Հայաստանի բարեկամական երկրներում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը

  • 19:23 24.04.2026

Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցը և խոնարհվում է զոհերի հիշատակի առջև: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Այս ապրիլի 24-ին Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցը և խոնարհվում զոհերի հիշատակի առջև: Սա առիթ է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անքակտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանին, իսկ ֆրանսիացիներին՝ հայերին»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։

«1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։ Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- գրել է դեսպանը։

Ապրիլի 24-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանության կողմից։

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, այնուհետև ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնե։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել։ Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 

«Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,-ընդգծել է Կանադայի վարչապետը։

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։

«Հելլենիզմի համար, որն իր բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է՝ ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-իր գրառման մեջ նշել է հույն պաշտոնյան։

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ կոչ անելով պահպանել պատմական հիշողությունը։

«Մենք խոր վշտով հիշում ենք այդ հումանիտար ողբերգության զոհերին եւ մտորում ենք դիմադրողականության եւ ինքնության նկատմամբ հավատարմության իմաստի մասին»։

Նա նշել է, որ Լիբանանը դարձել է հայերի համար ապաստան, ովքեր այնտեղ գտել իրենց երկրորդ հայրենիքը, նպաստել նրա զարգացմանը եւ դարձել նրա ազգային «հյուսվածքի» եւ հարուստ բազմազանության անբաժանելի մասը։