
Ազգային ժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով քննարկման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ վարձավճարների ու անշարժ գույքի գների թանկացման պայմաններում արցախցիներն ամենաշատն են տուժում։
«Իսկապես մարդկանց վիճակը շատ ծանր է։ Պետական այն չնչին աջակցությունը, որը վարձավճարների համար տրամադրվում է արցախցիներին, որեւէ ձեւով չի համապատասխանում նրանց կարիքներին։ Իսկ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում դեռեւս ընդամենը 4000 ընտանիք է, որ կարողացել է վերջնական կարգավորել իր բնակարանային ապահովման հարցը։ Մի ուրիշ հարց՝ 8000 ընտանիք վերցրել է սերտիֆիկատը, որից իրացվել է 4000-ը։ Այս թիվն ինչ-որ բան հուշո՞ւմ է, թե՞ ոչ։ Հուշում է այն մասին, որ մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ոնց իրացնեն այդ հավաստագիը, որովհետեւ պահանջներին համապատասխան եւ համարժեք արժեքով գույք չեն կարողանում գնել»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ափսոս է, որ պետական ծրագրի գումարները պետք է ծախսվեն հին բնաֆոնդի վրա։ Կան բնակարաններ, որոնց վիճակն ուղղակի ահավոր է։
«Սրա այլընտրանքը միանշանակ այն է, որ պետք է աշխատել հնարավորինս դյուրացնելու կառուցապատման բաղադրիչը։ Այսօրվա դրությամբ գործող ծրագիրը կառուցապատումը չի սահմանափակում, բայցեւ հավուր պատշաճի չի էլ խթանում»,- հավելեց նա։
Ստեփանյանն ասաց, որ թեեւ Երեւանի հարակից տարածքներում հավաստարգրի արժեքը մեկ անձի համար բարձրացվեց եւ սահմանվեց 4 մլն դրամ, բայց դրան զուգահեռ թանկացավ նաեւ անշարժ գույքը։ «Այսինքն՝ ինչքան բարձրացնենք հավաստագրի արժեքը, այնքան բարձրանալու է անշարժ գույքի գինը։ Հետեւաբար, մենք գալիս ենք այն եզրահանգման, որ պետությունը պետք է շահագրգրված լինի այս հարցը հասեցագրել նոր կառուցապատման ճանապարհով»,- նշեց նա։
Անդրադառնալով փոքր ընտանիքների խնդիրներին՝ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այս ուղղությամբ չեն տեսնում ՀՀ կառավարության լուծումները, եւ այդ ընտանիքներն օրեցօր ավելի են խրվում սոցիալական խնդիրների մեջ։
«Կառավարության կողմից հաստատվեց ծրագիր, որը վերաբերում է 10 տարի շարունակ մեկ հոգուն 40 հազար դրամ փոխհատուցում տալուն՝ սերտիֆիկատից հրաժարվելու դիմաց։ Ես ուզում եմ, որ լիազոր մարմինների ներկայացուցիչները պատասխանեն՝ մինչ այսօր կա՞ որեւէ ընտանիք, որը դիմել է այդ ծրագրին։ Հենց առաջին օրն այդ մասին խոսել ենք, որ այդ ծրագիրը չի աշխատում։ Եվ ես վստահ եմ, որ այդ ծրագիրն իր նորմալ հունով չի աշխատելու եւ որպես այլընտրանք չի կարող լինել»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։
Անդրադառնալով արցախցիների քաղաքացիության ստացման հարցին՝ նա ասաց․ «Խթանվում է քաղաքացիության ձեռք բերումը, բայց քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հունվարին ներկայացված դիմումը բավարարվել է հունիսին։ Այսինքն՝ առնվազն 6-7 ամիս է տեւում քաղաքացիություն ձեռք բերելու պրոցեսը»։ Նա հիշեցրեց, որ քաղաքացիության ձեռք բերումը կապված է բնակապահովման ծրագրի հետ՝ եթե անձը ՀՀ քաղաքացիություն չի ստացել, չի կարող ձեռք բերել բնակարան։