Լիլիթ Գալստյան․ Այդ դեմարշով խնդիրները չեն լուծվում, ընդհակառակը

«Մեկ անգամ եւս մենք փաստեցինք, որ իշխող քաղաքական ուժի համար Արցախի հարցը ցեղասպանությամբ փակված է։ Նրանք լեգիտիմացնում են Ալիեւի ցեղասպանական քաղաքականությունը՝ ցեղասպանության ճանապարհով փակելու Արցախի էջը։ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանական գործողություն էր, եւ այդ մարդիկ այստեղ են էթնիկ զտման ու ցեղասպանական գործողության հետեւանքով»,- Ազգային ժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով քննարկումից հետո լրագրողներին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ կառավարության անդամները եւ ՔՊ խմբակցության պատգամավորները մոտ 20 րոպե մասնակցելուց հետո բոյկոտել էին այսօրվա քննարկումը։ Պատճառն այն էր, որ քննարկումից առաջ Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ քննարկմանը մասնակցում են Արցախի խորհրդարանի պատգամավորներն ու պաշտոնյաները։

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես էր պատճառաբանել իրենց քայլը«Մեզ ասել էին, որ քննարկումը կլինի Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին վերաբերող, բայց տեսանք, որ սա կարծես թե վերածվել էր միջխորհրդարանական հանդիպման, ինչ-որ պաշտոններ էին հնչում։ Մենք բազմիցս ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկու խորհրդարան, երկու կառավարություն»։

«Մարդիկ Արցախի խորհրդարանի վերջին ներկայացուցիչներն են, բա ինչպե՞ս դիմեի։ Այսինքն՝ 37 թի՞վն է՝ փակել մարդկանց բերանը, մոռանալ ինքնությունդ, թե դու ով ես եղել»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ միջխորհրդարանական քննարկում անելու նպատակ չուներ, օրակարգում արցախցիների սոցիալական խնդիրներն էին։

«Այդ դեմարշով խնդիրները չեն լուծվում, ընդհակառակը, այստեղ չի եղել որեւէ քաղաքական ելույթ, բոլոր խնդիրները՝ քաղաքացիության, բնակարանային, կրթական եւ այլ իրավունքների մասին էին։ Եվ կառավարության ներկայացուցիչների շահագրգռվածությունը պետք է լիներ հասկանալու, ընկալելու, թե ինչ խնդիրներն կան, եւ լուծումներ տային»,- հավելեց Գալստյանը։