
«Հավատարիմ մնալով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների եւ ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակագ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է. Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն»։
Դրանից մեկ տարի առաջ ընդունված հռչակագրում նշվում է․
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
35 տարի անց այս կետը փոփոխության է ենթարկվում․ Հայաստանը հռչակվում է ոչ ազգային պետություն, “համազգային նպատակներին և իղձերին հասնելը”, ինչպես նաև “հայրենիքի հզորացումը” հանվում է ԱԺ պատգամավորի երդման տեքստից, քանի որ, ըստ արդարադատության նախարարի, դրա տակ յուրաքանչյուրը կարող է սեփական մեկնաբանությունը դնել։
Ո՞վ է լինլու “իրական” Հայաստանի “հայոց պետականության կրողը”, ինչո՞վ է “հայրենիքը” տարբերվում “ազգային պետությունից”։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ ուղերձում “ազգային” բառը չի օգտագործել․ “Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը”։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, այնուամենայնիվ հիշատակելով, որ “հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ”, անկախության “առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը”։
Պետական անկախության ու ազգային շահի համադրությունից է ծնվում պետությունը, իսկ հակադրությունից՝ քայքայվում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է, որ «ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը։ Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ևս կոչ է պահպանել ազգային պետությունը։
“Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել”։
Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձի շեմին շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից, ասել է նա։
“Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին”, ասված է “Ուժեղ Հայաստան”-ի հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ նշված է․ “Մեր նահատակների թափած արյունն ու սերունդների կրած զրկանքներն էությամբ, ոգով և բովանդակությամբ ՀԱՅԿԱԿԱՆ պետություն ունենալու համար էին։
Պետություն, որը չի հրաժարվում իր պատմությունից, իր արմատներից և համազգային իղձերից, այլ դառնում է համայն հայության անվտանգության, արժանապատվության և ստեղծարար ներուժի պաշտպանն ու ջատագովը”։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշում է, որ “տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին”։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն հիշեցնում է, որ “Հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախութիւնը. եւ երբ պատմութեան պայմաններուն պարտադրանքով կորսնցուց՝ զայն վերահաստատելու տեսլականը վերածեց ամէնօրեայ պայքարի։ Արդարեւ, հայրենիքին հզօրացման ու զարգացման եւ մեր ժողովուրդին անսասանութեան ու յաւերժութեան աղբիւրը անկախութիւնն է”։
Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան պահպանում է “մեր հայրենիքի հանդեպ հավատը”։ “Եվ քանի դեռ հայը կանգուն է, քանի դեռ նրա սրտում հայրենիքի անունն է, ոչ մի դժվարություն չի կարող խոչընդոտել մեր էլ ավելի բարեկեցիկ, անվտանգ ապագայի կերտմանը”, ասել է նա։