Ընդդիմությունը դեմ է “Ալիևի” Սահմանադրությանը․ մեր պետականությունը վերանալու է

Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանում վերջին երկու օրերին քննարկման առանցքում նոր Սահմանադրության նախագծի հետ կապված հարցն է։

Այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը բաց տեքստով հայտարարեց, որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղում Անկախության հռչակագրին, եւ որ ՔՊ-ն զրոից նոր Սահմանադրություն է գրել, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտարարեցին, որ եթե կատարվի Ալիեւի այդ պահանջը, վերջ կդրվի Երրորդ Հանրապետության գոյությանը։

Ընդդիմադիր պատգամավորները նաեւ հարցադրում են անում, թե ինչպե՞ս է ՔՊ-ն, չունենալով սահմանադրական մեծամասնություն, հաստատելու նոր Սահմանադրության նախագիծը։ Խորհրդարանը նախ պետք է հաստատի նախագիծը, որից հետո միայն այն պետք է դրվի ժողովրդական հանրաքվեի։ Այս հարցին ի պատասխան ՔՊ-ական պատգամավորներն ասում են, թե կբանակցեն ընդդիմադիրների հետ։ «Եթե ժողովուրդն ուզում է ունենալ նոր Սահմանադրություն, ապա արդյոք պատգամավորները կարո՞ղ են դրան ընդդիմանալ»,- ԱԺ նիստում հարցադրում արեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Կա տեղեկություն, որ ՔՊ-ն պատրաստվում է ժողովրդին կոչ անել հավաքվել ԱԺ շենքի մոտ ու հասարակական ճնշում գործադրել ընդդիմադիր պատգամավորների վրա, որպեսզի նրանք կողմ քվեարկեն նախագծին։

Ընդդիմադիր պատգամավորները սա շանտաժ ու հնազանդեցման քաղաքականություն են որակում՝ հայտարարելով, թե չեն ենթարկվելու ՔՊ-ի ճնշումներին։

«Այս պառլամենտը կարող է հաստատել Սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե դուք ունենաք մեծամասնություն։ Բայց դուք չունեք այդ մեծամասնությունը։ «Հայաստան» դաշինքին կողմ է քվեարկել մոտ 150 հազար ՀՀ քաղաքացի, նրանք մեզ չեն լիազորել, որ գանք ու կողմ քվեարկենք ալիեւյան Սահմանադրությանը։ Հետեւաբար, իսկապես, ես չես հասկանում՝ ի՞նչ տրամաբանությամբ եք ակնկալում, որ 2/3-րդ չունենալու պարագայում դուք պետք է այդ հարցը դնեք հանրաքվեի։ Մեզանից որեւէ մեկը չի պատրաստվում դրան «կողմ» քվեարկել։ Եվ եթե կուզեք, խորհրդարանի ներկայիս համամասնությունը, իր բոլոր խնդրահարույց կետերով հանդերձ, փրկօղակ է ձեր եւ Փաշինյանի համար՝ հերթական ստորացուցիչ զիջմանը չգնալու, քանի որ դրանից հետո Ադրբեջանի կողմից նոր պահանջներ են գալու»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա հայտարարեց, որ Սահմանադրության հարցը կարմիր գիծ է, եւ «Հայաստան» խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու օգտին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում ասաց, որ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես ալիեւյան պահանջ է, դա Ալիեւի Սահմանադրությունն է։

«Ամբողջ հարցն այն է, որ այն հանրաքվեն, որն ուզում եք մեզ համար նախանշել, նախ դրա համար չեք ստացել մանդատ, ինչ էլ անեք, դա ապօրինի, ոչ լեգիտիմ է լինելու։ Մեր Սահմանադրության մեջ կան մի քանի կետեր, որոնք անփոփոխելի են, եւ որեւէ հանրաքվե չի կարող դա փոխել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, չհասկանալով ինչ անել Ալիեւի այս պահանջի հետ, ձեւը գտել է՝ միակ ձեւը նոր Սահմանադրություն ունենալն է, որտեղ Անկախության հռչակագրին հղում չի լինի։ Դա նշանակում է կազմալուծել ու կազմաքանդել Երրորդ Հանրապետությունը, ստեղծել նոր ինչ-որ բան՝ Ալիեւի Սահմանադրությունը հիմքում դնելով։ Սիրելի քաղաքացիներ, ձեզ ուղղակի հանրաքվե չեն առաջարկում, ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դա արվում է մենակ նրա համար, որ Ալիեւի հագով Սահամանդրություն կարվի»,- ասաց Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը նաեւ նշեց, որ այդ հանրաքվեն չի կարող որեւէ լավ ելք ունենալ։ Անգամ եթե չընդունվի, դա վատ է մեզ համար։

«Այսինքն՝ մեր տարբերակը ալիեւյան Սահմանադրության այդ հանրաքվեին չհասնելն է։ Այստեղ է լինելու այս խորհրդարանի անկյունաքարային գաղափարական բախումն ու պայքարը։ Քաղաքացին այդ ձայնը չի տվել իշխող ուժին, ես չգիտեմ՝ այստեղ ինչ կմոգոնեն, բայց մեր առաքելությունն է դա թույլ չտալ։ Եթե ՀՀ-ն ունենում է Ալիեւի պահանջած Սահմանադրությունը, լինում է այն պետությունը, որը պատկերացնում  է Ալիեւը՝ ՀՀ-ն կորցնում է իր իմաստը։ Կորցնում է այն, ինչի համար հայերն ընտրում են Հայաստանի Հանրապետությունում ապրելը։ Ես ուզում եմ հասկանանք, թե ինչ ռումբ է դրվում մեր պետականության տակ»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

«Ուժեղ Հայաստան» խմաբակցությունը եւս հայտարարեց, որ կողմ չեն քվեարկելու Սահմանադրության նախագծին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց, որ այս պառլամենտը դառնում է չափազանց վտանգավոր մեր պետականության համար։ Նրա խոսքով՝ եթե Սահմանադրության նախագծում հղում չկա Անկախության հռչակագրին, սա նշանակում է, որ անգամ եթե կա նման մտադրություն, սա սպառնալիք է մեր պետության գոյության համար։

«Հայաստանի Հանրապետությունը դա վերացական հասկացություն չէ, դա պետական կազմավորում է, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով։ Եվ Անկախության հռչակագրի 12-րդ կետն ասում է, որ սույն հռչակագիրը հիմք է հանդիսանում ՀՀ նոր Սահմանադրության ընդունման կամ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար։ Այսինքն՝ ուզում է Սահմանադրությունը նոր ընդունվի, թե փոփոխվի, ուզում է դա արվեր 1995 թվականին, թե 2026-ին, դա չի կարող հղում չպարունակել Հայաստանի Անկախության հռչակագրին։ Որ պահին դա տեղի ունեցավ, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը վերանում է։ Հասկանո՞ւմ եք վտանգն ինչում է։ Ես ձեզ զգուշացնում եմ մեկ այլ կարեւոր փաստի մասին՝ Ադրբեջանում միամիտ չեն, նրանք շատ լուրջ են վերաբերում այս ամենին»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը բերեց Արցախի օրինակը․ «Ի՞նչ է լինում, երբ որ հայկական պետական կազմավորումը վերանում է, մենք այս իշխանությունների գործողությունների հետեւանքով իրենց պաշտոնավարման շրջանում տեսել ենք 2023 թվականին, երբ փաստացի վերացավ Արցախի Հանրապետություն պետական կազմավորումը։ Ի՞նչ եղավ դրանից հետո՝ այդ տարածքների վրա հաստատվեց ադրբեջանական իշխանություն, եւ բռնի տեղահանվեց այնտեղ բնակվող ողջ հայ բնակչությունը, բացառապես էթնիկ պատկանելության գործոնով։ Նույն վտանգը սպառնում է մեր պետությանը՝ եթե դուք համաձայնեք ադրբեջանական այդ պայմանին եւ վերացնեք Անկախության հռչակագիրը, մեր պետականությունը վերանալու է, եւ այստեղ հաստատվելու է ադրբեջանական իշխանություն»,- ասաց Էդգար Ղազարյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց, որ չեն ենթարկվելու ՔՊ-ի շանտաժներին։ Հարցին՝ եթե իշխանությունները կոչ անեն հասարակությանը հավաքվել ԱԺ շենքի մոտ եւ ասեն՝ ժողովուրդն ուզում է նոր Սահմանադրություն, ճնշում գործադրեն ընդդիմութան վրա, իրենք ստիպված կսպասարկե՞ն այդ օրակարգը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, թե 21-րդ դարում քաղաքական որոշումները պետք է կայացվեն ժողովրդի կողմից ընտրված ընդդիմության վրա այդպիսի ճնշումով։ Մենք էլ ստացել ենք մանդատ ժողովրդի այն մասինց, ովքեր դեմ են Ալիեւի Սահմանադրությանը»

«Մեր Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Մեր 35 տարեկան երկրի ծննդականը վառե՞նք։ Մենք խաղաղության ջատագովն ենք, մեր հայտարարություններում դա ասել են, բայց նաեւ համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիեւի բերած Սահմանադրությունն անցկացնենք։ Դա մեր երկրի համար սխալ ճանապարհ է, մենք չենք կարող մեր ծննդականը վառենք, մենք չենք կարող ընդունել Սահմանադրություն, որն իրենք են ասում»։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են անելու, որպեսզի նոր Սահմանադրությունը չընդունվի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց՝ երբ ժամանակ գա, հասարակությանը բացատրելու են իրենց քայլերը։ «Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց մենք առաջարկելու ենք տարբերակներ, որը չի ստորադասի մեր երկրի ու մեր ազգի շահը»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան