաջնությունում Արցախի Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքից տեղահանված Ալեքս Նազարյանն իր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը։

Ալեքսը Հայաստանը ներկայացրեց Աշտարակի LEGON FAYT KLUB թիմի կազմում, որի մարզիչն է Մարտին Ասլանյանը։ Աշխարհի առաջնության հաղթական պատվոհարթակին կանգնած փոքրիկ չեմպիոնը հպարտությամբ բարձրացրեց Արցախի դրոշը։ Այդ խորհրդանշական պահը դարձավ լուռ, բայց հզոր ուղերձ ամբողջ աշխարհին, որ արցախցու ինքնությունը, արժանապատվությունն ու հաղթելու կամքը վեր են ցանկացած փորձությունից։

Տեղահանության ծանր ճանապարհն անցած այս երեխան այսօր դարձել է հազարավոր հայ երեխաների հույսի ու ոգեշնչման խորհրդանիշ։ Նրա հաղթանակը վկայում է, որ հայրենի հողի հանդեպ սերն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շնորհավորում ենք Ալեքս Նազարյանին, նրա ընտանիքին, մարզիչ Մարտին Ասլանյանին և ամբողջ LEGON FAYT KLUB թիմին այս նվաճման համար։

Թող այս հաղթանակը լինի նոր հաղթանակների սկիզբ, իսկ Ալեքսի օրինակը հիշեցնի բոլորին, որ արցախցի երեխան կարող է կորցնել տունը, բայց երբեք չի կորցնում իր երազանքներն ու հաղթելու կամքը։

Կարինե Բախշիյան