
Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում: Ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում նախընտրում է պաուզա վերցնել: Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում որոշմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը և նոր պաշտոնի հնարավոր նշանակմանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը “հեղափոխական” կառավարության մեջ միակ “ղարաբաղցին” էր։ Նա Փաշինյանի հետ մասնակցում էր միտինգներին 2018-ին, և երբ Փաշինյանին ասում էին, որ հեղափոխությունը “հակաղարաբաղյան” է, նա միանգամից մատով ցույց էր տալիս իր կողքին կանգնած Արցախի Մարտունիում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանին։
Արմեն Գրիգորյանը նաև արցախցիների հետ յուրահատուկ կամուրջ էր հանդիսանում, հատկապես՝ որոշ հասարակական և քաղաքական խմբերի հետ։ Փաշինյանը նաև հմուտ օգտագործել է Գրիգորյանի ընտանիքի հակասությունները ՀՀ “ղարաբաղցի” նախագահներից մեկի հետ, պառակտելու համար արցախյան հանրությունը անձնական գծերով։
2020-ի գարնանը Արցախում ընտրված նախագահն ու կառավարությունը Փաշինյանի արդեն լիիրավ վերահսկողության տակ էին։ Եւ թեկուզ ի սկզբանե Փաշինայնը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և նա չի կարող ներկայացնել Արցախը, 2020-ի պատերազմից հետո հենց Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հենց նա հետագայում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը փակ է։ Եւ որպես “վկա” և դիմադրության բացակայության մարմնավորում հանդես էր գալիս “ղարաբաղցի” Արմեն Գրիգորյանը։
Հիմա, երբ Արցախից հրաժարվելը մտնում է գործնական փուլ, Արմեն Գրիգորյանը այլևս չի զբաղեցնում ԱԽ քարտուղարի կարևորագույն պաշտոնը։