
Հայկ Ղազարյան
2003-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դատարանում պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող և 1988-ից ՀԽՍՀ քաղաքացի համարվող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ճանաչվել օրենքի ուժով՝ առանց քաղաքացիություն ստանալու համար դիմելու կամ նախագահի հրամանագրի անհրաժեշտության։
Այսօր նույն նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պնդում է, որ 1995-ին ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի այդ դրույթը Ղարաբաղի բնակիչների նկատմամբ կիրառելի չի եղել։
1995-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը սահմանում էր, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում Հայաստանում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայիս մեկնաբանությամբ՝ այս դրույթը Ղարաբաղի բնակիչների նկատմամբ չի տարածվել։ Նախարարությունը ՍիվիլՆեթին հայտնել է, որ ՀԽՍՀ քաղաքացիներ են համարվել ՀԽՍՀ-ում մշտապես բնակվող և հաշվառում ունեցող անձինք։ Քանի որ Ղարաբաղի բնակիչները ՀԽՍՀ տարածքում մշտական բնակության և հաշվառման մեջ չեն եղել, նրանց նկատմամբ օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը, ըստ ՆԳՆ-ի, կիրառելի չի եղել։
Այս մեկնաբանությունը, սակայն, տարբերվում է նույն նախարարության՝ 2003-ին դատարանում ներկայացրած դիրքորոշումից։
2003-ին մի խումբ քաղաքացիներ դատարանում վիճարկում էին Ռոբերտ Քոչարյանին տրված տեղեկանքները, որոնցում նա ներկայացված էր որպես ՀՀ քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող անձ։
Գործով ՆԳՆ անձնագրային և վիզաների վարչությունը դատարանին ներկայացրել էր իր դիրքորոշումը։ Դրա համաձայն՝ ԼՂՀ տարածքում բնակվող՝ 1988-ից ՀԽՍՀ քաղաքացի համարվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին ճանաչվել օրենքի ուժով՝ առանց քաղաքացիություն ստանալու համար դիմելու և առանց նախագահի հրամանագրի։
Այսինքն՝ նախարարության այն ժամանակվա մեկնաբանությամբ, Ղարաբաղում բնակվելը չէր նշանակում, որ այդ անձինք դուրս են ՀԽՍՀ քաղաքացիների շրջանակից։
ՆԳՆ-ն այդ դիրքորոշումը հիմնավորում էր 1989-ի դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման հետ, որը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մաս։ Ըստ ՆԳՆ-ի՝ տվյալ համատեղ որոշումը «հռչակել է միասնություն, թե տարածքային և թե քաղաքացիության հարցերում»։ Գերատեսչությունը նշել է նաև 1988-ի փետրվարի 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին՝ Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնելու ձևով:

Եթե այն ժամանակ պետական մարմինները պնդում էին, որ վերամիավորման որոշման գործողությունը դադարեցված չէ, այն հանդիսանում է ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մաս, ապա հայցվորները պնդում էին, որ այդ որոշմանուժը կորցրել էր 1991-ի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմամբ և դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով։
Այն ժամանակ ՆԳՆ-ն դիրքորոշում հայտնեց, որ ՀՀ պետական մարմինները ղեկավարվում են ՀՀ գործող օրենքներով, այդ թվում գործող սահմանադրությամբ և դրա հիմքում դրված հռչակագրով, համատեղ որոշմամբ և սահմանադրական օրենքով։
2003-ի գործով նախարարությունը որպես լրացուցիչ փաստարկ ներկայացրել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները մասնակցել են 1990-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններին (Արցախում այդ ժամանակ գործել է 11 ընտրատարածք)։
Դատարանը 2003-ին ՆԳՆ-ի այս փաստարկներն ընդունել էր և մերժել քաղաքացիների հայցը։

1990-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները
ՍիվիլՆեթը ՆԳՆ-ին հարցրել էր՝ եթե Ղարաբաղի բնակիչները ՀԽՍՀ քաղաքացիներ չեն համարվել, ապա ինչ իրավական հիմքով են նրանք մասնակցել 1990-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններին։
ՆԳՆ-ն այս հարցին ըստ էության չի պատասխանել՝ նշելով, որ դրա պարզաբանումը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից։
Ստացվում է, որ 2003-ին նույն փաստը՝ Ղարաբաղի բնակիչների մասնակցությունը ՀԽՍՀ ընտրություններին, ՆԳՆ-ն օգտագործում էր որպես իր իրավական դիրքորոշումը հիմնավորող փաստարկ, մինչդեռ այսօր այդ փաստի իրավական հիմքը մեկնաբանելը համարում է իր իրավասությունից դուրս։
2003-ի դատական գործում ՆԳՆ-ի ներկայացրած տրամաբանությունն այն էր, որ 1988-ի ՀԽՍՀ քաղաքացի համարվող՝ Ղարաբաղում բնակվող անձինք կարող էին ընդգրկվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված նախկին ՀԽՍՀ քաղաքացիների շրջանակում։
Այսօր նախարարությունը նույն դրույթը մեկնաբանում է այլ կերպ՝ որպես ՀԽՍՀ քաղաքացիների շրջանակ դիտարկելով ՀԽՍՀ-ում մշտապես բնակվող և հաշվառում ունեցող անձանց։ Այդ պատճառով, ըստ ՆԳՆ-ի, Ղարաբաղի բնակիչների նկատմամբ այդ դրույթը չի կիրառվել։