
Օրերս Երևանում Վարդան Մամիկոնյանի արձանին հարող այգում անցկացված «Adaptive Sport EXPO 2026»-ը հերթական անգամ ցույց տվեց, որ ադապտիվ սպորտը կարող է դառնալ ոչ միայն մարզական, այլև սոցիալական ներառման կարևոր գործիք։
Միջոցառմանը մասնակցեց նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը՝ միանալով բոչիայի մրցումներին։
Ցուցահանդես-փառատոնը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության և մատչելիության ապահովման ծրագրի շրջանակում՝ Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։
Քերոլայն Քոքսի կենտրոնի համար սա պարզապես հերթական միջոցառում չէ։ Դեռ Արցախում կենտրոնը տարիներ շարունակ զբաղվել է ոչ միայն վերականգնողական ծառայությունների մատուցմամբ, այլև ադապտիվ միջավայրի ձևավորմամբ։ Մասնավորապես, 2010 թվականից կենտրոնի միջոցով Արցախում ակտիվորեն զարգացել է բոչիան, իսկ կենտրոնի շահառուները պարբերաբար մասնակցել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում անցկացվող մրցումներին՝ գրանցելով մրցանակային արդյունքներ։ Կենտրոնի թիմը տարբեր տարիների մասնակցել է նաև սեղանի թենիսի, լողի և այլ մարզաձևերի մրցումների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր։
2023 թվականի բռնի տեղահանումը ընդհատեց կենտրոնի աշխատանքը Արցախում, սակայն ոչ նրա գործունեության գաղափարը։ Կենտրոնի հիմնադիր և տնօրեն Վարդան Թադևոսյանի խոսքով՝ թիմին հաջողվել է վերականգնել աշխատանքը Եղվարդում։ Այստեղ կենտրոնը փորձում է ձևավորել արդեն ավելի լայն, ներառական միջավայր՝ համատեղելով վերականգնումը, սոցիալական կյանքը և սպորտը։
Կենտրոնի հետագա ծրագրերը նախատեսում են ոչ միայն վերականգնողական ենթակառուցվածքների զարգացում, այլև հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների սպորտի համար առանձին հնարավորությունների ստեղծում։ Նախատեսվում է զարգացնել մոտ 6400 քառակուսի մետր տարածքը, ստեղծել մեծ սպորտդահլիճ, ինչպես նաև հարմարեցված բնակելի պայմաններ՝ վերականգնողական բուժման ընթացքում մարդկանց կեցության համար։ Թադևոսյանի ներկայացմամբ՝ նպատակը միջավայր ստեղծելն է, որտեղ մարդը կարող է ոչ միայն վերականգնողական ծառայություն ստանալ, այլև մարզվել, շփվել և վերագտնել ակտիվ կյանքի հնարավորությունը։
Այս իմաստով «Adaptive Sport EXPO 2026»-ում Քոքսի կենտրոնի մասնակցությունը կարելի է դիտարկել որպես Արցախում տարիներ շարունակ ձևավորված աշխատանքի շարունակություն արդեն Հայաստանի պայմաններում․ փոխվել է տարածքը, բայց պահպանվել է նույն մոտեցումը՝ վերականգնումը կապել անկախության, սպորտի և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության հետ։
Արսեն Աղաջանյան