
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, բացատրելով, թե ինչու է ուզում Կաթողիկոսին գահնկեաց անել, հայտարարեց. «Կտրիճ Ներսիսյանին ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևոր անձեր, իմ տեսածն եմ ասում, սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը»։
«Ես չեմ մոռացել, քավ լիցի, չեմ մոռացել, որ ասել եմ՝. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական, ըստ էության, բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում։ 35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես ոչինչ։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միլիարդ դոլարից ավել ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։
Եվ ի վերջո մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականություն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը, Հայաստանի պետականության հարատևության համար, բացելով անսահմանափակ հնարավորություններ», ասել է Փաշինյանը։
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը երբեք չուներ թշնամիներ, չուներ հարևաններ, որոնց աչքը միշտ հայկական հողի վրա էր, որ հայերի բնօրրանից 1/10-րդն չէ մնացել, տպավորություն է, որ հայերն են պատերազմ հրահրել, և չպետք է նույնիսկ փորձեին պաշտպանել հայկական Արցախը։ Տպավորություն է, որ հարևանները կհավատան Հայաստանի կառավարությանը և խաղաղասեր հասարակությանը և կասեն՝ այլևս չենք ցանկանա հայկական հող, հերիք է, թող հայերը հանգիստ ապրեն։