Սիմոնյան․ Երևան գալու Ալիևի մերժման մասին պաշտոնական տեղեկություն չկա

«Պատրաստ եղեք, հարգելի ժողովուրդ, որ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են, եւ մենք այդ շփումները խորացնելու ենք»,- այսօր խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի այն տեղեկատվությանը, թե Ալիեւը չի այցելի Հայաստան եւ չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նման պաշտոնական տեղեկատվություն չկա։ «Հրավերը բոլոր երկրներին է ուղարկվել, եւ մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահներն այդ միջազգային մեծ կոնֆերանսին ներկա կգտնվեն։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- նշեց Սիմոնյանը։

Նա ասաց, որ Ադրբեջանի Մեջլիսի նախագահն իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք ՀՀ գալու հետ կապված որեւիցե խնդիր չունեն։

Ալեն Սիմոնյանը չի նշել, թե երբ են ադրբեջանցիները խնդիրներ ունեցել Հայաստան մուտք գործելու հարցում: Երևանը երբեք չի արգելել Բաքվի պաշտոնյաներին, լրագրողներին կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին այցելել Հակաստան, այդ թվում Արցախ, սակայն այցելածների մեծ մասը հետագայում բանտարկվել են Բաքվում հայերի հետ համագործակցելու մեղադրանքով կամ ստիպված են եղել լքել երկիրը: Հետևաբար, ոչ թե Երևանը պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրի Հայաստան այցելողներին, այլ Բաքուն, որը, իր սեփական նպատակներին հասնելու համար, նման երաշխիքներ կտրամադրի միայն նրանց, ովքեր կրում են որոշակի ուղերձ: Օրինակ՝ «էկոակտիվիստին», որը մասնակցել է Արցախի շրջափակմանը:

Մեծ-Մեծ խոսելով չէ. Ալեն Սիմոնյանն արցախցիների վերադարձի մասին

«Եկեք մի բան հասկանանք՝ էդ որ ըտենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում եմ հասկանալ՝ դուք կամ էդ, ով տարածում է, ասում է՝ ՔՊ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրենք պատրա՞ստ են ապահովել էդ մարդկանց հետվերադարձը, անվտանգությունը։ Լո՞ւրջ եք ասում, կա՞ մարդ, որը հիմա կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որեւիցե բնակավայր։ Մեծ-Մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ էլի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ջանքերով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւում չներառվեց արցախցիների վերադարձի հարցը։ Այս առաջարկն արել էին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները։ ՔՊ-ական Արման Եղոյանն ասել էր․ «Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատում են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ բնական է՝ ինչ-որ ժամանակ անց, երբ հարաբերությունները կնորմալանան, ինչ-որ մարդիկ կարող են գնալ Արցախ, գուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի։ «Բայց էսօր խոսել, էդ ի՞նչ կենաց է, ո՞ւմ եք ձեռ առնում։ Այսինքն՝ հիմա Ղարաբաղի բնակիչներ կա՞ն, մարդիկ կա՞ն, որ ուզում են գնան, Հայաստանի իշխանություններն ասում են՝ չէ, մի գնացեք, մենք դե՞մ ենք»,- ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ «Մենք կարայինք երկրորդ Գազան դառնայինք, կդնեին Գազայի կվերածեին մեր տարածքը»։

«Գեղարքունիքի մարզում հիմա ունենք Ղարաբաղից տեղահանված 653 ընտանիք»․ մարզպետ

«Գեղարքունիքի մարզում հիմա ունենք Ղարաբաղից տեղահանված 653 ընտանիք։ Նախորդ ժամանակներում ավելի շատ էին ընտանիքները, բայց չգիտես խի մեր մարզից իրենք ցավոք տեղափոխվեցին։ Այս պահին ունենք 653 ընտանիք, որոնք ապրում են մեր մարզում»,- Ազգային ժողովում այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա անդրադարձավ խնդիրներին, որոնք բարձրաձայնում են արցախցիները։

«Պարբերաբար իրենց հետ հանդիպումներ ենք ունենում, իրենց վեր հանած խնդիրներին լուծում ենք տալիս։ Իրենց խնդիրները տարբեր են՝ անձնագրերի հետ կապված, քաղաքացիության հետ կապված, իրենց տրված վկայականների ծախսման հետ կապված։ Տարբեր են խնդիրները, բայց որեւէ մեկ վայրկյան իրենց խնդիրները մեր աչքից չի վրիպում»,- ասաց մազրպետը։

Հետհայկական Ստեփանակերտ․ արևմտյան լրագրողի լուսանկարները

Շոնը՝ հոր, տոնը՝ հոր:
Արցախյան ասույթ

RFE/RL ֆոտոշարք է հրապարակել Արցախից, անվանելով այն  «սյուրռեալիստական»:

Մատեո Չիվիլինին (Matteo Civillini) այն քիչ արևմտյան լրագրողներից է, ով մուտք է գործել Լեռնային Ղարաբաղ: Իտալացին ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ 2024 թվականի ապրիլին COP 29 կլիմայական գագաթնաժողովից առաջ պաշտոնական այցից հետո, գրում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը:

Չիվիլինին ասում է, որ լրագրողների շրջագայությունն անցել է մի քանի անվտանգության կետերով, որտեղ նրանց փաստաթղթերը մանրակրկիտ ստուգվել են մուտք գործելուց առաջ։

Նա պատմում է, որ այնտեղ տիրում էր սյուրռեալիստական, մի փոքր դիստոպիկ մթնոլորտ, որը նման էր հսկայական շինհրապարակի։ «Զարմանալի էր, թե որքան քիչ մարդիկ էին իրականում ապրում այնտեղ: Ճանապարհին միայն մի քանի մեքենաներ էին, հստակ անհամապատասխանություն էր կառուցվող շենքի մասշտաբների եւ տեղական ակնհայտ կարիքների միջեւ», ասել է լրագրողը

Հայաստանում էլ ճիշտ հակառակն է` շինարարություն «չկա», բայց մարդիկ կան (արցախցիներն իհարկե), որոնք տան կարիք ունեն: Երեւանի դատարկ նորակառույցները նույնքան սյուրռեալիստական են թվում, ինչպես Չիվիլինին է նկարագրում Արցախում տեղի ունեցող շինարարությունն այսօր: Տունը չորս պատը չէ, այլ մարդիկ, ինչպես հայտնի է:

Ամեն դեպքում, Ալիեւն ասում է, որ «մեծ վերադարձ» ծրագրով 50,000 ադրբեջանցիներ են վերդարձել «ազատագրված տարածքներ», ովքեր ապրում, սովորում եւ աշխատում են: Իսկ Էխո Բաքուն էլ ասում է, որ հինգ տարի անց ընդամենը 20,000 ադրբեջանցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

Մարութ Վանյան

Azerbaijan News 24 հրապարակած լուսանկարները Ստեփանակերտից:

Ռեալ Ստեփանակերտը, 25 դեկտեմբեր 2022

Պատմական պարադոքս. Գերմանիայի կանցլերը կողմ է, իսկ Էրդողանը դեմ է ցեղասպանությանը Իսրայելում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Անկարայում կհիշվի համատեղ ճեպազրույցի ժամանակ լարված դրվագով։ Bild-ը հաղորդում է, որ առաջնորդները բացահայտ վիճաբանել են Գազայում պատերազմի մասին։

Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայում Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումից հետո «ցեղասպանություն» է անվանել։ Ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Մերցը կրկին նշել է, որ Գերմանիայի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ անփոփոխ է մնում. Բեռլինը աջակցել է հրեական պետությանը դրա հիմնադրումից ի վեր։

Թուրքիայի առաջնորդը, որի երկիրը իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և ժխտում է իր մեղքը, վիճում է Գերմանիայի առաջնորդի հետ, որը ոչ միայն ընդունում է իր մեղքը հրեաների ցեղասպանության մեջ, այլև միլիարդավոր դոլարների փոխհատուցում և առայսօր կենսաթոշակներ է վճարում Հոլոքոստի զոհերին։

Գերմանիայի մեղքի բարդույթը հրեաների նկատմամբ այնքան խորն է, որ նույնիսկ Պաղեստինում տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը չի կարող ստիպել Բեռլինին մեղադրել Իսրայելին։ Քաղաքական նպատակահարմարությունը թույլ չի տալիս Մերցին նաև մեղադրել Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ։ Թեկուզ Իսրայելը նույնպես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ համագործակցելով Արևմուտքի հետ՝ հրեական օգնությամբ հիմնադրված Թուրքական Հանրապետությունը միջազգային մեղադրանքներից հուսալիորեն պաշտպանելու համար։

2016 թվականին Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց նաև իր մեղքը 1915 թվականի հայոց ցեղասպանության մեջ, սակայն այդ ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ դա չի ազդի կառավարության դիրքորոշման վրա։

Թուրքիան ոչ միայն հրաժարվում է լուծել Հայոց ցեղասպանության հետևանքների հարցը, այլև 2020-2023 թվականներին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ միասին օկուպացրեց հայկական Արցախը, պարտադրեց Հայաստանին ամոթալի կապիտուլյացիա, և այժմ աշխատում է վերացնել Հայկական Հանրապետությունը, որի Անկախության Հռչակագրում ներառված էր նաև ցեղասպանության հետևանքների լուծման հարցը։

Եվրոպան ձգտում է ճանաչել Հայաստանի խորհրդային սահմանները՝ առանց հարցնելու, թե որ պայմանագրով են սահմանվել Հայաստանի ներկայիս սահմանները Թուրքիայի և Նախիջևանի հետ։ Եվրոպան ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ վիճարկում է 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը։

Ավելին, Եվրոպան հաշվի չի առնում Թուրքիայի դերը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններում, երբ Թուրքիայի կողմից բացահայտորեն աջակցվող ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, որը 2 տրի է ոչնչացնում է Գազան։

Չի նկատվում, որ սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջին հայը լքեց հայկական Արցախը՝ ռուս խաղաղապահների և թուրք կոմանդոսների հսկողությամբ։ Եվրոպան հաշվի չի առնում այն ​​փաստը, որ Արցախում և Գազայում իրադարձությունները թույլ տվեցին Թուրքիային բառացիորեն վերահսկողություն հաստատել Սիրիայի նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերին։

Թուրքիան հաջորդ թիրախն է շոշափում, իսկ ամենաշատ թուրքեր Եվրոպայում ապրում են Գերմանիայում։

Հայաստանն Ասիական բանկից 250 մլն դոլար վարկ է վերցնում՝ արցախցիների բնակապահովման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում հավանության տվեց «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։

Ըստ հիմնավորման՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը։

250 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի։ Վարկի տոկոսադրույքը լողացող է։ Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 2035թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2052թ. հունիսի 15-ը։

Երեխաների ծննդյան դեպքում նպաստը նախկին 300 հազ․ դրամի փոխարեն կսահմանվի 500 հազ․

Բոլոր երեխաների ծննդյան դեպքում վճարվող միանվագ նպաստի չափը նախկին 300 հազար դրամի փոխարեն կսահմանվի 500 հազար դրամ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նաև հիշատակել է ծնելիության խթանման ծրագիրը, որը վճարումներ է նախատեսում երրորդ և հաջորդ երեխաների համար։

«Մենք, ամենայն հավանականությամբ, շուտով Ազգային ժողով կներկայացնենք օրինագիծ, որով կառաջարկվի 6 տարեկանից փոքր երրորդ և հաջորդ երեխաներին 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը դարձնել մշտական ​​նպաստ», – ասել է կառավարության ներկայացուցիչը։

Առաջարկում են կարգավիճակ տալ Արցախում վառելիքի պայթյունից զոհվածների ընտանիքներին

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն առաջարկում է կառավարության որոշմամբ կարգավիճակ տալ Արցախում 2023 թվականին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։ Ըստ Խաչատրյանի՝ կառավարությունն այս ընտանիքներին պետք է աջակցություն ցուցաբերի։

Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արթուր Խաչատրյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց․ «Դուք ասում եք, որ պետք է ապահովել արցախցիների ինտեգրումը Հայաստանի հասարակությունում։ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչ-որ ծրագրեր ունե՞ք մասնավորապես վառելիքա-քսուկային նյութերի պահեստի զոհերի ընտանիքների վերաբերյալ, որովհետեւ այդ մարդիկ կորցրել են իրենց կերակրողներին, շատերը կորցրել են իրենց միակ կերակրողին, բայց որեւէ աջակցություն չեն ստանում կառավարությունից»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ պայթյունի հետեւանքով տուժած 251 ընտանիքի 251 մլն դրամ է հատկացվել։ Բայց Թորոսյանը միաժամանակ խոստովանեց, որ այդ գումարները հատկացվել են Արցախի բյուջեում եղած գումարներից։

«Այսինքն՝ իրենց հաշիվներին եղած դրամական միջոցներն են ուղղվել այդ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Դրանից զատ առանձին աջակցություն է տրամադրվել նաեւ զոհված զինծառայողներին»,- ասաց Թորոսյանը։

Արթուր Խաչատրյանը նշեց․ «Այո, ես գիտեմ, որ այդ 1 մլն դրամը, այսինքն՝ գերեզմանի փողը տրամադրվել է, աղբյուրն էլ գիտեմ, դուք էլ ասացիք՝ դա Ղարաբաղի կառավարության գումարն է, որը սառեցված է եւ իրենք գոնե ծախսելու հնարավորություն չունեն։ Բայց կա նաեւ Վերաքննիչ դատարանի որոշում, որը հստակ գրել է, որ այդ մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն, նրանք պատերազմական գործողությունների հետեւանքով են զոհվել»։

Խաչատրյանն առաջարկեց բյուջեում այս ուղղությամբ հատկացում անել եւ կառավարության որոշմամբ կարգավիճակ շնորհել այդ ընտանիքներին, որպեսզի այդ ընտանիքներն ունենան նույն կարգավիճակը, որն ունեն 2020 թվականի պատերազմում քաղաքացիական զոհերի ընտանիքները։

«Այո, ես նույնպես համարում եմ, որ դա պարզապես դժբախտ պատահար չէր, եւ այլ հավասար պայմաններում պայթյունը պարզապես տեղի չէր ունենա»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ որեւէ՝ հսատկ բան չասելով՝ այդ ընտանիքներին կարգավիճակ կտրվի, թե՞ ոչ։

Արցախի խորհրդարանը կշարունակի՞ համագործակցությունը Օսկանյանի կոմիտեի հետ

Արցախի Ազգային ժողովի անդամները հանդիպել են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի օրենսդիր և գործադիր մարմինների հետ կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր հանդիպումների առանցքային թեման եղել է արցախցիների վերադարձը, Բաքվի բանտերից գերիների ազատումը և մշակութային ժառանգության պահպանումը Արցախում։

Վարդան Օսկանյանը ներկա չի եղել հանդիպմանը, չնայած այդ մարմինը հիմնականում հայտնի է որպես Օսկանյանի կոմիտե։ Օսկանյանի բացակայությունը տեխնիկական խնդի՞ր էր, թե՞ կոմիտեի նպատակներն ու ձևաչափը կտրուկ վերանայվում են։

Կոմիտեի ստեղծումից և Արցախի խորհրդարանի կողմից մանդատ ստանալուց հետո առաջացել են մի շարք հարցեր, որոնք առայսօր մնում են անպատասխան։

Գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ են որպես հանձնախմբի հիմնական հարցեր ընտրվել Արցախում էթնիկ զտումների ճանաչումը և արցախցիների վերադարձի իրավունքը, որոնք որևէ իրավական հետևանքներ չեն ենթադրում (գերիների վերադարձը և մշակութային ժառանգության պաշտպանությունը հարցեր չեն առաջացնում)։

Միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ Միջազգային դատարանի որոշումը, հստակ նշում են, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, և որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալու։ Հայտնի է նաև, որ վերադառնալու իրավունքի իրականացման միջազգային մեխանիզմ գոյություն չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ է Հանձնախումբը կենտրոնանում այդ հարցի վրա։

Գործնական առումով սա ոչնչի չի հանգեցրել, քանի որ արցախցիների վերադարձը կախված է քաղաքական խնդիրներից, որոնցից կոմիտեն փորձում է խուսափել։ Պարզվում է, որ կոմիտեի և հայկական լոբբիի մանրակրկիտ աշխատանքը, որը արժանի է ամենայն հարգանքի, ապարդյուն է, քանի որ քաղաքական նպատակներ չի դրվում։ Ավելին՝ արցախցիների իրավունքների մասին միջազգային աշխատանքը հանգեցվում է ապաքաղաքական գործունեության։

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ կոմիտեի անդամ Մարիո Նալպանտյանը նշել է, որ կոմիտեի, ինչպես նաև հայ համայնքի աշխատանքի արդյունքում ԱՄՆ կառավարության տարբեր ճյուղեր վերջապես արտահայտել են իրենց դիրքորոշումը արցախյան հարցի վերաբերյալ։ «Մենք դեռևս որևէ գործնական հետևանք չենք տեսել, բայց ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումները կարելի է դրական գնահատել», – ասել է նա։

Ինչպես նշել է կոմիտեի անդամ Գասպար Կարամպետյանը, Բելգիայի նոր դաշնային կառավարությունը վերջերս իր ծրագրում ներառել է արցախցիների վերադարձի հարցը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել դա։ Աշխարհում չկա որևէ կառավարություն, որի ծրագրում ներառված լինի նման հարց, և պետք է ասեմ, որ դրան հասնելու համար մեծ աշխատանք է կատարվել, ասաց Կարամպետյանը։

Հանձնաժողովի անդամները նաև նշեցին Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերի կարևորությունը, որոնք կոչ են անում Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում նախաձեռնել միջազգային ֆորում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Ինչպես նշեց Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանը, մեկ տարվա ժամկետը լրանում է մարտ ամսին, և մենք պետք է իմանանք, թե ինչ անել հաջորդըիվ Բանաձևերում կա կետ, որը պահանջում է, որ ֆորումը անցկացվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշոտ Դանիելյանը նշեց, որ Հայաստանի մասին ընդհանրապես չի հիշատակվում։

Ինչպես նշվեց, հանձնաժողովն իր աշխատանքում բախվում է բազմաթիվ խոչընդոտների, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից՝ դեսպանատների հետ համագործակցությունը խոչընդոտելով։

Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը ակնկալում է նաև աջակցություն Արցախի իշխանություններից և պատրաստ է շարունակել համատեղ գործունեությունը։

Կշարունակվի՞ արդյոք կոմիտեի աշխատանքը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության հայտարարությունները, որ արցախցիների վերադարձը անիրատեսական է։ Եվ ինչպե՞ս կընթանա այս աշխատանքը, եթե Գարեգին կաթողիկոսի Շվեյցարիայում արած հայտարարությունները Արցախում թողնված ժառանգության մասին դիտարկվել են որպես «խաղաղության դեմ» սադրանք, և կաթողիկոսին հետապնդում են։ Ավելին, ի՞նչ կլինի, եթե «խաղաղություն հաստատելու» գործընթացում ՀՀ կառավարությունը հետ վերցնի իր պահանջները միջազգային դատարաններից՝ դրանով իսկ չեղյալ համարելով արցախցիների իրավունքները։

Ո՛չ կոմիտեն, ո՛չ էլ Արցախի խորհրդարանը չեն պնդում 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված Արցախի  և Հայաստանի վերամիավորման մասին բանաձևի իրականացումը, չնայած հենց դա կարող է դառնալ արցախցիների բոլոր խնդիրների լուծումների աղբյուր։

Տարին քանի՞ անգամ կլինի զորակոչը, երբ ծառայության ժամկետը 2 տարուց կրճատվի մինչև 1,5 տարի

Կառավարությունն այսօրվա նիկստում ընդունեց պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1,5 տարի սահմանելու նախագիծը։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Շարքային կազմի պարտադիր զինվորչական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով  2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի մեկի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ «Միայն այս պահին «Պաշտպան հայրենյաց»  ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ աճի միտում ունի»,- հավելեց Սարգսյանը։

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ԱԺ կողմից այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա շատ լավ նախագիծ է։ «Մենք տարիներ շարունակ ունեցել ենք հետեւյալ ցիկլը՝ 2 տարի, 2 զորակոչ տարեկան, հիմա որ այդ 2 զորակոչի մեխանիզմը մնում է նույնությամբ, բայց ժամկետը դառնում է 1,5 տարի, անցման ժամանակ խզում չենք ունենա՞, կառավարո՞ւմ եք այս հարցը, չէ՞»,- հարցրեց Գրիգորյանը։

Արման Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Միանշանակ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որեւէ խզում տեղի չի ունենա, եւ այդ ամբողջ պրոցեսը կկառավարվի շատ սահուն, ընթացքը կլինի տեսանելի, եւ կարծում ենք՝ որեւէ խնդիր չի առաջանա»։

Թորոսյան․ արցախցիների բնակապահովման ծրագրում հենց այսօր փոփոխություններ են մտցվել

Արցախից բռնի տեղահանված 3202 ընտանիք կամ 12 826 անձ բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում արդեն ստացել են հավաստագիր։ Նրանցից 1198 ընտանիք արդեն իրացրել են այդ հավաստագրերը եւ բնակվում են իրենց սեփական տներում։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ արցախցիների բնակապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամ։ Թորոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են արցախցիների հետ եւ փորձում  լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու ընթացքում։

«Մենք նաեւ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում եւ վերլուծում ենք, թե ինչպես կարող ենք ծրագիրն առավել բարելավել։ Օրինակ՝ հենց այսօր կառավարության նիստում որոշ փոփոխություններ ենք արել ծրագրում։ Սա կարեւոր է այն համատեքստում, որ հաճախ մեզ մեղադրում են, որ մենք չենք լսում մեր հայրենակիցների կողմից բարձրացված խնդիրները, ինչը հակառակն է ամբողջությամբ։ Այն, ինչ ես հիմա կարդում եմ, հենց իրենց հետ քննարկումների ու հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների լուծում է։

Փոփոխություններից մեկն այն է, որ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։

Մյուս փոփոխությունը՝ շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։

Միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1՝ ներկայում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ արցախցիների բնակապահովման սերտիֆիկատների իրացումները կապված են զբաղվածության հետ, այն համայնքներում, որտեղ զբաղվածությունը հնարավոր է եւ միջին աշխատավարձը բարձր է, կան բարձր իրացումներ։ Դրանք հիմնականում երեւանամերձ մարզերն ու Երեւանն են։

«Եվ այս առումով մենք փորձելու ենք դեռեւս ձեռք չտալով այդ գումարներին՝ զբաղվածությունը խթանող ծրագրեր անել, որոնք կկապվեն բնակապահովման ծրագրի հետ»,- հավելեց նա։

Նախարար․ անցած տարվա համեմատ արցախցիների աջակցությունը կավելանա 20 մլրդ․-ով

2026 թվականի բյուջեի նախագծով արցախցիների համար նախատեսված աջակցության ծրագրերի ֆինանսավորումը կավելացվի 20 մլրդ դրամով՝ կազմելով 55 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57,1 տոկոսով։ Սա հենց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է, որի մեջ ներառված են թե բնակարանային ապահովումը եւ թե ընթացիկ աջակցությունները»,- ասաց նա։