
Bloomberg-ը հաղորդում է, որ Թրամփի ընտանիքի նախագծերը նախկին խորհրդային հանրապետություններում ներառում են երկնաքեր Թբիլիսիում, վոլֆրամի հանք Ղազախստանում և տրանսպորտային միջանցք Հարավային Կովկասով։ Սպիտակ տունը ասում է, որ դա ԱՄՆ շահերի առաջխաղացում է, և շահերի բախում չկա։
Այդ ցուցակի մեջ նշվում է TRIPP տրանսպորտային միջանցքը, որի ճակատագիրը սակայն անհայտ է։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը և նշել, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հայաստանը անհամբեր սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ TRIPP-ի իրականացումը կվերացնի Հայաստանի շրջափակումը, որի պայմաններում այն գտնվում է 1990-ականների սկզբից։
Նշենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության մասին» օրենքի 907-րդ հավելումը, որը պատժամիջոցներ էր սահմանում Ադրբեջանի դեմ մինչև այն պահը, երբ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին զեկուցեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացվել է։ Բաքուն հիմա «խաղաղության պայմանագիրը» կապում է 907-րդ հոդվածի վերացման հետ, և Փաշինյանի «շրջափակումից դուրս գալու» մասին հայտարարությունը 907-րդ հոդվածի վերացման նախերգանքն է։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պնդում է, որ TRIPP-ը, և, հետևաբար, շրջափակման վերացումը և 907-րդ հոդվածի վերացումը, անհնար են առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման։ Հենց դա Թրամփը կընդունի որպես իր հաղթանակը։
Ամերիկացի պաշտոնյաները այսօր Նյու Յորքում կբացահայտեն՝ որոնք են լինելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման հաջորդ քայլերը։ Այս մասին գրում է Ազատությունը։
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչները, որոնցից Ղազախստանն ու Ուզբեկստանը առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի հանդեպ, ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, սենատոր Սթիվ Դեյնսը, ինչպես նաև ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ, որոնցից շատերն ամերիկյան են։
Հանդիպմանը կներկայացվի նաև Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը (Trans-Caspian Enterprise Fund), որը, պաշտոնյաների խոսքով, ներդրումներ կկատարի TRIPP-ի և ավելի լայն Անդրկասպյան առևտրային ուղու շնորհիվ ստեղծվելիք հնարավորություններում։
Թեև հիմնադրամն անմիջականորեն չի կառավարվում ԱՄՆ կառավարության կողմից, այն գործում է Սպիտակ տան նշանակած խորհրդի վերահսկողությամբ և դրամաշնորհներ է ստանում Պետքարտուղարությունից։ Այն , միաժամանակ, գործում է միջանցքի զարգացումն ու կառավարումն ապահովելու համար ստեղծված ամերիկա-հայկական համատեղ ընկերությունից՝ TRIPP Development Company-ից՝ առանձին։
Չնայած սպասվող հայտարարությանը՝ Հայաստանի տարածքով անցնող, մոտ 43 կմ հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության մեկնարկին։ «2027-ին ոչ ոք այս գնացքով չի երթևեկելու»,- հստակեցրել է ամերիկյան պաշտոնյան։
Միաժամանակ, նշվել է, որ էներգետիկ կապերը կարող են ավելի շուտ գործարկվել։ Քննարկումներն արդեն ընթանում են, և պաշտոնյաներն ակնկալում են, որ էլեկտրաէներգիայի փոխանցումը կսկսվի 2027 թվականին՝ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերը կապելով Կենտրոնական Ասիայի հինգ երկրների, Թուրքիայի և եվրոպական ավելի լայն տարածաշրջանային ցանցերի հետ։
Միացյալ Նահանգները, ըստ պաշտոնյաների, պատրաստ է ներդրումներ կատարել, երբ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները ցույց կտան, որ առանձին նախագծերը կոմերցիոն առումով կենսունակ են։
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Երևանն ու Բաքուն գործում են այնպես, կարծես խաղաղությունն «անխուսափելի» է, թեև վերջնական խաղաղության համաձայնագիրը դեռևս ամբողջությամբ ավարտին չի հասցվել։
Դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր, այդ թվում՝ սահմանադրական և այլ իրավական փոփոխություններ Հայաստանում, ինչպես նաև մասնակից երկրներին առնչվող միջոցառումներ։
Ինչպես ձևակերպել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, այժմ ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե «ինչ է տեղի ունենալու փաստաթուղը ստորագրելու հաջորդ օրը»։