
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել հանրային քննարկում՝ անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգում և պայմաններում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ։ Քննարկումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։
Քննարկմանը մասնակցել են նախարարության ներկայացուցիչներ, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ։ Խոսնակներից էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը, որը ներկայացրել է գործող համակարգում առկա խնդիրներն ու առաջարկություններ՝ դրանց լուծման ուղղությամբ։
Քննարկման ընթացքում բարձրացված հարցերը կարևոր են ոչ միայն անձնական օգնականի ծառայությունից օգտվողների, այլև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ավելի լայն համատեքստում։ Դրանցից հատկապես առանձնանում է անժամկետ հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց կրկնակի փորձաքննության հարցը։
Արմեն Ալավերդյանն առաջարկել է անժամկետ հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց չպարտավորեցնել կրկին անցնել հանձնաժողովային գործընթացներ և վերահաստատել արդեն իսկ ճանաչված կարգավիճակը։
Այս առաջարկը հատկապես կարևոր զուգահեռ է ստեղծում Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հետ։ Նրանց մի մասը Արցախում ունեցել է անժամկետ հաշմանդամության կարգավիճակ, սակայն Հայաստանում ստիպված է բախվել կարգավիճակի ճանաչման և կրկնակի գնահատման խնդիրներին։ Պատերազմի, տեղահանության և կյանքի կտրուկ փոփոխության հետևանքով առանց այդ էլ բազմաթիվ դժվարությունների առաջ կանգնած մարդիկ ստիպված են անցնել լրացուցիչ վարչական գործընթացներով՝ կրկին հաստատելու իրենց կարիքները։
Այս համատեքստում Ալավերդյանի առաջարկը կարևոր է նաև արցախցիների համար․ ինչո՞ւ պետք է մարդը կրկին ապացուցի արդեն իսկ ճանաչված հաշմանդամությունը, եթե դրա կարգավիճակը սահմանված է անժամկետ։
Պետական համակարգը պետք է ոչ թե լրացուցիչ խոչընդոտներ ստեղծի, այլ ապահովի իրավունքների շարունակականությունը՝ հատկապես տեղահանության հետևանքով խոցելի դարձած մարդկանց համար։
Մյուս կարևոր հարցը անձնական օգնականների վարձատրության անհավասարությունն է։
Քննարկման ընթացքում բարձրաձայնվել է ընտանիքի անդամ հանդիսացող և ընտանիքից դուրս անձնական օգնականների վարձատրության տարբերությունը վերանայելու անհրաժեշտությունը։ Նախատեսվող փոփոխությունների համատեքստում քննարկվել է վճարումների տարբերակված մոտեցումը, որի համաձայն՝ ընտանիքից դուրս օգնականների վարձատրությունը կարող է կազմել ավելի քան 2000 դրամ, մինչդեռ ընտանիքի անդամ հանդիսացող օգնականների համար նախատեսվում է շուրջ 750 դրամ։ Նկատենք, որ հիմա բոլորի համար նույն չափն է սահմանված՝ 1075 դրամ։
Այս տարբերակումը լուրջ հարցեր է առաջացնում սոցիալական արդարության տեսանկյունից։ Հատկապես հաշվի առնելով, որ, ըստ նախարարության ներկայացուցիչների ներկայացրած տվյալների, անձնական օգնականների շուրջ 90 տոկոսը շահառուների ընտանիքի անդամներն են։
Սրանք մարդիկ են, որոնք տարիներ շարունակ խնամում են իրենց հարազատներին, գիտեն նրանց առողջական վիճակը, անհատական կարիքներն ու առօրյա դժվարությունները։ Հաճախ այդ աշխատանքը կատարվում է շուրջօրյա՝ առանց հանգստի և առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման։ Եւ հենց նրանց տրվող վճարն է առաջարկվում կրճատել։
Ալավերդյանն առաջարկել է նաև վերանայել անձնական օգնականների վերապատրաստման պայմանները՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների երկարամյա գործնական փորձը։ Տարիներ շարունակ խնամք իրականացրած մարդկանց նկատմամբ նույն մոտեցումը կիրառելը, ինչ ծառայության ոլորտում փորձ չունեցող անձանց դեպքում, կարող է լրացուցիչ և ոչ միշտ անհրաժեշտ խոչընդոտներ ստեղծել։
Ընտանիքի անդամների աշխատանքի արժևորումը հատկապես կարևոր է նաև այն ընտանիքների համար, որոնք տեղահանության հետևանքով կորցրել են իրենց նախկին սոցիալական և տնտեսական կայունությունը։ Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց շատ ընտանիքների համար խնամքն արդեն իսկ դարձել է առօրյա կյանքի հիմնական և հաճախ չվարձատրվող աշխատանքը։ Նրանց համար անձնական օգնականի ծառայության հասանելիությունն ու արդար վարձատրության մեխանիզմը կարող են էական նշանակություն ունենալ ընտանիքի սոցիալական վիճակի և շահառուի անկախ կյանքի հնարավորությունների համար։
Անձնական օգնականի ծառայության բարեփոխումը չպետք է սահմանափակվի միայն վարչական կարգավորումների փոփոխությամբ։ Անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես շահառուների իրական կարիքները, այնպես էլ նրանց ընտանիքների տարիների աշխատանքը և այն առանձնահատուկ հանգամանքները, որոնցում հայտնվել են Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք։
Արսեն Աղաջանյան