Ալիևը Ստեփանակերտում “Քարուքանդի զբոսայգի” է բացել

Իլհամ Ալիևը մասնակցել է օկուպացված Ստեփանակերտում «հաղթանակի զբոսայգու» բացմանը։

Հիշեցնենք, որ “զբոսայգին” կառուցվել է Ստեփանակերտի կենտրոնական՝ պատմական թաղամասերի տեղը, որոնք քարուքանդ են արվել։

Ավելի քան 80% բացասական են գնահատում արցախցիների հանդեպ ՀՀ Կառավարության քաղաքականությունը

Հայաստանում արցախցիների կեցության ապահովման, Արցախի իրավաքաղաքական եւ վերադարձի հարցերում ՀՀ իշխանության կողմից վարվող  քաղաքականությունը շատ բացասական է գնահատում հասարակության 75,8 տոկոսը, մասամբ բացասական՝ 6,8, շատ դրական՝ 5,3, մասամբ դրական՝ 4,9 եւ չեն կողմնորոշվում 4,4 տոկոսը։ Այս տվյալները ստացվել են «Միասին» այլընտրանքայի հասարակական-քաղաքական շարժման հարցումների արդյունքում։

Հարցումների արդյունքում պարզվել է, որ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը շատ բացասական է գնահատում 75,8 տոկոսը, մասամբ բացասական՝ 9,8, շատ դրական՝ 1,2, մասամբ դրական՝ 7,4 եւ չեն կողմնորոշվել 5,7 տոկոսը։

Ըստ հարցումների՝ ՔՊ-ի եւ անձամբ Փաշինյանի վարկանիշը չի հասնում 10 տոկոսի։

«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց․ «Ես համոզված եմ, որ նույն այս թվերն ունի նաեւ իշխանությունը, եւ սրանով են պայմանավորված այն բոլոր հիստերիկ դրսեւորումները, որոնք իրականացնում են այսօրվա վարչապետը եւ նրա ամբողջ թիմը»։

Հարցումների պատկերը ցույց է տալիս, որ ամենավտանգավորն այն է, որ մարդիկ չեն կողմնորոշվել ում ձայն տալ գալիք ընտրություններում։ Հարցվածների 50 տոկոսից ավելի սպասում է նոր նախընտրական միավորումների ձեւավորմանը եւ կողմնորոշված չեն։

Արամ Սարգսյանն ասաց, որ հարցումներն անցկացրել են սոցցանցերում՝ դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, դրանց մասնակցել են կրթական ցենզ ունեցող քաղաքացիները։ Հարցումներին մասնակցածների 64,8 տոկոսը Երեւանից են։

Մոսկվան կփորձի Հայաստանից Ռուսաստան բեռների տրանզիտ Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների տեսականին ընդլայնելու հարցը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Հացահատիկից բացի, քննարկվում են պարարտանյութերի մատակարարումները, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան հետադարձ բեռնափոխադրումների կազմակերպումը։

Տեղի է ունեցել կարևոր իրադարձություն, և մենք այն համարում ենք իրոք նշանակալից. ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը անցել է Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։

«Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում՝ Հայաստանի և Ադրբեջանի անկախ գոյության սկզբից ի վեր առաջին անգամ անցել է հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը», – ասել է նա։

Փոխվարչապետը պարզաբանել է, որ ներկայումս ուսումնասիրվում է այս տրանսպորտային միջանցքը այլ տեսակի բեռների, այդ թվում՝ պարարտանյութերի տեղափոխման համար օգտագործելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան՝ Ադրբեջանի միջոցով, բեռնափոխադրումներ կազմակերպելու հնարավորությունը։

Փոխվարչապետի խոսքով՝ նման քայլերը մինչև վերջերս անհավանական էին թվում, բայց հիմա սկսում են գործնական նշանակություն ստանալ։

Կառավարությունը ուզում է Եկեղեցուն զրկի հողի սեփականության իրավունքից

Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Այս մասին հայտնում է Ազատութոյունը։

Օրենքի նախագծի հիմնավորումներում չի նշվում, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը՝ շեշտելով, որ «ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել Նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները»։

Պարզ չէ, արդյո՞ք Կառավարության կողմից բերված կարգավորումները վերաբերվում են մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։ Ըստ Ազատության, կառավարությունն այլևս սեփականության իրավունքով և անհատույց հողեր չի տա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։

Ինչ է Թրամփը նվիրել Փաշինյանին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։

Նախագահ Թրամփը առանձնակիորեն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։

Նախագահ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։

Hayriyan-nails-ը ծնվել է ոչ թե մի օրում, այլ իմ անցած ճանապարհի ընթացքում

Սրբուհին Արցախից է տեղահանվել։ Նա 18 տարեկան է։ Տեղահանությունից հետո շատ բան է փոխվել այս փխրուն աղջկա կյանքում։ 2023-ի սեպտեմբերի 25-ը լրիվությամբ փոխել էլ նրա ընտանիքի սահուն ընթացքը։ Հայրն ու եղբայրը պայթյունի զոհ են դարձել։ Սրբուհին հասկացել է, որ պետք է հավաքի բոլոր ուժերը և թիկունք լինի հարազատներին։

Կոտայքի մարզի Քասախ գյուղում Սրբուհին զբաղվում է մատնահարդարությամբ։

Արցախցի աղջիկն իր առաջ նպատակ է դրել և գնում է նրա հետևից

-Hayriyan-nails-ը ծնվել է ոչ թե մի օրում, այլ իմ անցած ճանապարհի ընթացքում, թեև այն այնքան էլ երկար չէ։ Ծնվել է իմ մտորումների, ցավերի ընթացքում․ երբ կասկածել եմ ինձ վրա, բայց չեմ կանգնել, երբ վախ եմ ունեցել, բայց շարունակել եմ աշխատել, երբ հասկացել եմ, որ պետք է ապրել: Սա մի հավատքի պատմություն է․ առաջին հերթին՝ իմ ձեռքերի հանդեպ։

Սկզբից պարզապես ուզում էի սովորել։ Հետո հասկացա, որ ուզում եմ ավելին։ Ու հիմա արդեն գիտեմ՝ ես ուզում եմ ստեղծել մի գողտրիկ տեղ, որտեղ իմ աշխատանքից մարդը ոչ միայն գեղեցիկ արդյունք կստանա, այլ նաև իրեն վստահ ու խաղաղ կզգա։ Չեմ շտապում կատարյալ լինել։ Շտապում եմ լինել մաքուր իմ աշխատանքում, անկեղծ իմ մոտեցման մեջ ու պատասխանատու ամեն մի հաճախորդի հանդեպ, ով լրիվությամբ վստահում է ինձ։ Hayriyan-nails-ի հիմքում ջերմությունն է։ Այստեղ գեղեցկությունը չի պարտադրվում, այլ ծնվում է համատեղ վստահությունից։ Այս ճանապարհին ես սովորել եմ վստահել գործընթացին։ Սովորել եմ ընդունել, որ նպատակին հասնելը երբեմն ցավոտ է լինում, բայց միշտ իմաստալից։ Յուրաքանչյուր աշխատանք ինձ ավելի ուժեղ ու վստահ է դարձնում։ Hayriyan-nails-ն ինձ համար սոսկ աշխատանք չէ, այլ բնավորության արտացոլանք, որտեղ մանրուքները կարևոր են, իսկ մարդը՝ առաջնահերթ։ Եթե մի օր այն կոչվի Hayriyan-nails. Studio, ապա ես ուզում եմ, որ մարդիկ ներս մտնելուն պես անմիջապես վստահություն ու ջերմություն զգան։

Սրբուհի Հայրիյանը ծնվել է Արցախի Ասկերան քաղաքում, աշխատասեր ու համերաշխ մի ընտանիքում։ Հայրն ու եղբայրը Արցախի պաշտպանության նվիրյալներն էին։ 2023-ի սեպտեմբերին մարտական դիրքերից վերադարձել, զոհ են դարձել չարաբաստիկ պայթյունին։ Իսկ պապիկն Արցախյան առաջին պատերազմի զոհված հերոսներից է՝ Սուրեն Հայրիյանը։

Սրբուհու մանկությունը և դպրոցական տարիներն անց են կացել հայրենի Ասկերանում։ Սովորել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ձեռք է բերել ամուր գիտելիքներ և պատասխանատվության, աշխատասիրության ու նպատակասլացության կարևոր հատկանիշներ։

2022 թվականին ընդունվել է ՇՏՀ ուսումնական հաստատություն, էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման բաժին, որտեղ աչքի է ընկել որպես գերազանցիկ ուսանող՝ մշտապես ընդգծելով  իր աշխատասիրությունը և ուսումնական ակտիվությունը։ 2023 թվականին Արցախի տեղահանությունից և ընտանիքին հասած ողբերգությունից հետո ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել ուսումը։ Նպատակ ունի շարունակել։

Սրբուհին մասնակցել է մատնահարդարման մասնագիտական ուսուցման դասընթացների

-Տեղահանվելուց հետո, թեև դժվարությամբ, բայց որոշեցի իմ ուշադրությունն ուղղել մասնագիտական ստեղծարար ոլորտին և ձեռք բերել նոր հմտություններ։ 2023-2024 թվականներին մասնակցեցի մատնահարդարման մասնագիտական ուսուցման դասընթացներին, որտեղ խորացված կերպով ուսումնասիրեցի մատնահարդարման ամենաբազմազան տեխնիկաները՝ ներառյալ դասական, ֆրանսիական, գելային և ակրիլային եղանակները, դիզայնի տարբեր ոճերը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ մոտեցումներ՝ ձեռքի արվեստի ոլորտում։ Դասընթացների ժամանակ մեծ ուշադրություն դարձվեց հիգիենայի և սանիտարական նորմերի, հաճախորդի էսթետիկ պահանջների ճիշտ գնահատման ու մասնագիտական շփման հմտությունների զարգացման վրա։ 2025 թվականից սկսեցի գործնական գործունեություն մատնահարդարման ոլորտում՝ աշխատելով հաճախորդների հետ, զարգացնելով իմ մասնագիտական կարողությունները, բարելավելով ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը, ինչպես նաև ձևավորելով սեփական ոճ ու ստեղծագործական մոտեցում։ Ներկայումս ապրում և աշխատում եմ Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ Օգտագործում եմ իմ ստեղծագործական և պրոֆեսիոնալ հմտությունները՝ հաճախորդներիս համար բարձրորակ և գեղեցիկ մատնահարդարման ծառայություններ մատուցելու համար։ Չնայած կյանքի դժվարություններին՝ շարունակում եմ առաջ շարժվել։ Ապագայում նպատակ ունեմ ավելի խորացնել գիտելիքներս, ընդլայնել փորձս և շարունակաբար աճել որպես մասնագետ։ Օգնում եմ նաև մայրիկիս, ով տեղահանությունից հետո ստեղծել է <<TEXTILE. GO TEXTILE INDUSTRY>> բրենդը, զբաղվում է ձեռքի աշխատանքներով․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Խորհրդային սահմանները “պայթում են” Ուկրաինայում. ի՞նչ է մտածում Երևանը

Դոնալդ Թրամփի առաջարկած Սուրբ Ծննդյան վերջնաժամկետը՝ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հասնելու համար, լրացել է, և Ուկրաինան ցուցադրում է իր պատրաստակամությունը խաղաղության՝ բոլոր միջոցներով: Զելենսկին համաձայնել է անցկացնել ընտրություններ և ընդունել ամերիկացիների կողմից առաջարկված 20 կետանոց ծրագիրը, չնայած Ռուսաստանի դիրքորոշումը դեռևս անհայտ է: Նախագահ Զելենսկին հայտարարում է, որ ինքը հաստատ “մեղավոր” չի լինի, բայց եթե Ռուսաստանը չհամաձայնվի գործարքին, արևմտյան հանրությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի Պուտինի դեմ: Միակ հարցն այն է, որ արևմտյան առաջնորդները խոստովանում են Ռուսաստանի նկատմամբ իրենց ազդեցության լծակների բացակայությունը: Եվ ամեն ինչ ընթանում է «աշխարհը բաժանելու» նոր սկզբունքների մշակման ուղղությամբ:

Մոսկվան շարունակում է իր հարձակումը Դոնեցկում և նույնիսկ Սումիի մարզում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ խոստովանել է, որ ուկրաինական զորքերը դուրս են եկել Սևերսկից, և փորձագետները սպասում են խոշոր քաղաքներից մեկի՝ Սլավյանսկի գրավմանը:

Եթե Մոսկվան գրավի ամբողջ Դոնբասը, և Ուկրաինայում անցկացվեն ընտրություններ, կամ իշխանությունը փոխանցվի խորհրդարանին, խաղաղության հասնելու հնարավորությունները կմեծանան: Սակայն այս «խաղաղությունը» կփոխի Եվրոպայի քաղաքական քարտեզը, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ «խորհրդային սահմանները» կփոխվեն բռնի ուժով:

«Խորհրդային սահմանների անձեռնմխելիության՝ առանց ԽՍՀՄ վերականգնման» միջազգայնորեն ընդունված սկզբունքը կանխեց Առաջին Ղարաբաղյան պատերազմի արդյունքների միջազգային ճանաչումը, փոխարենը հանգեցրեց Արցախի հայաթափմանը՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո, և արյունալի «խորհրդային սահմանների վերականգնմանը» 2020-2023 թվականներին։

Թրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը և Պուտինի ագրեսիվ գործողությունները ոտնահարում են այս սկզբունքը, որը սրբազան է Եվրոպայի համար։ Չնայած Մակրոնն արդեն պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, Զելենսկիին համոզում են «կռվել» ևս մեկ տարի, բայց բոլորը հասկանում են, որ դա կհանգեցնի միայն Ուկրաինայի լիակատար փլուզմանը։

Հայաստանը 2022 թվականին զիջեց Մակրոն-Միշելին և ճանաչեց խորհրդային սահմանները 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում, իսկ 2025 թվականին Վաշինգտոնում նախաստորագրեց նույն հռչակագրի հիման վրա փաստաթուղթ, բայց չնայած «հնազանդությանը», նույնպես հայտնվել է փլուզման եզրին։ Աշխարհի տերություններն արդեն «բաժանում» են Սյունիքը՝ մշակելով երթուղիներ և միջանցքներ, որոնք կպատռեն Հայաստանը։

Բաքուն, որը որևէ կապ չունի Ալմա-Աթայի հռչակագրի հետ (ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է ոչ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ), այժմ պնդում է, որ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հորադիզից մինչև Նախիջևան և այնուհետև դեպի Իրան, Հայաստան և Թուրքիա երկաթուղին խորհրդային ժամանակաշրջանում ճանաչվել է որպես Ադրբեջանի իրավասություն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ո՛չ արձագանքել է, ո՛չ էլ հերքել այս հայտարարությունները, իսկ կառավարությունը համառորեն չի հրաժարվում Ալմա-Աթայի հռչակագրից, որն այժմ փլուզվում է Ուկրաինայում: Հայաստանի կառավարությունը հրաժարվում է հիշատակել այն օրինական փաստաթղթերը, որոնց հիման վրա հիմնադրվել է անկախ Հայաստանը: Քանի որ այդ դեպքում, ինչպես Ուկրաինայում, Հայաստանի ղեկավարությունը կարող է ենթարկվել «կոռուպցիոն հետաքննության» և հնչել «Где деньги, Зин» սակրամենտալ հարցը:

Ստեղծվել է Արցախի պատկերազարդ համայնապատկերային քարտեզը

Նկարիչ-քարտեզագիր Ստեփան Աբրահամյանը («Իմ Հայաստանը» բրոշյուրի և հայոց այբուբենի պաստառի հեղինակը)՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Աթոյանի հետ համատեղ, ստեղծել են Արցախի Հանրապետության պատկերազարդ համայնապատկերային քարտեզը։

Այն ընդգրկում է ողջ տարածաշրջանը. Լեռնային, Դաշտային և Հյուսիսային Արցախը ներկայացված են որպես մեկ միասնական տարածություն՝ շաղկապված ռելիեֆով, ջրային համակարգով, ճանապարհներով և, իհարկե, պատմությամբ:

Արման Բաբաջանյան. Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցին

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2026թ. հունվար-փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝ բարձրաստիճան պաշտոնյայի առաջնորդությամբ, ըստ ամենայնի ներկա գտնվելու TRIPP-ի հիմնարկեքին։ Այս պահին ԱՄՆ հատուկ ծառայությունները Երևանում աշխատում են այդ պաշտոնյայի այցի անվտանգության ապահովման և տեխնիկական հարցերի վրա։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնը ոչ միայն հայտարարում է, այլ արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այս նույն տեմպը չափելի արդյունքներով պետք է լինի նաև հայկական կողմից»։

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է

Ադրբեջանի կողմից գերի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 70-ամյա Խաչատրյանի վիճակը վատացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին՝ նկատվել են շնչառության դժվարություն և սրտի ցավեր։

«Նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն՝ բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու համար: Խաչատրյանի վիճակը ներկայումս գնահատվում է որպես ծանր», – հաղորդում են լրատվամիջոցները։

Բաքվի «դատարանը» Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Երեկ նրա դուստրը 168.ժամ-ին պատմել է, որ հայրը շաբաթը մեկ անգամ զանգահարում է և մի քանի րոպե շփվում ընտանիքի հետ։

Խաչատրյանին առևանգել են Ստեփանակերտից Երևան տանող ճանապարհին, որտեղ նա սրտի խնդիրների բուժման էր մեկնում։

Ադրբեջանական բենզինով լիցքավորված մեքենայով գնալ Եռաբլո՞ւր

2023 թվականի ամռանը Արցախում ալյուրի սուր դեֆիցիտ էր։ Շրջափակման վերջին ամիսներին արդեն թխվում էր «հաց», որը հացի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ՝ ոչ տեսքով, ոչ բաղադրությամբ․ ալյուրը փոխարինված էր թեփով։

Ինը ամիս շարունակվող հյուծող բլոկադայի նպատակներից մեկն էլ ադրբեջանական սննդամթերքը Արցախ բերելն էր՝ նվաստացման, մուրացիկության մատուցման և հնազանդեցման ամենաարդյունավետ զենքով։ Ի՞նչ արեցին արցախցիները։ Փակեցին այն ճանապարհը, որով պիտի ներմուծվեր ադրբեջանական «փրկության ալյուրը»։

120 հազար քաղաքացի սովից հյուծված էր, բայց ադրբեջանական ալյուրը չընդունվեց։ Այսօր, սակայն, Երևանում վաճառվում է ադրբեջանական բենզին։ Առանց որևէ պայքարի, առանց արձագանքի, առանց ըմբոստության։

Ստացվում է՝ արդյո՞ք Արցախն էր Հայաստանի և Ադրբեջանի թշնամանքի միակ պատճառը։ Եվ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ հակառակորդ երկրի ղեկավարի՝ Սևանի, Երևանի և Հայաստանի այլ տարածքների նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումները չեն ընկալվում որպես անմիջական վտանգ։ Ինչո՞ւ դրանք չեն դառնում հանրային աղմուկի, ընդվզման, պահանջի թեմա։

120 հազար մարդու փախստական դառնալը, անտեսված, նսեմացված, հալածված ու անտուն մնալը, չորս պատերազմների ընթացքում հազարավոր նահատակների գինը, կարծես, հանգեցրել է մի իրականության, որտեղ քաղաքամայր Երևանում ազատ և անվրդով վաճառվում է թշնամական բենզինը։

Ադրբեջանական բենզինով լիցքավորված մեքենայով գնալ Եռաբլուր։ Սա՞ էր նպատակը։ Եթե սովի մեջ գտնվող Արցախը մերժեց ադրբեջանական ալյուրը՝ որպես արժանապատվության հարց, ապա ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ այսօր, որ առանց ներքին դիմադրության ընդունում ենք նույն քաղաքականության շարունակությունը՝ այլ ձևով, այլ ապրանքով, բայց նույն իմաստով։

Հարցը ոչ բենզինն է, ոչ ալյուրը։ Հարցը այն սահմանն է, որտեղ ավարտվում է արժանապատվությունը։ Եվ եթե պետությունը չի պահում այդ սահմանը, ո՞վ պետք է պահի։

Մարիամ Սարգսյան

Լուսանկարում՝ Ասկերան, 2023-ի օգոստոս

Սիրիայի Հալեպում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև

Երկուշաբթի օրը Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ տեղի ունեցան Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է տարեվերջին ինտեգրվեին սիրիական բանակին։

Երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը և քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հրամանատարությունը հայտարարեցին, որ Հալեպում գտնվող իրենց ստորաբաժանումներին հրամայել են դադարեցնել կրակը։ Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն երեք մարդ, բոլորը քաղաքացիական անձինք, իսկ 25-ը՝ վիրավորվել։

Երեկոյան Սիրիայի պետական ​​«ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով Պաշտպանության նախարարությանը, հաղորդել է, որ Գլխավոր շտաբը հրամայել է Հալեպում գտնվող ստորաբաժանումներին «դադարեցնել կրակը կրակի աղբյուրների վրա»։

ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերը» նույնպես հայտարարել են, որ հրամայել են «դադարեցնել կրակին պատասխանելուց»։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերին ներկայումս աջակցում է Թուրքիան, որը փորձում է ԱՄՆ-ին դուրս մղել տարածաշրջանից և խզել քրդերի կապերը Միացյալ Նահանգների հետ։