Արցախցիների գույքային քեյսերը ՄԻԵԴ տանելը՝ ռազմավարական նպատակ է

2025 թվականի սկզբից ի վեր «Արցախ միությունը», Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ու Արա Ղազարյանի գրասենյակի հետ, արդեն 600-ից ավելի դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շուրջ 1300 արցախցիների անունից։ Այս փուլում մոտավորապես 400 դիմում պատրաստման փուլում է, և նախատեսվում է մինչև տարեվերջ ներկայացնել։ Այս մասին Արցախի Հանրային խորհրդի այսօրվա քննարկման ժամանակ ասաց «Արցախ միության» նախագահ, Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Սրա նպատակն այն է, որ օգտագործենք ՄԻԵԴ-ի մեխանիզմը՝ մեր իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար՝ առաջնահերթորեն կամ որպես համապարփակ իրավունք՝ վերադարձի իրավունքը, բայց կապելով գույքի իրավունքի հետ, քանի որ մարդիկ, ըստ Եվրոպական կոնվենցիայի, տուն վերադառնալու, իրենց տանը ապրելու իրավունք ունեն»,- նշեց Բեգլարյանը։

Նա նշեց՝ նպատակ կա ավելի շատ դիմումներ տանել միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, բայց, ցավոք սրտի, ռեսուրսներ չունեն՝ հիմնական աշխատանքը կատարվել է կամավորական ջանքերով։

«Իսկ մեզ համար սա շատ-շատ ռազմավարական ուղղություն է։ Ինչո՞ւ, որովհետև ՄԻԵԴ որոշումները ստանալով՝ 10, 15, 20 տարի հետո մենք ունենալու ենք անառարկելի իրավական ակտեր՝ կոնկրետ անձանց, ընտանիքների մասով։ Եվ դա հնարավոր է լինելու որպես նախադեպ կիրառել ամբողջ ժողովրդի համար։ Սա բարենպաստ պայմաններում ու ազգային պետության առկայության պայմաններում շատ լուրջ դիվանագիտական, քաղաքական, իրավական գործիք է դառնալու, չհաշված, որ յուրաքանչյուր անհատ արցախցու իրավունքների պաշտպանության մեխանիզմ է։ Ավելի լավը, ցավոք սրտի, չունենք, այդ պատճառով խիստ ցանկալի է, որ հնարավորինս շատ արցախցիների կարողանանք օգնել, որ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշեց Բեգլարյանը։