ԱՄՆ-ն առ այսօր չի ճանաչել ներկայիս հայ-թուրքական սահմանը

Հայաստանը մինչև Խորհրդային Միության կազմ մտնելը հանդիսանում էր միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն՝ իր սահմաններով։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Վահե Գասպարյանը։

Նրա խոսքով՝ բոլորն այնպես են ներկայացնում, թե 1991 թվականի սահմանները հետխորհրդային աշխարհը ճանաչել է, և դա վերաբերում է բոլոր հետխորհրդային հանրապետություններին։ Եվ Ալմա-Աթայի հռչակագիրը, որն անդադար մեջբերվում է, հենց այդ հիմար թեզի վրա է հիմնված։ Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է։

«Միջազգային իրավունքում կա երկու սկզբունք։ Առաջին սկզբունքը լատիներեն կոչվում է uti possidetis juris՝ ստացիր այն, ինչ որ ունեիր։ Այսինքն՝ այն երկրները, այն ժողովուրդները, որոնք գաղութացումից առաջ չեն ունեցել ճանաչված պետություններ, գաղութանալուց և անկախանալուց ավտոմատ կերպով իրանց գաղութի սահմանները դառնում են պետական սահման։ Օրինակ՝ Ղազախստան, Ուզբեկստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան… Բացի Հայաստանից, դրանց բոլորի և Բալթյան երկրների վրա սկզբունքը տարածվում է։ Այդ դեպքում, այո, 1991 թվականի իրանց սովետական հանրապետությունների սահմանները ավտոմատ դառնում են պետական սահման։ Երկրորդը, Ուկրաինայի պարագայում 1991 թվականի սահմանները լեգիտիմ են նաև այն պատճառով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գոյություն ունի միջպետական պայմանագիր՝ սահմանների փոխադարձ ճանաչման՝ 1994 թվականի Բուդապեշտի մեմորանդումը, որին երաշխավոր կանգնեցին Ամերիկան և Մեծ Բրիտանիան։ Եվ այդ բուդապեշտյան մեմորանդումով Ռուսաստանն ու Ուկրաինան ճանաչեցին միմյանց սահմանները, և Ղրիմը ճանաչվեց Ուկրաինայի մաս»,- ասաց Վահե Գասպարյանը։

Նրա խոսքով՝ սահմանների ճանաչման երկու քաղաքակիրթ, խաղաղ և նորմալ ձև կա։ Առաջինը, երբ պետությունները բանակցում են և պայմանավորվում, ճանաչում են միմյանց սահմանը։ Երկրորդը, երբ պետությունները չեն կարողանում լեզու գտնել, դիմում են միջազգային իրավարարին՝ արբիտրին, որը պիտի այդ վիճելի սահմանը ճանաչի։

«Հայաստանի պարագայում և՛ հայ-ադրբեջանական, և՛ հայ-թուրքական սահմանը ճանաչվել է հենց արբիտրի միջոցով, որովհետև Հայաստանը ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ չի կարողացել նորմալ, խաղաղ ձևով լուծել սահմանի հարցը։ Ռուսական կայսրության փլուզումից հետո աշխարհը ճանաչեց երեք պետություն՝ Հայաստան, Լեհաստան, Ֆինլանդիա։ Եվ Հայաստանը խորհրդային հանրապետություններից միակն էր, որը ոչ միայն ճանաչվեց միջազգային հանրության, Ազգերի լիգայի, ԱՄՆ-ի կողմից, այլև Հայաստանի սահմանների հարցով Ազգերի լիգան հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը պիտի որոշեր հայ-ադրբեջանական սահմանը, ինչը և կատարվեց 1920 թվականի փետրվարի 24-ին՝ Ազգերի լիգայի խորհրդի կողմից։ Իսկ Ազգերի լիգայի խորհուրդը դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավանախորդն էր, դրա մեջ մտնում էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան։ Եվ Ազգերի լիգայի խորհրդի ստեղծված հատուկ հանձնախումբը որոշեց հայ-ադրբեջանական սահմանը, համաձայն որի՝ Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը Հայաստանի անքակտելի մաս ճանաչվեցին։ Ի դեպ, Հայաստանը առաջին պետությունն էր, որի սահմաններին անդրադարձավ Ազգերի լիգան»,- նշեց Վահե Գասպարյանը։

Հայ-թուրքական սահմանը որոշվեց Վիլսոնյան իրավարար վճռով, Վիլսոնին իրավարար դառնալու խնդրանքով դիմեցին և՛ Ազգերի լիգան, և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ Օսմանյան կայսրության ղեկավարությունը՝ սուլթանը։ 1920 թվին սուլթանը դեռ համարվում էր իշխանություն, դեռ քեմալականներին չէին ճանաչել։

«Հետևաբար, Հայաստանը Խորհրդային Միության կազմ մտնելուց առաջ հանդիսանում էր ճանաչված, անկախ պետություն։ Ի դեպ՝ Ազգերի լիգայի որոշումը կցվել է որպես հավելված իրավարար վճռին։ Այսինքն՝ երբ մենք ասում ենք՝ Վիլսոնյան իրավարար վճիռ, մենք նկատի ունենք և՛ հայ-թուրքական, և՛ հայ-ադրբեջանական սահմանը»,- հավելեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ իրավարար վճիռները ընդհանրապես հանդիսանում են միջազգային իրավունքի բարձրագույն փաստաթուղթ, բարձրագույն, որը վաղեմության ժամկետ չունի, բեկման, բողոքարկման ենթակա չէ և պարտադիր է կիրառման համար։ Եվ մնացած բոլոր ակտերը՝ միջպետական և ներպետական, ստորադաս են։

«Փաստորեն Հայաստանը մինչև Խորհրդային Միության կազմ մտնելը հանդիսանում էր միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն՝ իր սահմաններով։ Հետևաբար, Հայաստանի պարագայում այդ uti possidetis juris սկզբունքը չի գործում։ Հայաստանի պարագայում գործում է այլ սկզբունք, որը լատիներեն կոչվում է ex injuria jus non oritur, այսինքն՝ ապօրինությունը չի տալիս իրավունք»,- ասաց Գասպարյանը։

Հայաստանը, նրա խոսքով, Խորհրդային Միության մաս դարձավ ապօրինության հետևանքով՝ այսինքն ագրեսիայի, զավթման կամ օկուպացիայի և բռնազավթման կամ անեքսիայիմ հետևանքով։ Հետևաբար, Հայաստանի ներկա սահմանները դրանք սահմաններ են, որոնք հետևանք են ապօրինության, ագրեսիայի, անեքսիայի և օկուպացիայի։ Հետևաբար, դրանք չեն կարող ճանաչվել որպես օրինական սահմաններ։

«Ասվածիս վառ ապացույցն այն է, որ բառացիորեն այսօր Հայաստանի այսպես կոչված անկախության օրվա կապակցությամբ (ինչու՞ այսպես կոչված, որովհետև Հայաստանի անկախության օրը մայիսի 28-ն է) ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձի մեջ օգտագործել է regaining բառը, regaining՝ այսինքն վերականգնում։ Դիվանագիտական լեզվով այդ մեկ բառով մեզ կարող է հսկայական իմաստ և ուղերձ հղվել։ Այդ մի բառով ԱՄՆ-ն մեզ ասում է՝ «դուք եղել եք ճանաչված պետություն մինչև ԽՍՀՄ բռնակցումը և դուք ձեռք եք բերել անկախություն ոչ թե 1991-ին, այլ 1918-ին։ Ձեռք եք բերել անկախություն, որը ճանաչվել է աշխարհի կողմից, և սահմանները ճանաչվել են։ Եվ ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ 1920 թվականի ապրիլի 23-ին։ Նույնիսկ դեսպանատունը բաց է պահել մինչև 1933 թվականը, երբ որ արդեն 13 տարի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չուներ։ Եվ հիմա ԱՄՆ-ն մեզ ասում է Մարկո Ռուբիոյի շուրթերով՝ «դուք միայն վերականգնեցիք ձեր անկախությունը»։ Եվ սա շատ խորը իմաստ է պարունակում։ Այսինքն՝ ասում է՝ «դուք վերականգնեցիք ձեր անկախությունը, որը ստացել էիք 1918-ին, հետևաբար նաև հետագայում դուք պիտի վերականգնեք ձեր սահմանները դեօկուպացիայի միջոցով»։ Հայաստանի պարագայում գործում է դեօկուպացիայի սկզբունքը, որովհետև, ըստ միջազգային իրավունքի, անկախությունը վերականգնելու ժամանակ պետությունը իրավունք ունի պահանջել վերականգնել իր օրինական սահմանները, որը ինքը ունեցել է մինչև բռնազավթումը»։

Ըստ Վահե Գասպարյանի՝ ԱՄՆ-ն մեզ հասկացնում է, որ ինքը ելնելու է պատմական և իրավական այդ փաստից իր հետագա քաղաքականության մեջ։ «Ի դեպ՝ ԱՄՆ իրավարար վճռի տակ դրված է ոչ միայն Վիլսոնի ստորագրությունը, այլև ԱՄՆ մեծ կնիքը՝ Great Seal of the USA։ Իսկ ԱՄՆ մեծ կնիքը երբ որ դրվում է, տվյալ փաստաթուղթը ստանում է ԱՄՆ ներքին օրենքի ուժ՝ Law of the Land։ Եվ ԱՄՆ-ն, ամենայն ցանկությամբ հանդերձ, նույնիսկ իրավունք չունի խախտել իր օրենքը։ Որպես ապացույց բերեմ մի փաստ՝ 1927 թվականին ԱՄՆ Սենատը մերժեց ստորագրել փոքր Լոզանի պայմանագիրը 90-ից ավել «դեմ» ձայներով, և սենատորները իրենց ելույթներում ասում էին, որ՝ մենք ունենք որոշում, որի տակ դրված է մեր իսկ նախագահի ստորագրությունը և ԱՄՆ մեծ կնիքը, մենք իրավունք չունենք դա խախտելու։ Հետևաբար, ԱՄՆ-ն առ այսօր չի ճանաչել ներկայիս հայ-թուրքական սահմանը»,- հավելեց նա։

Վահե Գասպարյանի խոսքով՝ մնում է, որ մենք դա հասկանանք, գիտակցենք և գործենք ըստ այդմ։ «Ես ավելին քան վստահ եմ, որ արմատական աշխարհաքաղաքական փոփոխությունների և նոր ստեղծվելիք աշխարհակարգի համատեքստում Հայաստանը շատ շուտով ազատագրվելու է ռուս-թուրքական լծից։ Եվ Վիլսոնյան իրավարար վճիռը կյանքի է կոչվելու վերջապես, ըստ այդմ լուծվելու է հայկական հարցը և դրա բաղկացուցիչ մասը հանդիսացող Արցախի հարցը։ Եվ այն, որ Մարկո Ռուբիոն այս տարի իր շնորհավորական ուղերձի մեջ օգտագործում է «վերականգնում» բառը, հուշում է մեզ այն, որ այդ պահը շատ մոտ է, այլապես ինքը այս տարի այդ բառը չէր օգտագործի»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան