
Արցախի Հանրային խորհրդի այսօրվա քննարկման ժամանակ Արցախի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ներկարացրեց Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցերը։
«Մեր բոլոր հրապարակումները և զեկույցները, որոնք ներկայացնում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, մինչ օրս արձանագրված վանդալիզմի բոլոր դեպքերի մասին են։ Եվ եթե մենք այդ ամենը ընդհանուր հանրագումարի ենք բերում, խոսքը 1000-ից ավելի արձանագրված վանդալիզմի դեպքերի մասին է»,- ասաց նա։
Ընդ որում, բոլոր դեպքերի մասին առկա է բավականաչափ ապացուցողական բազա՝ արբանյակային լուսանկարներ, միջազգային հետազոտող կազմակերպությունների զեկույցներ, ադրբեջանական մեդիառեսուրսներում հրապարակված տեսանյութեր և լուսանկարներ։
«Ու այս ամենի ծավալը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ»,- հայտարարեց Ավանեսովը։
Արցախցիներին թույլ չեն տվել տաղավարներ ունենալ COP17 միջոցառման շրջանակներում, բայց արցախցիները չեն լռում եւ այս օրերին ներկայացնում են տարբեր փաստեր, թե ինչ վայրագություններ է գործել Ադրբեջանը Արցախի տարածքում։
«Եվ մենք այս համատեքստին զուգահեռ նաև անդրադարձ ենք կատարում այն տեսանկյունից, որ արգելված զինատեսակների կիրառումը ոչ միայն վնաս է հասցնում կենսաբազմազանությանը, մեր բնական միջավայրին, այլ նաև իր ազդեցությունն ունի այդ լանդշաֆտների շրջանակներում առկա մեր պատմաճարտապետական հուշարձանների վրա։ Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնց պատմական գերեզմանոցների մերձակայքում բավականաչափ անտառածածկ տարածքներ կան, նույն խնդիրն ունենք վանական համալիրների պարագայում»,- նշեց նա։
Այս դեպքերին զուգահեռ, ըստ Ավանեսովի, շատ կարևոր է խոսել նաև այն յուրացման քաղաքականության մասին, որն Ադրբեջանն իրականացնում է։
«Այս շրջանում շատ է խոսվում աղվանականացման թեզի մասին, բայց պետք է արձանագրենք, որ սա նոր երևույթ չէ. առնվազն 1950–60-ական թվականներից է ձևավորվել։ Բայց եթե այն ժամանակահատվածում այս կեղծ թեզի աշխարհագրությունը սահմանափակվում էր Արցախով, Ուտիքով, Նախիջևանով, ապա առնվազն 2000-ականների սկզբից մինչ օրս ներառում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը, Վրաստանի տարածքում գտնվող հայկական տասնյակ եկեղեցիներ։ Եվ նույն վտանգն է սպառնում նաև Արևմտյան Հայաստանում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն»,- նշեց նա։
Եվ այս ամենին զուգահեռ, որոշակի շրջանակներում տարածվում է մի մոտեցում, որ եթե Ադրբեջանը «աղվանական» է հռչակում մեր պատմաճարտապետական հուշարձանները, ապա այդ հուշարձաններին վտանգ չի սպառնում։ «Ես պետք է հիասթափացնեմ նման մոտեցում ունեցող մեր որոշ գործընկերներին և ընդհանրապես այս մոտեցումով կիսվող միջազգային փորձագետներին, որովհետև բազմաթիվ հակառակ ապացույցներ ունենք։ Նախիջևանի պատմաճարտապետական ժառանգությունը դրա ապացույցն է, Արցախի տարածքում առնվազն վերջին արձանագրված դեպքերը այդ մասին են վկայում։ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին որակում էր որպես աղվանական, հիմա ոչ եկեղեցին կա, ոչ գյուղը։ Նույն որակումը տրվում էր նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն Շուշիում որը ևս հիմնովին ավերված է։ Եվ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նպատակն ամբողջ տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է»,- հավելեց նա։
Հովիկ Ավանեսովն ասաց, որ իրենց բոլոր հրապարակումներում հիմնական շեշտադրումն այն է, որ այն, ինչ ոչնչացվում է Արցախում, դա միայն հայկական մշակութային ժառանգություն չէ, դա համամարդկային արժեք ներկայացնող ժառանգության ոչնչացում է։ Եվ յուրաքանչյուր նման արձանագրված դեպք հարված է ոչ միայն մեր ինքնությանը, այլև հարված է ամբողջ քաղաքակրթությանը։
«Եվ այս համատեքստում, երբ մենք տեսնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պատասխանատուների պատասխանը, թե՝ մենք տեղյակ չենք՝ Արցախում ինչ է կատարվում, նման հայտարարություն անողները բացառապես ստում են։ Ես ընդամենը մի օրինակ բերեմ՝ միայն մեր գրասենյակի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին 30-ից ավելի փաստագրական տեքստեր և զեկույցներ են ուղարկվել։ 2025 թվականին Նիդերլանդներում գործող «Նիդերլանդական օրագիր» կայքի հետ համատեղ Արցախի և Նախիջևանի հետ կապված մոտ 30-էջանոց զեկույց ենք ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին, որտեղ բոլոր դեպքերը փաստագրված են՝ հղումներով, արբանյակային լուսանկարներով։ Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ պետք է ընդգծենք, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը նաև դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Իսկ ինչպես գիտենք, պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն՝ հաշվի առնելով, որ դեռևս 1968 թվականին պատերազմական հանցագործների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիա է ընդունվել։ Եվ մեր ամենակարևոր խնդիրը պետք է լինի այն, որ չսպասենք, թե Ադրբեջանն այլ ինչ հուշարձան է ոչնչացնելու, թե Ադրբեջանն այլ ինչ հուշարձան է որպես աղվանական ներկայացնելու կամ այլ ձևակերպումներով։ Մենք մեր պատմական ժառանգությունը պետք է ներկայացնենք բոլոր հնարավոր հարթակներում»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով Արցախի համույթների հետ կապված միջադեպին է, որ Վիեննայում արգելեցին մասնակցել փառատոնին, Ավանեոսովն ասաց․ «Սա խոսում է այն մասին, որ մշակութային ժառանգության հետ կապված խնդիրները Ադրբեջանն օգտագործում է հակահայկական քաղաքականության նպատակով։ Եվ այս համատեքստում նույն տիրույթում է նաև Ինտերպոլին ուղղված այսպես ասած դիմումը՝ Դադիվանքի խաչքարերի հետ կապված։ Մեր հիմնական արձանագրումը, շեշտադրումը եղել է այն, որ Ինտերպոլը նման հարցերին խառնվելու իրավունք չունի»,- ասաց նա։
Նա նշեց, որ համագործակցում են միջազգային շրջանակների և փորձագետների հետ․ «Մենք համագործակցություն ունենք հատկապես Գերմանիայում Բունդեսթագի պատգամավորների հետ, «ՀայաՔվե»-ի շնորհիվ մենք որոշակի կապեր ունենք նաև Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ։ Այսինքն՝ այս շրջանակը գնալով ընդլայնվում է»։