
Մի քանի հատված Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Վեհաժողովի նիստում հնչեցրած և խաղաղությունը խնամող ելույթից, որի իմաստն այն է, որ Ադրբեջանը չի համաձայնվում բացել Նախիջևանը։ Ալիևն այս անգամ չի մասնակցել նիստին՝ նա Թուրքիայի հետ միասին զբաղված է Արցախում և Նախիջևանում զորավարժություններով, “Խաղաղության կամրջի” քանդմամբ և հայկական մշակույթի զավթմամբ
“Այո, ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության եւ խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։
Նախագահ Թրամփի անձնական ներկայությունը գործնական եւ խորհրդանշանական արտահայտություններ ունի նաեւ գետնի վրա։
2025 թվականի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Խաղաղության հռչակագրի չորրորդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
TRIPP նախագծի իրագործումն, ըստ այդմ, շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ նահանգների միջեւ ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։
TRIPP նախագծի գործնական արտահայտություններից մեկը 2025 թվականի օգոստոսի 8–ին իմ եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված եւ ԱՄՆ նախագահի կողմից՝ որպես վկա ստորագրված Խաղաղության հռչակագրի 3–րդ կետի իրագործումն է լինելու։
Հռչակագրի 3–րդ կետում ասվում է․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների (այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի) միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետեւ Հայաստանն իր հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ երկաթուղային կապ չունի, եւ դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, եւ դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։
Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի եւ Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած եւ հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, եւ իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։
Բայց սա ունենալու է նաեւ հսկայական միջազգային նշանակություն, որովհետեւ նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։
Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։
Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատեցին այս տարվա հունիսի 7–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։
Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, եւ արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել եւ իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային եւ այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաեւ զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը եւ Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։
Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։
Այս հարցերի դեռեւս չլուծված լինելու հետ մեկտեղ՝ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որեւէ այլ բանի մասին։
Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմնական թեման պետք է լինի։ Արդեն երկուսուկես տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, եւ սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, եւ սա բնական գործընթաց է, որովհետեւ նախորդող ողջ շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։
Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, եւ մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, եւ ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մեր մյուս երկու հարեւանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարեւորություն եւ մեր բարիդրացիությունը շարունակում է զարգանալ եւ խորանալ։
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու Հայաստանի եւ Կենսաբազմազանության միջազգային օրակարգի համար այդ կարեւորագույն միջոցառմանը։