Պապիկյանին, Կոնջորյանին և այլոց “թույլ” և խոցելի վիճակում վերանշանակեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի քանի սկանդալային պատմություններ են ի հայտ եկել բանակում տիրող բարքերի մասին։

Զուգահեռ ընթանում է երեկ ԱԺ փոխնախագահ նշանակած Հայկ Կոնջորյանի շուրջ սկանդալային պատմությունները, կապված նրա եղբոր քրեական գործի, այնուհետ՝ կնոջ բարձր աշխատավարձի հետ։

Թեկուզ կարծիք կար, որ Պապիկյանին, Կոնջորյանին այս պատմություններից հետո չեն նշանակի, սակայն պարզվում է, որ նման կարգի խոցելի ղեկավարները ավելի “պահանջված” են, քանի որ անսահման լոյալ և կախյալ են դառնում։ 

Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Նարեկ Մկրտչյանի մասին, որին նշանակեցին՝ եղբորը “հանձնելուց” հետո։ Հիմա Մկրտչյանը քրտնաջան աշխատում է ԱՄՆ-ում, տեղի հայկական համայնքի հակառակ կապեր ստեղծելով ԱՄՆ-ի “ոչ ավանդական” շրջանակների հետ։

Հետաքրքիր պատմություն է կատարվել նաև փոխվարչապետ վերանշանակված Մհեր Գրիգորյանի շուրջ։ Քվեարկությունից մի քանի օր առաջ նա մասնակցեց ԵԱՏՄ գագաթնաժողովին, և դա ներկայացվեց որպես նրա “բենեֆիսը”՝ Հայաստանի հաջորդ վարչապետի դերում՝ 3 կուսակցությունների հաղթանակի դեպքում։ Չէ՞ որ Գրիգորյանի կառավարություն է եկել 2018-ին Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանից և նրա հետ հաճույքով աշխատում են ռուսները, բելարուսները և այլ։ Ծառուկյանն այդպես էլ չասաց, թե ով էր նրա վարչապետի թեկնածուն, կարելի է ենթադրել՝ հենց Գրիգորյանը։ Արդյունքում Բարգավաճ Հայաստանը “չանցավ” ԱԺ, Ծառուկյանը բանտում է, նրա բիզնեսը խլում են, և հիմա Մհեր Գրիգորյանը անասելի խոցելի վիճակում ստիպված կլինի բանակցել և ԵՏՄ-ի հետ, և Ադրբեջանի իր կոլեգայի, և ԱՄՆ-ի՝ ԹՐԻՓՓ-ի հաշվով։

Արայիկ Հարությունյանի պահով ևս “արտահոսք” կար, որ Փաշինյանը դժգոհ է նրա՝ որպես ՔՊ նախընտրական շտաբի պետի աշխատանքից։ Չէ որ Հարությունյանի “շնորհիվ” է, որ Փաշինյանը քվեարկությունից հետո գիշերվա 2-ին ստիպված եղավ անձամբ գալ շտաբ և հայտարարեր “հաղթանակի” մասին։ Թե չէ Հարությունյանը կարող էր տրվել ժողովրդավարական իլյուզիաներին և ճանաչեր ընդդիմության հաղթանակը։ Փաշինյանի այդ արարքը, ինչպես ասում է ընդդիմությունը, հավերժ խարան կլինի նրա ճակատին։ Հիմա “խարան դնող” Հարությունյնը ստիպված կլինի շարքային մանդատակիր դառնալ։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, կարելի է ենթադրել, որ նրա օգտակար գործողության գործակիցը այլևս բավարար չէր, և իմաստ չկար նրա շուրջ սկանդալ սարքել, հետո վերանշանակել։

Այսպիսով, վերանշանակված չինովնիկները ավելի հավատարիմ կծառայեն իր զարմանահրաշ կենսունակությունը ապացուցած Նիկոլ Փաշինյանին։