Երիցյան. 24-ամյա արցախցու մահվան պատճառը բժշկական սխալը կարող էր լինել

Արմավիրում «Տիր» օդաճնշիչ հրացանի պատահական կրակոցի հետևանքով 24-ամյա երիտասարդի մահվան պատճառը կարող էր բժշկական սխալը լինել։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նոյեմբերի 18-ի երեկոյան Արմավիրի Արևիկ գյուղի իր տան բակում 25-ամյա տղամարդը «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։ Տղամարդը նոյեմբերի 19-ին մահացել է հիվանդանոցում, իսկ 25-ամյա տղամարդը ձերբակալվել է։ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի է ունեցել արցախցիների ընտանիքում։
Երիցյանի խոսքով՝ ընտանիքներն այժմ շատ ծանր հոգեբանական վիճակում են, իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնված 25-ամյա երիտասարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, ունի 1 անչափահաս երեխա, կինն էլ հղիության 9-րդ ամսում է։
«Օդամղիչ հրացանով ստացված վնասվածքից հետո այդ տղան գտնվում էր լրիվ գիտակցության մեջ։ Տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, 2 ժամ անկապ հետազոտություններ իրականացնելուց հետո որոշում է կայացվել կատարել վիրահատություն, սակայն տղան վիրահատարանում մահացել է սովորական «Տիր» հրացանով ստացված վնասվածքի հետևանքով, որ անգամ շշի վրա կրակում ես՝ որևէ հետևանք չի թողնում»,- նշում է Երիցյանը, որը ստանձնել է կրակոց արձակած երիտասարդի իրավական պաշտպանությունը։
Փաստաբանն արդեն հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմնին, որ անձի կյանքից զրկվելու պատճառը ոչ թե օդամղիչ հրացանից ստացված վնասվածքն է, այլ բժշկական սխալը։