
Արցախի Հանրային խորհրդի այսօրվա քննարկման ժամանակ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Արցախ խորհրդարանի անելիքներին։
«Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այդպես էլ չի վավերացրել Ցեղասպանության մասին կոնվենցիան։ Հիմա ես չեմ գտնում, որ Արցախի Հանրապետությունը ընդհանրապես չունի միջազգային սուբյեկտություն։ Խիստ հակառակը՝ կան գիտական և ոչ միայն հոդվածներ, որոնք ապացուցում են, որ չճանաչված պետությունները՝ այն էլ՝ գրեթե 30 տարի քննարկվող միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով, ունեն միջազգային մասնակի սուբյեկտություն։ Հիմա այդ մասնակի սուբյեկտությունը պետք է անընդմեջ ինչ-որ ձևով արտահայտվեր Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ Ազգային ժողովի կողմից։ Եվ 2023 թվականից հետո էլի ես չեմ տեսնում, որ այն պահանջված ակտիվությունը, որը պետք է ցուցաբերի Արցախի Ազգային ժողովը»,- ասաց նա։
Ալավերդյանը հավելեց․ «Ինչո՞ւ եմ այստեղ ասում, որովհետև դուք եք Հանրային խորհուրդ, եթե իրենք չեն ուզում անել, պիտի ստիպեք, ուզում են, չեն ուզում՝ պիտի անեն։ Իրականում մենք բավականին ճգնաժամային պահ ենք ապրում։ Եվ էլի եմ ասում՝ ինչո՞ւ Ազգային ժողովը չի վավերացնում Ցեղասպանության մասին կոնվենցիան։ Եթե չի վավերացնում, այդ ի՞նչ իրավունքով եք խոսում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է գործել Արցախում։ Մի որոշում կա՞ Արցախի Ազգային ժողովից կամ Հանրային խորհուրդից, որ Ադրբեջանը սուբյեկտ է, ցեղասպանագործ է։ Չկա այդպիսի որոշում։ Այսինքն՝ մենք ամեն անգամ այս հարցը թողնում ենք լրագրողական կամ ամենաշատը փորձագիտական մակարդակում»։
Հանրային խորհրդի քարտուղար Նարե Սիմոնյանն ասաց․ «Չեմ ուզում արդարացնել, բայց Հանրային խորհուրդը, ասեցի, որ բարդ իրավիճակում և բարդ պայմաններում է ստեղծվել։ Կարծում եմ՝ Ազգային ժողովի պատգամավորներն էլ կհաստատեն՝ մենք առավելագույնն անում ենք՝ առնվազն հորդորելով, ինչքանով կարող ենք օգտակար լինելով, որ ունենանք Ազգային ժողովի ամբողջական կազմ, նախագահ և այլն։ Ինչ վերաբերում է ձեր ասած դիտարկումներին, կընդունենք ի գիտություն։ Ինքներս ունենք որոշակի ծրագրեր, ինչը չենք հասցրել անել, բայց անպայման անելու ենք, այդ թվում նաև ձեր նշածներից»։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց․ «Քանի որ Տիկին Ալավերդյանը բոլոր այս տարիներին միշտ ուշադիր է եղել Արցախի գործընթացների հանդեպ, շատ ճիշտ է ասում։ Եվ որպեսզի այդ ճշմարիտ խոսքը նաև ապացուցված լինի՝ 1993-94 թվականներին Արցախի Գերագույն խորհուրդն ընդունել է Ժնևի կոնվենցիաները։ Դա տեղի է ունեցել պատերազմի տարիներին, այսինքն՝ չենք ասել՝ սպասենք պատերազմն ավարտվի։ Հետո 2010-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովն ընդունել է միջազգային մի քանի կոնվենցիաներ: Այն ժամանակ երևի այդպիսի սպասումներ չկային, որ մենք պետք է անդրադառնանք հենց ցեղասպանության հարցին, բայց շատ ճիշտ և դիպուկ կլինի, որ հենց այս ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովը նորից վերադառնա միջազգային կոնվենցիաներ ընդունելու իր պրակտիկային և դրանով նաև ապացուցի, որ Ազգային ժողովն աշխատում է, գործում է ոչ միայն ներքին իր հարցերը քննարկելու և դրանց լուծումներ տալու, այլև միջազգային սուբյեկտայնությունը հաստատելու իմաստով»։
Ղուլյանը հավելեց․ «Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե Հանրային խորհուրդն այս առաջարկությունն անի Ազգային ժողովին, կողքից մենք էլ կօգնենք, որպեսզի դա տեղ հասնի։ Ես առաջարկում եմ, որ Հանրային խորհուրդն այդ պատասխանատվությունը վերցնի և շարունակի: Վստահ եմ, որ մի քանի ամսից հետո մենք արդեն որոշակի արդյունք կունենանք սեղանի վրա, որովհետև չէի ուզի շատ հրապարակայնացնել, բայց շատ մեծ բաներ սպասել այսօր Արցախի Ազգային ժողովից, որը ձևավորվել է 2020 թվականի քաղաքական իրողությունների արդյունքում, մի քիչ միամտություն կլինի»։