Արցախցիների գույքային իրավունքի մասին ինտենսիվ կերպով հայցեր են ներկայացվում ՄԻԵԴ

Արցախցիների գույքային իրավունքի մասին ինտենսիվ կերպով հայցեր են ներկայացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Ազգային ժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Մենք անցյալ տարի ներկայացրեցինք 657 դիմում՝ հենց գույքային իրավունքով։ Այս տարի արդեն իմ գրասենյակի ուժերով ու ռեսուրսներով մենք ամեն օր արցախցի 5-6 ընտանիք ենք ընդունում, հարցազրույց ենք անում։ Եվ ես տեսնում եմ մարդկանց տրամադրվածությունը, իրենք իսկապես ուզում են տեր կանգնել իրենց իրավունքին։ Ինչո՞ւ, որովհետեւ «Խաղաղության պայմանագրի» նախագծում իրավական պաշտպանության նախագիծ չկա։ Քանի դեռ «Խաղաղության պայմանագիրը» չի առաջարկում իրավական պաշտպանության մեխանիզմ, միջազգային տրիբունալները դռները բաց են պահելու»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ հարցազրույցների ժամանակ արցախցիները պատմում են իրենց հետ կատարված, իսկ դա ապացույց է, ՄԻԵԴ-ը չափազանց արժեւորում է ապացույցը, որը մարդու ձեռքով է գրվում, ոչ իրավական տերմիններով։ Եվ այդ հարցազրույցների ժամանակ, ըստ Ղազարյանի, հայտնի է դառնում, որ արցախցիները Հայաստանում սոցիալ-տնտեսական բնույթի բազմաթիվ խնդիրներ ունեն։

«Այն, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում իրենց գույքի դիմաց, թեկուզ 10 տարի անցնի, թեկուզ 20, ես դրանում համոզված եմ, որովհետեւ միջազգային իրավունքում բազմաթիվ օրինակներ կան։ Այս պահին մենք ունենք գրանցված 950 մարդ, ցավոք, օրը միայն 5-6 ընտանիք կարող ենք ընդունել, ռեսուրսների կարիք կա։ Եվ այս պրոցեսը երբեք կանգ չի առնելու»,- հավելեց նա։

Արա Ղազարչյանը նշեց, որ արցախցիների վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքով, հատկապես եթե մարդիկ դուրս են եկել զինված հակամարտության ընթացքում։

«Հումանիտար օրենքն ասում է՝ եթե մարդը դուրս է եկել իր հայերնիքից զինված հակամարտության պատճառով, ապա իրավունք ունի վերադառնալ, եւ պետությունը պարտավոր է ընդունել։ Վերադարձը պետք է լինի անվտանգ, արժանապատիվ, որի համար պետք է համակարգ լինի։ Եթե Ալիեւն ասում է՝ թող վերադառնան, դա այդպես չէ, պետք է անվտանգության համակարգ լինի։ Եվ միջազգային իրավունքում ասում է՝ վերադարձ քո սեփական երկիր, իսկ երկիրը դա ըստ էության հայրենիքի գաղափարն է»,- ասաց նա։