Պետք է հրաժարվել սերտիֆիկատների ծրագրից և անցնել փոխհատուցման՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա

Ստեփանակերտ

Արցախից տեղահանվելուց հետո Ժորա Հայրապետյանը ընտանիքով բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Նա սովորում է Գորիսի պետական համալսարանի Իրավագիտության բաժնում անընդունելի է համարում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունն Արցախից բռնատեղահանված բնակչության հանդեպ։

 – 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեցին ավելի քան 100000 արցախցիներ։ Նրանք ստիպված եղան լքել իրենց օրինական բնակության և սեփականության վայրերը՝ տներ, հողամասեր, անձնական տնտեսություններ, որոնք իրավական տեսանկյունից գրանցված էին Արցախի կադաստրային համակարգում։

Այսօր այդ անձինք զրկված են ոչ միայն իրենց գույքից, այլև՝ սոցիալական ապահովվածությունից և բնակարանային անվտանգությունից։

Մինչդեռ, ՀՀ կառավարությունը ոչ միայն ուշացած և ոչ ամբողջական է արձագանքում այս ճգնաժամին, այլ նաև որդեգրել է մի շարք հակասական և խտրական մոտեցումներ, որոնք չեն նպաստում փոխհատուցման իրականացմանը։

Առավել խնդրահարույցներից է կառավարության կողմից ներդրված բնակարանային սերտիֆիկատների ծրագիրը, որը անընդունելի է ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իրական կիրառման հնարավորություններով։ Այս ծրագիրն առերևույթ ներկայացվում է որպես փոխհատուցման մեխանիզմ, սակայն իրականում չունի գույքային իրավունքի համարժեքության երաշխիք, չի ապահովում շուկայական արժեքով փոխհատուցում և չի դիտարկվում որպես փոխհատուցում բռնի կերպով կորցված անշարժ գույքի համար։ Բացի այդ, այն ենթադրում է՝ պայմանավորվածություններ, որոնք մերժում են բռնի տեղահանման ենթարկված անձանց ամբողջական իրավունքների վերականգնումը՝ դարձնելով նրանց ապագան կախված շուկայի տատանումներից և փաստացի դնում պետական վերահսկողությունից դուրս։

Ժորա Հայրապետյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի ապահովել բռնի տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարանների վարձավճարների, կոմունալ և կեցության ծախսերի փոխհատուցման համակարգված, համապարփակ ծրագիր, ինչը սոցիալական լուրջ լարում է առաջացրել տեղահանված բնակչության շրջանում։

 -Այս խնդիրները կրկնակի մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ Արցախի կադաստրի կոմիտեի էլեկտրոնային գույքային շտեմարանը փոխանցվել է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ինչն իրավական լիարժեք հիմք է՝ պետական փոխհատուցման գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է գրավոր կարծիք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ հստակ նշվում է աջակցության տրամադրման շարունակականության անհրաժեշտությունը ավելի երկար ժամկետներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիներն այսօր չունեն կայուն սոցիալական կարգավիճակ։

Այս կարծիքը փաստում է, որ պետական մոտեցումն առայժմ չի ապահովում այդ մարդկանց իրավունքների, արժանապատվության և կենսապահովման նվազագույն երաշխիքները։

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պարտավոր է՝ անհապաղ հրաժարվել սերտիֆիկատների ոչ արդյունավետ և ձևական ծրագրից, ձևավորել իրական փոխհատուցման համակարգ՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա, առանց քաղաքացիության պարտադրանքի փոխհատուցման ծրագիր մշակել Արցախցիների բնակարանային ապահովման համար և համապատասխանեցնել իր գործողությունները ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերին։

Արցախցիները Հայաստանի Հանրապետության մասնիկ են, և որևէ պետական որոշում չպետք է անտեսի նրանց արժանապատվությունը, իրավունքը և պատմական կապը հայրենիքի հետ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Իրանի դեմ ագրեսիայի ֆոնին Մակրոնը մեկնել է պաշտպանելու Գրենլանդիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կիրակի՝ հունիսի 15-ին, Դանիայի ինքնավար մարզի մայրաքաղաք Նուուկ կատարած համատեղ այցի ժամանակ համերաշխություն հայտնեցին Գրենլանդիայի ժողովրդին և իրենց հանձնառությունը նրա ինքնիշխանությանը։

Ֆրանսիայի առաջնորդը շարունակեց. «Ֆրանսիայում և Եվրամիությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիան չի կարելի գնվել կամ պարզապես բռնագրավվել»։

Մակրոնը չի բացատրել, թե ինչու կարող է բռնագրավվել Արցախը, ինչու կարող է Ռուսաստանը բռնագրավել Ուկրաինայի գրեթե մեկ երրորդը, ինչու կարող է Սիրիան դառնալ Թուրքիայի պրոքսի, Գազան կարող է ոչնչացվել, ինչու կարող է Իրանը ենթարկվել Իսրայելի հրթիռային կրակի, և ինչու չի կարող Գրենլանդիան գնվել կամ բռնագրավվել։ Կասկած չկա, որ Էստոնիայի հավանական բռնակցումից առաջ Մակրոնը կհայտնվի Բալթիկայում և կհայտարարի, որ բռնագրավումը թույլատրելի չէ։

Անհավանական է, որ Մակրոնը և որևէ մեկը 2020-2023 թվականներին չեն հասկացել, որ Արցախի բռնակցման «օրինականությունը» ճանաչելը Պանդորայի արկղի բացումն է։ Հիմա ոչ ոք ապահովագրված չէ բռնագրավումից, իշխանափոխությունից կամ բնիկ բնակչության  տեղահանությունից։ Նույնիսկ միջուկային տերություն Ֆրանսիան։

36-ամյա Հենրիխ Մխիթարյանը կմնա՞ ակտիվ ֆուտբոլում

«Տարիքը կարևոր չէ, կարևորը որակներն են՝ մարդկային և տեխնիկական»,- խոսելով 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ասել է իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։

Ռումինացի մարզիչը պնդել է՝ Լոս Անջելեսում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավորություն է՝ «Ինտեր»-ի վերջին պարտությունը հաղթանակներով փոխարինելու համար։ «Ակումբի ներկայիս կազմը չպետք է հիշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությամբ»,-ասել է նա։

Մայիսի 31-ը «Ինտեր»-ը Մյունխենում խոշոր՝5:0 հաշվով պարտվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ին, սա եվրոպական եզրափակիչների 70-ամյա պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր, ինչից երեք օր անց «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռացավ։

Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբասի նավահանգստում, իսկ մի մասը՝ Վերին Լարսում

Հայկական որոշ բեռներ մնացել են Բանդար Աբբասի նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խորհրդարանական տնտեսական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նա հիշեցրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ հույս ունենալով հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել։ Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

«Մենք դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հետ կապված՝ ինչպես դեպի Իրան, այնպես էլ նրա տարածքով։ Սրանք գործոններ են, որոնք գործնականում մեր վերահսկողությունից դուրս են, բայց մենք հույս ունենք, որ հակամարտությունը կկարգավորվի, և մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել բարեկամ Իրանի միջոցով, ինչպես նախկինում», – ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ունի չլուծված խնդիրներ Վրաստանի հետ՝ կապված ծաղիկների և կոնյակի արտահանման հետ։ Բացի այդ, վրաց-ռուսական սահմանով հայկական բեռնատարների երթևեկությունը կտրուկ դանդաղել է։ Մասնավորապես, նշվում է, որ 10 օր է՝ հայկական ծիրան տեղափոխող բեռնատարները չեն կարողանում հատել Ռուսաստանի հետ սահմանը։

Երևանում ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակը շուտով չի գործի

Երևանում ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից չի գործի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց զբաղվել այս հարցով։
«QR կոդերի թղթային տարբերակի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում»,– ասաց նա։
Ավինյանն ընդգծեց, որ թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։
Նշենք, որ QR կոդերի և՛ թղթային տարբերակը, և՛ հավելվածով տարբերակը հաճախ չեն աշխատում տեխնիկական պատճառով։ Երբեմն էլ որոշ քաղաքացիներ ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակն օգտագործում են տարբեր տրանսպորտներից մի քանի անգամ օգտվելու համար` պատճառաբանելով, որ սարքը չի աշխատում։

Այսօր լրագրողին հարվածած ոստիկանը հեռացվել է ծառայությունից

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորը մտածված, նպատակային հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։

Քասախցիներն ակցիա են իրականացնում. բնակչները դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից: Նրանք որոշեցին փակել Երևան- Աշտարակ ճանապարհը, ոստիկաններն ուժի կիրառմամբ փորձեցին բացել այն:

11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարաելու, հայտնում են ոստիկանությունից

Տեկտոնական տեղաշարժերը սկսվեցին հենց 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանի դերը սկսեց նվազել

«Աշխարհում քաղաքական վերադասավորումներ են սկսվում, նաեւ՝ մեր տարածաշրջանում։ Հայաստանը եւ բոլոր երկրները կամա-ակամա կներքաշվեն այս գործընթացներում։ Ցավալի է, որ այս զարգացումներն սկսվեցին Արցախի դեմ 44-օրյա պատերազմից»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով իրսայելա-իրանական հակամարտությանը։ Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ուժերի հավասարակշռությունը սկսեց խախտվել տարածաշրջանում։ Այսինքն՝ տեկտոնական տեղաշարժերը սկսվեցին հենց 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանի դերը սկսեց նվազել, մենք՝ որպես հավասարակշռող գործոն, վերացանք։

Կարաբեկյանի խոսքով՝ այսօր Հայաստանը հայտնվել է երկու կրակի արանքում՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի։ «Բնական է, որ Արեւմուտքը փորձելու է երկու հենարան ունենալ։ Եթե Ադրբեջանը նույնիսկ մերժի ցամաքային օպերացիա սկսել Իրանի դեմ կամ իր տարածքն օգտագործել՝ Իրանին հարվածելու համար, շատ հնարավոր է մեզ օգտագործեն, եւ մենք մտնենք այդ հորձանուտի մեջ, ինչպես դա եղել է 1918-1920 թվականներին։ Մենք այն ժամանակ չկողմնորոշվեցինք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ տուժեցինք»,- ասաց նա։

Կարաբեկյանի խոսքով՝ վտանգավոր խաղեր են խաղարկվում։ Եթե Վերին Լարսի ճանապարհը փակվի, իսկ Իրանում իրավիճակը վատթարանա եւ ՀՀ հետ բեռնափոխադրումները դադարեցվեն, Թուրքիան կարող է կախվածության մեջ դնել Հայաստանին եւ նոր պահանջներ թելադրել։ «1993 թվականին մենք առաջ էնք գնում, Ցեղասպանության հարց էինք դնում, դրա համար Թուրքիան մեզ շրջափակման մեջ պահեց։ Թուրքիայի համար դա ընդամենը պատրվակ է էր, ոչ թե պատճառ, եւ ինքը ցանկացած պահի կարող է ավելի խիստ պահանջներ դնել, ինչը հիմա Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ այլն։ Նույնիսկ փորձում են Հայաստանին թելադրել հրաժարվել որոշ տեսակի սպառազինությունից։ Վտանգը դրանում է։ Այդ սխալ ստրատեգիան շատ դեպքերում մեծ պետությունների՝ օրիանկ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար է ցավալի հետեւանքներ ունենում, իսկ մեզ նման փոքր երկրի համար դա կարող է շատ վատ ճակատագրական հետեւանքներ ունենալ»,- ասաց նա։ Դավիթ Կարաբեկյանը նշեց, որ այս պայմաններում Հայաստանը պետք է վիրաբույժի ճշգրտությամբ քայլեր կատարի։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի ուղղությամբ։ Դա են վկայում Ադրբեջանից ՀՀ-ին ուղղված պահանջները։ «Մենք դրա մասին պետք է մտածենք։ Ռազմաքաղաքական առումով վիճակը բավականին բարդ է։ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի 5 մարզ դարձել է Ադրբեջանի հետ սահմանակից։ Իսկ Թուրքիան ցանկացած պահի աջակցելու է Արդբեջանի ագրեսիան»,- նշեց նա։

Կարաբեկյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա։ «Սխալ է մտածել, թե Թուրքիա գնալով եւ Անկարային ռեվարանսներ անելով՝ մենք որեւէ բանով մեզ կապահովագրենք, ագրեսիայից զերծ կմնանք։ Դրանով իրականում մենք ցույց ենք տալիս, թե ինչքան թույլ ու խոցելի ենք, իսկ մեր հաշվարկներն ինչքանով են կանխատեսելի եւ պրիմիտիվ։ Եվ կարծես թե այդ վտանգը բազմապատկվում է։ Թուրքիայի խորհրդանիշը գորշ գայլն է, ինքը զոհի թուլությունը զգալով՝ հոշոտում է։ Ոչ պայմանավորվածություն, ոչ միջազգային իրավունք Թուրքիային չի կարող զսպել ու զերծ պահել ագրեսիվ պլաններից։ Դրանով է վիճակը բարդ, մանավանդ, որ ներքին ուժ չկա, որը պատասխանատվությունը կվերցնի, մարդկանց կկարողանա հստակ ասել, որ վտանգի աստիճանը շատ մեծ է»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Խամենեիի ճակատագիրը. Թրամփն արգելում է սպանել, Պուտինը կարող է ապաստան տրամադրել

Իսրայելի և Իրանի միջև պատերազմը, որը սկսվեց ուրբաթ 13-ին, գտնվում է փոխադարձ հարվածների փուլում: Ըստ տեղեկությունների, Իսրայելին հաջողվել է գլխատել Իրանի զինված ուժերի հրամանատարությունը, գիտական ​​միջուկային համայնքը, ինչպես նաև վնասել ՀՕՊ-ը և մի շարք արտադրական օբյեկտներ: Իրանը, իր հերթին, ցույց տվեց, որ կարող է հասնել թիրախների ամբողջ Իսրայելում, որի «երկաթե գմբեթը» խոցելի է։

Այնուամենայնիվ, Իսրայելը որպես իր հիմնական նպատակ խոսում է ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման, այլև ռեժիմի փոփոխության մասին: Պատերազմի արդյունքը կախված կլինի նրանից, թե արդյոք այաթոլլաների ռեժիմը կգոյատևի։

ԶԼՄ-ները արդեն հաղորդում են Թեհրանից ճանապարհներին խցանումների մասին, չնայած մարդիկ ասում են, որ չգիտեն, թե որտեղ է անվտանգ փախչել:

Բացի այդ, արդեն գրում են, որ Իրանի ղեկավարության ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են սկսել Ռուսաստանի Դաշնության հետ երկրում իրավիճակի վատթարացման դեպքում հնարավոր փախուստի ուղիների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Մասնավորապես, նման բանակցություններ է վարում Գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալի Ասղար Հեջազին: Վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունն արդեն «հավաքում է իր ճամպրուկները»։

Նման տեղեկատվությունը, իհարկե, պարունակում է վախեցման և քարոզչության տարրեր, սակայն ռեժիմի հրաժարականը որպես խնդրի լուծման միջոց չի բացառվում, ինչպես դա արվեց Սիրիայում: Այն ժամանակ Ռուսաստանը չի կանխել թուրք պրոքսիների կողմից Սիրիան գրավելը, բայց համաձայնել է ապաստան տալ Բաշար ալ-Ասադին։

Հնարավոր է, որ Թրամփի և Պուտինի միջև 2025 թվականի հունիսի 14-ին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հենց այս թեմայով: Պուտինը առաջարկել է իր ծառայությունները որպես բանակցող: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը և Իրանը վերջերս ստորագրել են ռազմավարական համաձայնագիր, որը, սակայն, չի նախատեսում ռազմական օգնություն երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում, Պուտինը կարող էր ապաստան առաջարկել Իրանի ղեկավարությանը։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Պուտինը զանգահարել է Թրամփին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խնդրանքով և Թրամփի հետ զրույցից հետո զգուշացրել է Թեհրանին Իրանի ներկայիս ռեժիմի գոյության սպառնալիքի մասին, քանի որ Միացյալ Նահանգները մտադիր չէ զսպել Իսրայելին: Այս մասին գրում է «Իսրայել Հայոմ»-ը: Հրատարակության տվյալներով՝ Պուտինը Խամենեիի հետ զրույցում հայտարարել է, որ իր ռեժիմը վտանգի տակ է և խստորեն խորհուրդ է տվել անհապաղ սկսել բանակցություններ:

Թեհրանում իշխանության փոփոխությունը «անկասկած կարող է լինել» Իրանի հողի վրա Իսրայելի հարվածների արդյունքը, քանի որ «իրանական ռեժիմը շատ թույլ է», – Fox News-ին ասել է Նեթանյահուն: Հունիսի 14-ի երեկոյան Իսրայելի զինվորականները հայտարարել են Թեհրանի և արևմտյան Իրանի երկնքում լիակատար գերիշխանության մասին: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն Fox News-ին ասել է, որ Իսրայելը գործում է «լիակատար համակարգված» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Վերջին օրերին Իսրայելը նաև քննարկել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել այդ ծրագրի վրա, Reuters-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։

«Իրանցիները ոչ մի ամերիկացի չեն սպանել, այնպես չէ՞… Մինչև դա չանեն, մենք չենք քննարկում քաղաքական ղեկավարության վրա հարձակվելու հարցը», – ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Երբ Reuters-ը հարցրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այս հարցի մասին, Նեթանյահուն չհերքեց լուրը, բայց ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին։

«Կարծում եմ՝ ժամանակն է համաձայնության, և կտեսնենք, թե ինչ կլինի։ Երբեմն նախ պետք է կռվել, բայց կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը, հաղորդում է Reuters-ը։

«Շուտով մենք խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև։ Այս պահին շատ հեռախոսազանգեր և հանդիպումներ են ընթանում։ Ես շատ բաներ եմ անում, և երբեք չեմ ստանում դրանց համար գովասանք, բայց դա նորմալ է. մարդիկ հասկանում են», – գրել է նա։

Իրանը Կատարին և Օմանին, որոնք միջնորդում են իր շփումները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, ասել է, որ «բաց չէ հրադադարի շուրջ բանակցությունների համար, քանի դեռ գտնվում է Իսրայելի հարձակման տակ», – հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ այաթոլլա Խամենեին ներկայումս գտնվում է խորը բունկերում, որը իսրայելական հրթիռների հասանելիությունից դուրս է։ Սակայն ԱՄՆ-ն կարող է Իսրայելին տրամադրել բունկեր պայթեցնող սարքեր, որոնք կարող են թափանցել տասնյակ մետր բետոնի շերտ։ Վերլուծաբանները վստահ չեն, թե արդյոք Խամենեիի հավանական սպանությունը կամ փախուստը կլուծի խնդիրը։

Արցախցիների փոքր ընտանիքների բնակարանային խնդիրների քննարկում․ հունիսի 17-ին

Лилит Аванесян-ը գրում է․ 

Սիրելի Արցախցիներ, մեր դժգոհությունը փոքր կազմ ունեցող ընտանիքների վերաբերյալ (1֊3 հոգի) բնակարանային որոշումների հետ կապված մեծ թափա ունեցել։
Ինձ հետ կապվել են մեր հարցերով զբաղվող խմբից և հրավիրել բոլորիս հանդիպման, հարցի շուրջ առաջարկներ և դժգոհություններ լսելու, ինչը հետագայում լուրջ թեմա է լինելու ներկայացնելու մեր խնդիրը կառավարությանը։
Հունիսի 17֊ին (երեքշաբթի) ժամը 15։00 հավաքվում ենք Բաղրամյան 59 գ հասցեում՝ մեր խնդիրները ներկայացնելու և ցույց տալու, որ մենք չենք ընդունում որոշումը, որը ՀՀ կառավարությունը ընդունելա փոքր կազմ ունեցող ընտանիքների համար։
Պետք է հավաքվենք իրար լսենք, առաջարկներ, լուծումներ փնտրենք ու պահանջենք։
Սուս անել ու հարմարվել չկա։

Անաստաս Իսրայելյանը հունիսի 19-ին հրավիրում է բողոքի ակցիայի

ՀՈւՆԻՍԻ 19-ին 11:00-ին ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԴԻՄԱՑ!!
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, կառավարությունը ամիսներ առաջ խոստացավ բարեփոխումներ անել բնակապահովման ծրագրում։ Սակայն մինչ այսօր արված փոփոխությունները չնչին են։ Այդ ամենին զուգահեռ դադարեցվել է նաև բնակվարձի փոխհատուցման ծրագիրը, ինչի հետևանքով շատերը կրկին կանգնել են փողոցում հայտնվելու վտանգի առաջ։
Սա ուղիղ ճանապարհ է դեպի նոր արտագաղթ։ Իսկ եթե սկսվի այդ գործընթացը, ապա կդադարի նաև մեր հավաքական հետ վերադարձի և մնացած բոլոր հիմնարար իրավունքների պահանջը։
Մենք այլևս ժամանակ ու հավատք չունենք նոր խոստումների կամ երկարաձգվող բանակցությունների համար։ Պետք է վճռական պահանջ ներկայացնենք իշխանություններին՝ շարունակել բնակվարձի փոխհատուցումը այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովման համակարգում իրական, էական փոփոխություններ չեն արվել։
Ես ինքս ինձ խոստացել եմ՝ իմ կյանքի ապրելու մնացած տարիները նվիրել Արցախին և արցախցու իրավունքների պաշտպանությանը։ Մեր ամենաթանկը կորցնելուց հետո մենք այլևս իրավունք չունենք վախենալու կամ տատանվելու։
Դիմում եմ բոլոր նրանց՝ ովքեր համամիտ է այս կոչին,
հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, հավաքվում ենք ՀՀ կառավարության դիմաց՝ բարձրացնելու մեր օրինական, վճռական պահանջը։
Չենք թողնի մեզ նորից խաբեն ու նորից դարձնեն ստի եվ կեղձիքի զոհ !!!

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Հանրապետության տարածքում`հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Երևանում հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փաշինյանն ընդդեմ Գարեգին II-ի. Կոստանդնուպոլսից կարևոր նամակ է ստացվել

Պոլսո հայոց պատրիարքարան

Տեղի ունեցող իրադարձությունների, Իրան-Իսրայել պատերազմի և տարածաշրջանում հնարավոր փոխակերպումների ֆոնին, Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև բռնկված կրակը, ըստ երևույթին, դադարեցվել է և կարող է ավարտվել կաթողիկոսի հրաժարականով։

Հիշեցնենք, որ 10 օրից ավելի տևած հակամարտությունը, որի գագաթնակետը Փաշինյանի հայտարարությունն էր, որ կաթողիկոսը դուստր ունի, և նա պետք է հրաժարական տա, կարծես մարում էր։ Եվ հանկարծ առաջին պլան է դուրս գալիս Պոլսո հայոց պատրիարքը։

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կարևոր հայտարարություն է արել։

«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։

Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին եւ իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետեւաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար

Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի եւ միշտ աղոթի։

Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.–ին լինելու ե քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի եւ այդպե՛ս նրբորեն պետք է ձեռք առնվի, եթե ոչ, կստանա եկեղեցի–պետություն բախման մի վիճակ, այդ պարագայում մեր դիրքը հստակ է՝ մեր առաքելական սուրբ եկեղեցու շահերը եւ անկախությունը կպաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներից։

Գ. Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.–ի ընտրություններին սպասելու մեջ։ Արդեն Մայր Աթոռը 2026թ.–ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապեն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո եւ իրավունք ունի»,– ասել է Սահակ պատրիարքը։

Սա չափազանց հետաքրքիր հայտարարություն է, որում կարելի է տարբերակել մի քանի շերտեր։

Առաջինն այն է, որ եթե Հայաստանում եկեղեցու և պետության միջև հակամարտություն լինի, Կոստանդնուպոլսի պատրիարքը կանցնի եկեղեցու կողմը։ Հիշենք, որ թուրքական օրենսդրության համաձայն՝ Պոլոսո պատրիարքն ընտրվում է թուրքական պետության հաստատմամբ։ Հիշենք նաև, որ Բաքվի մուսուլմանների հոգևոր առաջնորդը վերջերս հայտարարել է, որ երբ հայկական պետությունը լուծարվի, Էջմիածինը կարող է դառնալ ազգային կենտրոն, ինչպես Վատիկանը։ Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, քննարկվում է մեկ այլ տարբերակ՝ հայկական տարրի լիակատար վերացումը Հայաստանում, Լիբանանում և Երուսաղեմում և միասնական հայկական ազգային կենտրոնի դերի թոխանցումը Պոլսո պատրիարքությանը։

Կոստանդնուպոլսից ստացված նամակը ցույց է տալիս, որ այս տարբերակը համարվում է արդիական, բայց ստեղծված իրավիճակում այն ​​ներկայումս առկախված է։

Երկրորդը՝ կաթողիկոսը հոգնել է այս իրավիճակից, ինչը նշանակում է, որ նրա հրաժարականի հնարավորությունը քննարկվում է, բայց ոչ հիմա, այլ 2026 թվականի մեծ եկեղեցական ժողովի ժամանակ։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ սերտորեն կապված կաթողիկոսը կորցրել է Մոսկվայի աջակցությունը։ Ինչպես ամեն ինչ հայկականը, Ռուսաստանը որոշել է եկեղեցին ևս հանձնել Թուրքիային։

Երրորդը՝ Էջմիածնում հրավիրված ժողովը կարող է վերածվել Ազգային եկեղեցական ժողովի, ասում է Մաշալյանը։ Հայ Առաքելական եկեղեցին բաղկացած է երկու կաթողիկոսությունից՝ Էջմիածնում և Անթիլիասում, և երկու պատրիարքություններից՝ Պոլսում և Երուսաղեմում։ Չնայած պաշտոնապես բոլորը ճանաչում են Էջմիածնի գերակայությունը, նրանք ունեն տարբեր «տնտեսություններ», այդ թվում՝ անշարժ գույք, ֆինանսական հոսքեր և քաղաքականություն։ Ազգային եկեղեցական ժողովը ենթադրում է բոլոր չորս հայկական ժողովների առկայություն, և կասկած չկա, որ դրանք կորոշեն, թե ով է այժմ լինելու գլխավորըև գուցե միակը։

Սահակ Մաշալյանի հայտարարություններից դատելով՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը գետնի վրա իրանա-իսրայելական հակամարտության արդյունքում, արդյոք Հայաստանը կգոյատևի որպես պետություն, թե՞ հայ ժողովուրդը ներկայացված կլինի միայն Հայ Եկեղեցու կողմից՝ ի դեմս Պոլսո Պատրիարքանի՝ որպես Մեծ Թուրքիայի ազգային-կրոնական միավորներից մեկը։