
Հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվեց միջազգային բաց առաջնությունը, որտեղ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվիրակությունը գրանցեց տպավորիչ արդյունքներ։ 44 հոգանոց պատվիրակության կազմում հանդես եկան 36 մարզիկներ, որոնցից 30-ը մրցում էին սանդա, իսկ 6-ը՝ թաոլու մրցաձևերում։ Հայ մարզիկները ընդհանուր հաշվով նվաճեցին 37 մեդալ՝ 27-ը սանդայում և 10-ը թաոլուում։
Առանձնահատուկ հաջողությամբ հանդես եկան Արցախից սերող երկու մարզիկներ՝ Դավիթ Հովհաննիսյանն ու Պավել Մանգասարյանը, որոնք դարձան իրենց քաշային կարգերի հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալների։
Երիտասարդների 52 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը վստահ ելույթներով բարձրացավ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ հերթական անգամ հաստատելով իր բարձր մարզական պատրաստվածությունը։ Դավիթը ուշուով զբաղվում է մանկուց և տարիներ շարունակ աչքի է ընկել տեղական և միջազգային մրցաշարերում՝ բազմիցս դառնալով Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Բաթումիի մրցաշարում նվաճած ոսկե մեդալը ևս մեկ կարևոր ձեռքբերում է նրա մարզական կենսագրության մեջ։
Հաջող ելույթ ունեցավ նաև պատանիների 60 կգ քաշային կարգում հանդես եկած Պավել Մանգասարյանը, որը գերազանցեց իր մրցակիցներին և դարձավ առաջնության հաղթող։ Նրա նվաճումը ևս կարևոր արդյունք է ինչպես անձնական կարիերայի, այնպես էլ արցախյան մարզական դպրոցի համար։
Բաթումիի միջազգային բաց առաջնությունում հաջողությամբ հանդես եկան նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ թե՛ սանդա, թե՛ թաոլու մրցաձևերում։