
Արցախից բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում հաստատված մեր հայրենակիցները շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական, իրավական և վարչական խնդիրների։ Նոր պայմաններում իրենց իրավունքների իրացման, պետական աջակցության ծրագրերից օգտվելու, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, բնակարանային ապահովման և բազմաթիվ այլ հարցերի լուծումը հաճախ պահանջում է ոչ միայն համապատասխան տեղեկատվություն, այլև մասնագիտական ուղղորդում և հետևողական աջակցություն։
Այս գործընթացում կարևոր դեր ունի Արցախի ներկայացուցչության գործունեությունը, որի նպատակներից է հայրենակիցների կողքին լինելը, նրանց բարձրացրած խնդիրներին արձագանքելը և հնարավորության սահմաններում դրանց լուծմանն աջակցելը։
Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ ներկայացուցչությունում իրավախորհրդատվական ծառայություն է մատուցվում մեր հայրենակիցներին, որի աշխատանքն ուղղված է արցախցիների իրավական իրազեկվածության բարձրացմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը և պետական կառույցների հետ հարաբերություններում առաջացած դժվարությունների հաղթահարմանը։
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ մեր հարցերին պատասխանեց Արցախի ներկայացուցչության հասարակական հիմունքներով աշխատակից Անի Հովհաննիսյանը։
– Արցախի ներկայացուցչության շենքում հասարակական հիմունքներով իրականացնում ենք իրավախորհրդատվական աշխատանք՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին իրենց առջև ծառացած իրավական և վարչական խնդիրների լուծման հարցում։
Մասնավորապես, տրամադրում ենք խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև սոցիալական աջակցության այլ ծրագրերի վերաբերյալ։
Օգնում ենք նաև կողմնորոշվել պետական մարմինների հետ հարաբերություններում, պարզաբանել անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման և ներկայացման կարգը, կազմել դիմումներ, հասկանալ վարչական ընթացակարգերը և անհրաժեշտության դեպքում գտնել իրավական խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։
Մեր գործունեության հիմնական նպատակն է աջակցել հայրենակիցներին իրենց իրավունքների իրացման և պաշտպանության հարցում՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն և մասնագիտական ուղղորդում։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ մարդիկ իրենց խնդիրների առջև միայնակ չմնան, իմանան իրենց իրավունքները և կարողանան օգտվել օրենքով իրենց վերապահված հնարավորություններից։
– Որո՞նք են այն հիմնական իրավական և վարչական խնդիրները, որոնց այսօր առավել հաճախ բախվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ո՞ր հարցերով են նրանք առավել հաճախ դիմում Ձեզ։
– Խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Դրանք հիմնականում պայմանավորված են ինչպես տեղահանության հետևանքով առաջացած հանգամանքներով, այնպես էլ Հայաստանի պետական համակարգում տարբեր իրավական և վարչական գործընթացներ անցնելու անհրաժեշտությամբ։
Ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի ձգձգումն է։ Շատերը ամիսներով սպասում են գործընթացի ավարտին, բախվում փաստաթղթային բարդությունների, անհրաժեշտ տեղեկատվության պակասի, հերթերի և տարբեր պետական կառույցների միջև ուղղորդումների։
Մյուս կարևոր ուղղությունը բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին առնչվող հարցերն են։ Մարդիկ հաճախ ունենում են ծրագրի պայմանների, շահառու ճանաչվելու չափանիշների, անհրաժեշտ փաստաթղթերի և դիմելու ընթացակարգերի վերաբերյալ հարցեր։
Բացի այդ, բազմաթիվ դիմումներ վերաբերում են սոցիալական աջակցության ծրագրերին, տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև պետական մարմինների կողմից կայացված որոշումների կամ գործողությունների հետ կապված խնդիրներին։
Շատ դեպքերում քաղաքացիները պարզապես չգիտեն՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որ մարմնին պետք է դիմեն և ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Այս անորոշությունը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում այն մարդկանց համար, որոնք արդեն իսկ ստիպված են եղել հաղթահարել տեղահանության ծանր հետևանքները։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա հասկանալու իր իրավունքները և պաշտպանելու դրանք։ Մեր խնդիրն այդ ճանապարհին լինել վստահելի և հասանելի աջակցող օղակ։
– Ձեր աշխատանքում, հավանաբար, հանդիպում եք նաև բարդ և երկարատև լուծում պահանջող դեպքերի։ Ինչպե՞ս եք փորձում աջակցել այն քաղաքացիներին, որոնց խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ խորհրդատվության շրջանակում։
– Իսկապես, կան խնդիրներ, որոնց լուծումը մեկ հանդիպմամբ կամ խորհրդատվությամբ հնարավոր չէ։ Որոշ գործընթացներ ենթադրում են բազմաթիվ փաստաթղթերի հավաքագրում, պետական տարբեր մարմիններին դիմում, լրացուցիչ պարզաբանումների ստացում և որոշ դեպքերում՝ երկարատև սպասում։
Նման իրավիճակներում կարևոր ենք համարում ոչ միայն սկզբնական խորհրդատվությունը, այլև քաղաքացուն գործընթացի տարբեր փուլերում ճիշտ ուղղորդելը։
– Ի՞նչ կցանկանայիք ասել այն արցախցիներին, որոնք այսօր բախվում են տարբեր իրավական կամ սոցիալական խնդիրների, սակայն չգիտեն՝ ինչպես և որտեղից սկսել դրանց լուծումը։
– Կցանկանայի մեր բոլոր հայրենակիցներին հորդորել չհրաժարվել իրենց իրավունքների պաշտպանությունից և խնդիրների առաջացման դեպքում ժամանակին դիմել մասնագիտական խորհրդատվության։
Երբեմն մարդիկ հուսահատվում են՝ մտածելով, որ իրենց խնդիրը լուծում չունի։ Սակայն շատ դեպքերում ճիշտ տեղեկատվությունը, մասնագիտական ուղղորդումը և հետևողական աշխատանքը կարող են օգնել գտնել լուծման հնարավոր ուղիները։
Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում լինել մեր հայրենակիցների կողքին, աջակցել նրանց խնդիրների վերհանմանն ու լուծման ճանապարհների որոնմանը և նպաստել, որ յուրաքանչյուրն իր իրավունքների պաշտպանության հարցում ստանա անհրաժեշտ աջակցությունը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ