
Վարշավայի կառավարության տվյալներով՝ նոյեմբերի 20-ի գիշերը Ուկրաինայի դեմ ռուսական օդային հարվածների ժամանակ մի քանի թռչող սարք ներխուժել են Լեհաստանի օդային տարածք և պայթել նրա տարածքում։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ բեկորներ հայտնաբերվել են երեք վայրերում։ Նա ասել է, որ օբյեկտներից երկուսը, հավանաբար, թևավոր հրթիռներ են եղել, իսկ երրորդը՝ անօդաչու թռչող սարք։ Զոհեր չկան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի վրա Ռուսաստանի հարձակմանը։ Նա պնդել է, որ անօդաչու թռչող սարքի և հրթիռային ներխուժումը «սխալմամբ» է եղել։ Նախագահը այս հայտարարությունն արել է Fox News-ի մեկնաբանության մեջ։
«Պուտինը սխալմամբ անօդաչու թռչող սարքեր և մի քանի փոքր հրթիռներ է արձակել Լեհաստանի վրա», – ասել է ԱՄՆ նախագահը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով հարձակումը, վստահեցրել է, որ «ոչ ոք չի ձևացնի, թե սա միամիտ պատահար է»։ Նա նաև քննադատել է Վաշինգտոնի չափազանց մեղմ դիրքորոշումը, որը վախենում է սրացումից։ «Նրանք չեն ցանկանում, որ պատասխան միջոցառումները նոր լարվածություն հրահրեն, և ես դա հասկանում եմ։ Բայց ես միշտ չէ, որ, մեղմ ասած, համաձայն եմ այն բանի հետ, թե ինչպես է ամերիկյան կողմը գնահատում և մեկնաբանում նման միջադեպերը», – ասաց Տուսկը։
Վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել նախարարների, լեհական զինված ուժերի ղեկավարների և հետախուզական ծառայությունների մասնակցությամբ՝ միջադեպը քննարկելու համար։
Դոնալդ Տուսկը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է Լեհաստանի տարածքում հրթիռի և անօդաչու թռչող սարքի միջադեպի մասին և ստացել համերաշխության երաշխիքներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Մենք Դոնալդ Տուսկի հետ խոսել ենք երեկ երեկոյան Լեհաստանի օդային տարածքի լուրջ խախտումների մասին։ <…> Մենք համերաշխություն ենք հայտնում Լեհաստանին և կշարունակենք ամրապնդել մեր զսպման և պաշտպանության կարողությունները», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։
Ըստ դաշինքի ղեկավարի՝ ՆԱՏՕ-ն ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Ռյուտեն միջադեպը անվանել է Ուկրաինայում հակամարտության «հետևանք» և վստահեցրել Կիևին դաշինքի աջակցության մեջ։
Տուսկը նշել է, որ կասկած չունի, որ Լեհաստանում կործանված թռչող օբյեկտները ռուսական ծագում ունեն։ «Կարծես թե մենք գործ ունենք դիտավորյալ սադրանքի հետ», – ասել է նա մամուլի ասուլիսում։
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանի օդային տարածքի խախտումները հստակ ցույց են տալիս, թե ինչու պետք է Լեհաստանը մասնակցի Ուկրաինայում խաղաղության բանակցություններին։ «Այսօր ավելի քան երբևէ ավելի պարզ է, որ Լեհաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի ապագային և Եվրոպայում անվտանգությանը վերաբերող որոշումներին և քննարկումներին», – ասաց Տուսկը։