
Արցախի սպորտը՝ տեղահանությունից հետո. հաղթանակները շարունակվում են
2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախը կորցրեց ոչ միայն իր բնակավայրերը, մարզադաշտերն ու մարզադպրոցները, այլ տեղահանվածների հետ Հայաստան տեղափոխվեց նաև մի ամբողջ մարզական համայնք՝ մարզիկներ, մարզիչներ, երեխաներ, թիմեր ու տարիներով ձևավորված մարզական ավանդույթներ։
Սակայն սպորտը այն ոլորտներից է, որտեղ տեղահանությունը չկարողացավ ամբողջությամբ ընդհատել շարունակականությունը։ Արցախցի մարզիկները Հայաստանում շարունակում են մարզվել, մասնակցել հանրապետական ու միջազգային մրցաշարերի, մեդալներ նվաճել, իսկ որոշ մարզիչներ փորձում են պահպանել ոչ միայն մարզական, այլև համայնքային կապը։
Այս օրինակներից մեկն է կիոկուշին կարատեի «Վերադարձ» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում վերաբացել է իր գործունեությունը և պարապմունքները վերսկսել 2023 թվականի նոյեմբերից։ Այսօր կազմակերպությունում մարզվում է Արցախից տեղահանված 84 սան։ Պարապմունքներն արդեն երեք տարի իրականացվում են անվճար։
Կազմակերպության հիմնադիր և մարզիչ Արմեն Պետրոսյանի համար, սակայն, սա միայն մարզական նախագիծ չէ։ «Սա ինձ համար ոչ միայն սպորտի, այլ բարբառի պահպանման, մշակույթը պահպանելու և արմատները չմոռանալու միջոց է»։
Տեղահանությունից հետո առաջին խնդիրը նույնիսկ մարզական արդյունքը չէր։ Պետք էր պարզապես գտնել պայմաններ, որտեղ երեխաները կարող էին շարունակել մարզվել։
«Երբ նոր էինք տեղահանվել, պարապմունքներն իրականացնելու համար մի շարք խնդիրներ էին առաջացել։ Առաջինը «Լույս» հիմնադրամն էր, որ ձեռք մեկնեց, և երեխաները նորմալ մարզադահլիճում իրականացրեցին կիոկուշին կարատեի պարապմունքները»,– պատմում է Պետրոսյանը։
Այսպես մարզական պարապմունքը աստիճանաբար դարձավ նաև համայնքի պահպանման վայր։ Ավելի քան 80 ընտանիք շարունակում է կապվել միմյանց հետ ոչ միայն մարզումների, այլև ընդհանուր անցյալի ու ինքնության միջոցով։
«Մարմնակրթությունն ու մշակույթի պահպանությունը միախմբեց 80-ից ավելի ընտանիք»։
Մարզական հաղթանակները՝ արդեն Հայաստանում
Արցախցի մարզիկների հաջողությունները վերջին մեկ տարում ցույց են տալիս, որ տեղահանությունից հետո մարզական կյանքը ոչ միայն պահպանվել է, այլև որոշ դեպքերում շարունակում է միջազգային արդյունքներ արձանագրել։
2026 թվականին Կարեն Սարգսյանը, որը Շուշիից է, սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Նույն տարում Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Մարտունեցի Սուրեն Իշխանյանը՝ Մ17 ազատ ոճի ըմբշամարտում։
Եվրոպական առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել նաև Ավանես Զաքարյանը՝ սանդա ուշուում։
Միջազգային մրցաշարերում հաջողություններ են գրանցել նաև այլ արցախցի մարզիկներ։
Բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը 2026 թվականի փետրվարին Բուլղարիայում անցկացված միջազգային մրցաշարում դարձել է չեմպիոն, իսկ MMA-ում հաղթանակներ է գրանցել ծնունդով արցախցի Դավիթ Խաչատուրյանը։
Այս արդյունքների կողքին կա նաև մեկ այլ՝ ավելի քիչ տեսանելի գործընթաց․ Արցախից տեղահանված երեխաներն ու պատանիները շարունակում են մարզական ճանապարհը Հայաստանում։ Նրանցից մի քանիսն արդեն Հայաստանի առաջնությունների հաղթողներ են դարձել և Հայաստանը ներկայացնելու հնարավորություն ստացել միջազգային մրցաշարերում։
Այսինքն՝ Արցախի մարզական պատմությունը այսօր միայն նախկինում նվաճած մեդալների մասին չէ։ Այն շարունակվում է Հայաստանի մարզադահլիճներում։
«Ոչ թե որևէ ակումբի կից, այլ հենց արցախցիների համար»
Արմեն Պետրոսյանի համար այս տարբերությունը կարևոր է։ «Վերադարձը» պարզապես մարզական ակումբ չէ, որտեղ պատահաբար մարզվում են նաև Արցախից տեղահանված երեխաներ։ Նրա նպատակն է պահպանել հենց այդ երեխաների միջև եղած կապը։
«Արդեն հասցրել են մայիսին մասնակցել ՀՀ գավաթի առաջնությանը, ունեցել են մի շարք նվաճումներ։ Սակայն ինձ համար կարևորը այն է, որ ես համախմբում եմ հենց արցախցիներին և չեմ դարձել պարզապես որևէ ակումբի կից»։
Այս մոտեցման մեջ սպորտը դառնում է ավելի լայն երևույթի մաս։ Երեխան գալիս է մարզվելու, բայց միաժամանակ հանդիպում է մեկ այլ երեխայի, որը նույն վայրից է եկել, նույն բարբառը կարող է խոսել, նույն հիշողությունները կարող է ունենալ։
Երեք տարի շարունակ այդ երեխաները մարզվում են անվճար։ Եվ եթե Արցախում մարզադպրոցների, մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների մասին այսօր արդեն անցյալ ժամանակով ենք խոսում, ապա մարզիկների մասին դեռ կարող ենք խոսել ներկայով։ Նրանք շարունակում են մարզվել։ Շարունակում են հաղթել։ Իսկ որոշ մարդկանց համար սպորտը դարձել է նաև այն փոքր տարածքը, որտեղ Արցախը դեռ ապրում է՝ լեզվով, բարբառով, հիշողությամբ, երեխաներով և նրանց հաղթանակներով։
Մարիամ Սարգսյան