
Step1.am–ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին եւ հայտարարեց այսպես կոչված Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին։ Որքանո՞վ է այս գործընթացն իրավական եւ ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար։
-Հայտնի է, որ Ադրբեջանի պահանջն է Հայաստանի Սահմանադրության տեքստից դուրս բերել նախաբանը, որտեղ կա հղում Անկախության հռչակագրին։ Ըստ էության, եթե դա հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից, կնշանակի, որ մեր ժողովուրդը հրաժարվում է Արցախի ժողովրդի հետ վերամիավորումից եւ ընդունում է, որ Ալիեւի կողմից հայերի տեղահանումը, բռնի կերպով հայրենիքից զրկումը օրինական է տեղի ունեցել։
Յուրաքանչյուր հասարակության հիմքում դրվում է ազգային դոկտրին, հայերի Չորրորդ Հանրապետության հիմքում Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ներդնել իր հայրենակիցներին դավաճանելու, հայրենակիցներին ծախելու, հայրենակիցների միջոցով թվացյալ խաղաղություն ձեռք բերելու այդ գաղափարները, որ կարելի է «բարեկեցության ու խաղաղության» հասնել՝ հայրենակիցների մի մասին զոհաբերելով։ Այ դա է լինելու Չորրորդ Հանրապետության գլխավոր թեզը, որի վրա ինքը հենված է լինելու։ Մենք արդեն հանդիպելու ենք այն երեւույթի հետ, որը կոչվում է ստի վրա կառուցված պետություն, երբ մարդու իրավունքների խախտումը պիտի քողարկվի, պիտի ինչ-որ մանիպուլյացիաների միջոցով եւ այլ կերպ մեկնաբանվի, որպես ինչ-որ դրական մեծ բան, որի հիման վրա տվյալ հանրությունն իր հետագա կյանքը պատկերացնում է։
-Ինչո՞ւ են ադրբեջանցիները հիմա առաջ քաշում այդ պահանջը, որովհետեւ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշումն ուժի մե՞ջ է։
-Իմ տեսակետից մի քանի պատճառներ կան։ Առաջին պատճառն այն է, որ պուտինյան ռեժիմը, իհարկե, մտադիր չէ նպաստել տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը։ Եվ ստեղծվել է պատային վիճակ՝ որպեսզի Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, պետք է կատարվի Ալիեւի՝ Սահմանադրության փոփոխության նախապայմանը։ Իսկ որպեսզի Սահմանադրության փոփոխություն տեղի ունենա, պետք է լինի հանրաքվե, որպեսզի հանրաքվե լինի, պրոռուսական կուսակցությունները եւս պիտի դրան կողմ լինեն եւ ձայներ տան այդ հանրաքվեն անցկացնելու որոշմանը։ Այս պահի դրությամբ պատկերն այդպիսին է, չէ՞։ Այսինքն՝ դա չի կարող լինել առանց Մոսկվայի համաձայնության։ Սա մի պատճառ, այսինքն՝ այս մոդելը նախաստորագրած պայմանագիր, նախապայման, սահմանադրական փոփոխություններ, որպես քաղաքական գործընթաց՝ երկու պետությունների միջեւ խաղաղության հասնելու համար, սա ավելի շատ նման է խաղաղության չհասնելու կամ խաղաղությունը բլոկավորելու գործընթացի, քան երկու պետությունների միջեւ խաղաղություն հաստատելու իրական ձգտման։
Երկրորդ՝ Ադրբեջանի պատճառները պարզ են՝ տեղի է ունեցել հանցագործություն, Արցախի հարցը լուծված չէ, որովհետեւ չի կարող լինել ռազմական լուծում։ Դրա մասին բազմիցս լսել ենք տարբեր տրամաչափի միջազգային դիվանագետներից եւ քաղաքական գործիչներից։ Եվ, իհարկե, Ադրբեջանի համար կարեւոր են ինչ-որ ածանցյալ քաղաքական ակտեր, օրինակ, որ հայ ժողովուրդը համաձայն է Արցախում էթնիկ զտման հետ եւ այլն։
Դրանք քաղաքական արգումենտներ են, որոնք կոչված են մեղմացնելու քրեական պատասխանատվությունը կատարած հանցագործությունների համար։ Նկատի ունեմ էթնիկ զտումը, որը միջազգային քրեական կոնվենցիայի համաձայն՝ հանդիսանում է մարդու իրավունքների զանգվածային խախտում, հանցագործություն։
Ադրբեջանի համար այդ հարցը ակտուալ է, դա Ալիեւի ռեժիմի թույլ տեղն է՝ եթե աշխարհի ուժեղներից որեւէ մեկը մի օր որոշի Ալիեւին ցավ պատճառել, Արցախի հարցը կարող է բերել, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ հետեւանքներն Ալիեւի համար կլինեն շատ վատ։ Դրա համար Ալիեւը հետաքրքրված է ստանալու բոլոր հնարավոր թղթերը, կարեւորը, որ զոհը չի բողոքում։ Եթե փորձենք կենցաղային օրինակ բերել՝ սա նման է այն բանին, երբ ինչ-որ մեկին ծեծել են, եւ տուժողը ոստիկանություն է տանում գրություն, որ ինքը բողոք չունի։ Ընդհակառակը, շնորհակալ է, որ իր հետ այդպես վարվեցին, գրում է, որ սխալն ինքն էր։ Նման քայլերով Ալիեւը փորձում է քաղաքական արգումենտներ ստեղծել՝ իր անձնական պատասխանատվությունը նվազեցնելու համար։
Երկու գլխավոր պատճառները սրանք են, բայց, իմ կարծիքով, կան նաեւ այլ պատճառներ, որովհետեւ տեսնում ենք, որ Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Այսինքն՝ Թուրքիայի համար Հայաստանի գոյությունն առհասարակ խնդիր է, Թուրքիայի ներքին քաղաքական պլատֆորմը նույնպես կառուցված է ստի վրա։ Նշվում է, թե Թուրքիան ժողովրդավարական իրավական պետություն է, բայց ժխտում է Ցեղասպանությունը եւ մերժում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, օրինակ, քուրդ ժողովրդի ազգային ինքնության հետ կապված իրավունքները։ Այդ պետության համար Հայաստանի գոյությունն առհասարակ խնդիր է, որովհետեւ Թուրքիայի ազգային դոկտրինը պաշտպանական դոկտրին է՝ ռեժիմը պաշտպանելու, ստատուս քվոն պահելու, բայց ինքը զարգանալու, ազատ ապրելու դոկտրին չէ թուրք ժողովրդի համար։ Եվ Թուրքիայի քաղաքական ուժերը կոնսենսուս ունեն, որ Հայաստանը դա վտանգ է, Հայաստանի գործոնը վաղ թե ուշ կարող է պայթեցնել Թուրքիայում գործող այս ազգային դոկտրինը եւ փլուզել այդ պետությունը։
Թուրքիան, իհարկե, շահագրգռված է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտ, գոյություն չունենա։ Թուրքիայի համար ամենակոմֆորտ տարբերակն այն է, եթե Հայաստանի Հանրապետությունը միանա Ռուսաստանի նախաձեռնած ինչ-որ միութենական պետության կամ այլ ձեւաչափի, որտեղ իր միջազգային ինքնուրույնությունը կդադարի, ինչպես Խորհրդային միության ժամանակ։ Դա Թուրքիայի գոյության համար ամենակոմֆորտ վիճակն էր, եւ հենց այդ տարիների ընթացքում Թուրքիան ստացավ ինչ-որ կայունություն եւ ձեռք բերեց պոտենցիալ հետագա զարգացման համար, որը մենք այսօր տեսնում ենք։ Բայց հիմա դա շարունակում է լինել վտանգ, այս 30 տարիներին Թուրքիայի համար Հայաստանի գործոնը կարեւոր գործոն է։
-Հայ ժողովուրդն ի՞նչ անելիք ունի այս իրավիճակում։
-Հայ ժողովուրդն իր անվտանգության, խաղաղության հարցերը վստահեց այն քաղաքական գործչին, որը հայ ժողովրդի գլխին բերեց պատերազմ, որի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, որով ինքը հպարտանում է ու համարում դա ձեռքբերում Հայաստանի համար։ Հայ ժողովուրդը ապակողմնորոշված ժողովուրդ է, ապակողմնորոշված է, որովհետեւ դեռ չի մարսել պատերազմի, պարտության սարսափը եւ ադեկվատ չի գնահատում ոչ աշխարհաքաղաքական, ոչ տարածաշրջանային գործընթացները, ոչ հասկանում է՝ հարեւաններն ինչ են մեզանից ակնկալում։ Եվ ժողովուրդը բռնվել է այն թվացյալ միֆից, թե Փաշինյանն այն լավագույն կերպարն է, ով կարող է տարբեր զիջումներով Հայաստանն ըստ էության Թուրքիայի եւ Ադրբեջանի հեգեմոնիայի տակ պահել՝ թողնելով հայերին նվազագույն ապրելու հնարավորություն՝ մի քիչ փող աշխատելու, շնչելու, Երեւանում ազատ քայլելու։ Այդքանով հայ ժողովուրդն այս պահին բավարարված է։
Ազգային արժանապատվության մասին արդեն կարելի է չխոսել, որովհետեւ այդ զգացմունքը հիմա հայերի մոտ չի կարող ձեւավորվել, չի կարող զարգանալ նման պայմաններում։
Ռոզա Հովհաննիսյան