«Կանանց կենտրոն. Շուշի».«Մունք՝ մեր մասին»

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, «Կանանց կենտրոն. Շուշի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Մունք՝ մեր մասին» հերթական միջոցառումը:
Հուլիսին հանդիպումներ տեղի ունեցան Արագածոտնի մարզի Օշական ու Կոտայքի մարզի Հրազդան համայնքներում։
Օշականում անդրադարձանք համացանցային
զեղծարարություններին ու դրամաշորթությանը, որոնցով թիրախավորում են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։
Զեղծարարների ամենաթարմ խաբեությունները ներկայացրինք հանդիպման մասնակիցներին՝ խոսելով, թե ինչպես են էլեկտրոնային ստորագրություն ունենալու պատրվակով իրենց ծուղակը գցում մարդկանց։
Ներկայացրեցինք՝ ինչպես տարբերակել հավաստի ու կասկածելի հաղորդագրությունները, վտանգավոր հղումները և ինչպես պաշտպանել անձնական տվյալները։
Հրազդանում կայացավ հանդիպում՝ «Կոնֆլիկտ. տեսակներն ու լուծման եղանակները» թեմայով։
Ի՞նչ երևույթ է կոնֆլիկտը, վերջինիս դրական ու բացասական կողմերը, տեսակները, լուծման իրական ելքերը հարցերի պատասխաններն ամրապնդվում էին մասնակիցների ակտիվ քննարկումներով։
Թեման մատուցվեց ոչ ֆորմալ կրթության մեթոդներով։ Յուրօրինակ փորձառություն էր ակտիվ լսողության զարգացմանն ուղղված ինտերակտիվ խաղը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային՝ սերտ համագործակցության համար։
«Մունք՝ մեր մասին» պարբերական հանդիպումների շարքը միտված է ստեղծել ապահով, վստահելի և զորակցող միջավայր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար։ Այս հարթակը հնարավորություն է տալիս կիսվելու անձնական փորձառություններով, բարձրաձայնելու խնդիրները և
ձևավորելու փոխընկալում՝ համայնքային զորացման միջոցով։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։