Ալիևն ամեն օր հիշեցնում է, որ Արցախը Հայաստանի մաս է

Հայաստանում ընտրարշավը սկսվել է, քաղաքական ուժերի դիրքորոշումները աստիճանաբար ավելի հստակ են դառնում, և միայն մեկ հարց է մնում նրանց ծրագրերում նույնքան անարատ, որքան 16-ամյա աղջիկը՝ Արցախի հարցը։

Ընդամենը երկուսուկես տարի առաջ, ագրեսիայի, օկուպացիայի և ցեղասպանության հետևանքով, հայկական անձնագրեր ունեցող 150,000 մարդ բռնի տեղահանվեց իրենց հայրենիքից, որտեղ նրանք 1989 թվականին իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը և Հայաստանի ու սփյուռքի օգնությամբ պաշտպանել այդ իրավունքը 30 տարի շարունակ։

Ընդամենը երկուսուկես տարի անց Հայաստանի կառավարությունը Արցախի հարցը համարում է փակված, Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը՝ առոչինչ, իսկ դրա մասին ցանկացած հիշատակում որակում է որպես ոչմիթիզհողություն և ռևանշիզմ (արդարության համար պետք է նշել, որ Սահմանադրությունը դեռևս չի փոփոխվել)։

Շատ հայկական կուսակցություններ ևս փորձում են խուսափել իրենց հռետորաբանության մեջ Արցախի հարցը հիշատակելուց, կարծես Արցախը երբեք գոյություն չի ունեցել։ Ոմանք առաջարկում են առանձին թաղամասեր կառուցել արցախցիների համար և օգնել նրանց բնակարանային հարցերում։ Մյուսները որպես լուծում առաջարկում են «արցախցիների վերադարձը»՝ միջազգային կամ այլ պատրանքային երաշխիքների ներքո։ Այսինքն, ըստ էության, ոչինչ չեն առաջարկում։

Հիշեցումը, որ Արցախը Հայաստանի մաս է կազմում, և որ Հայաստանը պարզապես պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները բոլոր միջազգային հարթակներում, որքան էլ դա տարօրինակ հնչի, գալիս է Բաքվից։ Չնայած Արցախի օկուպացիային և բնիկ բոլոր բնակիչների տեղահանությանը, Ալիևը չի կարող յուրացնել այն, ինչը, ըստ Սահմանադրության, պատկանում է հայ ժողովրդին։

«Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ համատեղ հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, փաստացի նշանակում են խաղաղության հաստատում։ Դրա ձևական կողմը կախված է Հայաստանից։ Որքան շուտ Սահմանադրությունը փոփոխվի և վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», – հայտարարել է Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Սակայն նույնիսկ Ալիևի հիշեցումները հետաքրքրություն չեն առաջացնում Արցախյան հարցի նկատմամբ հայկական քաղաքական դաշտում։ Եթե Հայաստանի Սահմանադրությունը Ալիևի թուլությունն է, ուրեմն այն Հայաստանի ուժն է։ Եվ եթե Ալիևը որևէ իրավունք ունենար Արցախի նկատմամբ, նա չէր հիշի Հայաստանի Սահմանադրությունը և կստորագրեր «խաղաղության պայմանագիրը», որն ինքն է անվանում Հայաստանի կապիտուլյացիա։

«Միայն միջազգային իրավունքին հենվելը բավարար չէ սեփական խնդիրները լուծելու համար։ Եվ Ադրբեջանի օրինակը իսկապես ցույց է տալիս դա։ Այսպիսով, նոր աշխարհակարգի կամ միջկառավարական հարաբերությունների նոր համակարգի ի հայտ գալը անկասկած դատապարտված է տեղի ունենալ։ Միակ հարցն այն էր, թե ով կստանձնի այս քայլի պատասխանատվությունը։ Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը հիանալի աշխատանք է կատարել՝ նախաձեռնելով Խաղաղության խորհրդի ստեղծումը՝ մի հաստատություն, որն ունի մեծ ապագա», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը լիովին կաթվածահար է։

Ալիևը հակասում է ինքն իրեն, երբ ասում է, որ լուծել է իր խնդիրները՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա «խաղաղության պայմանագիրը» պայմանավորում Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ և 1989 թվականի որոշման չեղարկմամբ։ Որովհետև առանց Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Բաքուն ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ Արցախն ու Նախիջևանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մաս են կազմում։

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը մարտի 31-ին հանդես կգա համերգով

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը մարտի 31-ին Երևանի Աբովյան փ. 2 հասցեյում հանդես կգա համերգով

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ի կողմից ստեղծված երաժշտական համույթ է, որի առաքելությունն է արցախյան ֆոլկ երգերի ավանդույթների կենդանացումն ու վերարժևորումը՝ ժամանակակից, դինամիկ և նորաշունչ ներկայացմամբ։ Համույթը միավորում է երիտասարդ և շնորհաշատ երաժիշտների՝ ստեղծելով բազմաշերտ ու հոգեհարազատ երաժշտական միջավայր:

Համերգի հատուկ հյուրերն են Արսեն Գրիգորյանն ու «Տիեզերք» բենդը, որոնց մասնակցությամբ երեկոն կդառնա ջերմ, հիշվող և զգացմունքներով լի։

Տոմսերը կարող եք ձեռք բերել  այս հղումով՝

https://eventhub.am/am/concert/event/dizak-folk-bend-0d3a79d9-8d0c-42cb-b684-1b7af4bdb069, նշված է «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «ԴիզակԱրտ» երիտասարդական մշակութային կենտրոնի նպատակն է պահպանել Հադրութի շրջանի փրկված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։

Հիմնադրումից ի վեր կենտրոնը ակտիվորեն ընդլայնել է իր գործունեությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Երիտասարդական մշակութային կենտրոններ են բացվել Երևանում և Աբովյանում, որտեղ արցախցի փախստական ​​երեխաները ստանում են անվճար մշակութային կրթություն։ Գործում են տարբեր խմբակներ, այդ թվում՝ վոկալի, ազգային պարի, նկարչության, կիրառական և թատերական արվեստի։ Երեխաները նաև սովորում են նվագել հայկական ազգային երաժշտական ​​գործիքներ և մասնակցում են տարբեր հայկական և միջազգային ստեղծագործական մրցույթների՝ արժանանալով պատվավոր մրցանակների։ Այսպիսով հունվարին ATV-ի կողմից անցկացված «Երազանքի բեմը», երաժշտական ​​նախագծի հաղթող ճանաչվեց 13-ամյա Արման Հայրիյանը Հադրութից, ով  Դիզակ-ԱՐՏ կենտրոնի սաներից է:

 

Մոտ 30 հազար արցախցի ստացել են ՀՀ նոր անձնագրեր

2023-ից մինչեւ 2026թ. փետրվարի 5-ը Լեռնային Ղարաբաղից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել է 26 099 դիմում, գրանցվել է աճ։ Ավելի քան 9 000 երեխա նույնպես ստացել է հայկական անձնագիր։

Փաշինյանը առաջարկում է ՌԴ-ին վաճառել հայկական երկաթուղու կառավարումը

«Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի  դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, սա տարբերակ է, որը պետք է քննարկել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Փաստորեն, Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է վաճառել Հայկական երկաթուղիների կառավարումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կոնցեսիան մինչև 2038 թ․ է։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երկաթուղու Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այդ հատվածների վերանորոգումը։

Սակայն Փաշինյանի հայտարարությունը հաստատում է, որ  ռուսական կառավարումը ընդհանրապես անցանկալի չէ։ Արդյո՞ք Փաշինյանն այդ հայտարարությամբ ուզում է ռուսական կողմի վրա բարդել այն, որ Թրամփի ճանապարհը Հայաստանից բացարձակ անջատ է լինելու, և ոչ մի ապաշրջափակում չի լինելու։

Մոսկվան ըստ “սցենարի” պետք է հրաժարվեր նշված հատվածների վերանորոգումից, և այդ դեպքում Փաշինյանը “կբացատրեր”, թե ինչու Բաքուն և Անկարան հրաժարվում են օգտվել Հայաստանի ճանապարհներից։ Բայց հիմա, երբ Ռուսաստանը պատրաստակամ է, դժվար է խոստովանել, որ Թրամփի ճանապարհի իմաստն ի սկզբանե ապաշրջափակումը չէ, այլ հայ-իրանական սահմանի խուլ փակումը, ինչին Ռուսաստանը ուզում էր հասել դեռ 2020 թ, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով։

 

Հիմա էլ պարզվում է՝ խնդիրը Էջմիածնի գանձերն են, որը ուզում է յուրացնել Սփյուռքը

Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ սպառնացել է սփյուռքի ներկայացուցիչներին. «Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու է այլ կողմ»։

Եկեղեցու դեմ արշավը Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է սկզբից Կաթողիկոսի զավակի առկայությամբ, իսկ Փաշինյանի կինը՝ Շվեյցարիայում կայացած Արցախում մնացած ժառանգության մասին համաժողովով (ի՞նչ էիք ուզում փրկել Շվեյցարիայում, գրել է Աննա Հակոբյանը), այնուհետ՝ Կաթողիկոսի եղբոր՝ ԿԳԲ-ի գործակալ լինելով, իսկ վերջերս՝ որոշ երկրներից Եկեղեցու միջոցով Հայաստանն եկած փողերով, որը իբրև պետք է օգտագործվի քաղաքական նպատակներով։ Այսօր պարզվել է, որ Սփյուռքը ուզում է ռեղափոխել Էջմիածնից Կաթողիկոսությունը՝ գանձերով հանդերձ։ 

Աբխազիան դժվարին որոշման առջև է կանգնած

ԱՄՆ Պետդեպարտամենտը քննարկում է այն քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները ամրապնդելու համար, ասվում է գերատեսչության կողմից Netgazeti-ին ուղղված հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտը նշել է, որ երկիրը կարող է «հսկայական օգուտներ քաղել» նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրից։

Ի՞նչ կոնկրետ քայլեր է Վաշինգտոնը ակնկալում Վրաստանից, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության և Թրամփի ճանապարհի լույսի ներքո։

Ռուսաստանը քննարկում է Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։ Այս մասին վերջերս հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խափանված երթուղիները ապաշրջափակելու ուղղությամբ։ Սա ներառում է Աբխազիայի միջոցով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը», – ասել է Օվերչուկը։

Արդյո՞ք Վաշինգտոնը դիտարկում է այդ հարցը։

Վերջին տարիներին ռուս պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են երկաթուղու վերակառուցման ծրագրերի մասին: Մամուլում հայտնվել են հաղորդագրություններ, որ «Վրացական երազանքի» կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում Մոսկվայի հետ այս հարցի շուրջ:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքել է դա։ Միևնույն ժամանակ, Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ օկուպացված տարածքներով անցնող ցանկացած տրանսպորտային նախագիծ կարող է դիտարկվել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։

Վերջերս հայտարարվեց, որ Աբխազիան ստիպել է դուրս բերել ռուսական անձնագրային բաժանմունքները, որոնք աբխազ քաղաքացիներին ռուսական անձնագրեր էին տրամադրում: Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կայացվել է Աբխազիայի խորհրդարանում բուռն քննարկումներից հետո։

«Վրացական երկաթուղիներ»-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ քննարկում չկա։ «Վրացական երկաթուղիները չեն քննարկում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, ուստի մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը բարձրացվել», – շարունակվում է հայտարարության մեջ։

Վրաստանը միշտ պատրաստ է եղել վերականգնել Աբխազիայի հետ երկաթուղային կապերը, եթե Աբխազիան հրաժարվի իր անկախությունից և ընդունի Վրաստանի իրավասությունը իր տարածքի նկատմամբ: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը 2008 թվականի պատերազմից հետո, բայց այդպես էլ չկարողացավ այն անեքսիայի ենթարկել որպես դաշնային հանրապետություն։

Ռուսական անձնագրային գրասենյակների դուրսբերումը Աբխազիայից կարող է նշանակել, որ Մոսկվան Աբխազիային մենակ է թողնում Վրաստանի հետ, ինչպես դա արեց Արցախի հետ, ստիպելով նրան «կամավոր» հայտարարել իր լուծարման մասին Եվլախում։

Աբխազիան դժվար որոշման առջև է կանգնած։

Աշխատանքային էլեկտրոնային պայմանագրերի կարգավորումը հետաձգվում է 1 տարով

2026 թ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ հարցը քննարկելու համար։

Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։

«Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները և մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, այժմ իրենք առաջարկում են ուժի մեջ թողնել այն, ինչ կա՝ կամավոր․ քաղաքացիները կարող են պայմանագրերը կնքել ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առանց դրա։ Օրենքի կիրարկումը կհետաձգվի 1 տարով։

Եվրոպական դիտորդները կմնա՞ն Հայաստանում խաղաղության համաձայնագրից հետո

2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան “խաղաղության պայմանագրի” նախաստորագելուց հետո Նիկոլ Փածինյանը հայտարարել է, որ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո եվրոպական դիտորդներն այլևս չեն իրականացնի իրենց առաքելությունը ներկայիս ձևաչափով։ Հիշեցնենք, որ եվրոպական դիտորդների տեղակայմանը Հայաստանում կտրականապես դեմ էին Մոսկվան և Բաքուն։

Փաշինյանը նաև ասում է, որ “խղաղության” պայմանագրի նախաստորագրումը և Թրամփի ճանապարհը անհնարին կլինեին առանց Պրահայում ԵՄ առաջնորդներ՝ Շարլ Միշելի և Մակրոնի նախաձեռնությամբ ստորագրված փաստաթղթի, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որոշվում են Ալմա-Աթայի համաձայնագրով։

Այլ կերպ ասած, չնայած, որ 2020 և 2025 թ․ փաստաթղթերը Փաշինյանն ու Ալիևը ստորագրել են Պուտինի, ապա Թրամփի միջնորդությամբ, “սովետական սահմաններին” վերադառալու, ավելի պարզ ասած՝ Արցախից և Նախիջևանից հրաժարվելու մեղքը Փաշինյանը դնում է Եվրամիության վրա։

Իսկ վերջում ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է երկաթուղու վերականգնումը, հաստատում է, որ դուրս չի գա ԵԱՏՄ-ից, ամերիկյան ընկերությանն է փոխանցում հայ-իրանական ամբողջ սահմանը, իսկ Եվրամիությանն ասում է, որ դեռ կմտածի, թե ինչ ֆորմատով կարելի է Հայաստանում պահել 200 դիտորդի։

Եվրամիությունը բավական լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ավարտելով իր առաքելությունը Հայաստանում։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրամիությանը եւ նույնիսկ քննարկում է ապագայում անդամակցելու հնարավորությունը։ «Հուսով եմ՝ դա մի օր տեղի կունենա»,- նշել է առաքելության ղեկավարը։

Մենք շատ բարձր ենք գնահատում Եվրամիության հետ համագործակցությունը և շատ դրական ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որովհետև մենք համոզված ենք, որ առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որ տարածաշրջանում և կայունություն լինի, ինչպես նաև սահմանային համայնքների բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կարող եմ ասել, որ նրանք կարևոր դեր են ունեցել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները խաղաղության հաստատման, ինչպես նաև նախագահ Թրամփի գործոնն է կարևոր եղել խաղաղության հաստատման գործում»,–ասաց նա։

Հարցին՝ արդեն կա՞ պատկերացում, թե հետագայում ինչպիսին է լինելու ԵՄ առաքելության աշխատանքը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մի բան հստակ է, մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացնվի, որպեսզի ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են, կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից»,–ասաց նա։

Մենք պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքը, շարունակել սահմանի պարեկությունը եւ զեկուցել զարգացումների մասին մինչեւ խաղաղության համաձայնագրի ոչ միայն ստորագրումը, այլեւ վավերացումը։ Այլ քննարկումներ դեռեւս չեն եղել, հայտնել է Մարկուս Ռիտեր։

Նա ավելեց, որ ԵՄ առաքելության ապագայի հարցը չի քննարկվել Հայաստանի կառավարության հետ, այդ թվում՝ այն հարցը, թե արդյոք դիտորդները կմնան Հայաստանում խաղաղության համաձայնագրի վավերացվելուց հետո։

Առաքելությունը սկզբում բաղկացած էր 40 մարդուց, իսկ հիմա՝ 210։ Մեզ բավական լավ ընդունեցին, եւ մենք լավ համագործակցություն ենք հաստատել տեղի իշխանությունների հետ։ Ես կարծում եմ, որ առաքելությունը հաջողված էր, եւ սա հաջողության պատմություն է ոչ միայն անձամբ ինձ, այլեւ Հայաստանի համար»,- եզրափակել է Ռիտերը։

Հայ ժողովրդի նորագույն պատմության լուսավոր էջերից է Արցախյան շարժումը

Հայ ժողովրդի նորագույն պատմության լուսավոր էջերից է Արցախյան շարժումը, որը, վերաճելով ազգային ազատագրական պայքարի, ապացուցեց հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու անխախտ իրավունքը:

Արցախյան շարժումը համաժողովրդական գործ էր։ Եվ յուրաքանչյուր արցախցի իր հնարավորությունների սահմանում նպաստել է նրա կայացմանն ու զարգացմանը։

Շարժման հաջողության հիմքը 88-ի փետրվարյան համաժողովրդական կամարտահայտության մեծ դրսևորումն էր։ Արցախահայությունը բռունցքված էր, միակամ ու վճռական։

Սվետլանա Ասրյանը վերհիշում է, հպարտանում հաղթանակներով, ցավ ապրում Արցախի կորստի համար

-Փետրվար ամիսը միշտ ընկալել ենք հպարտությամբ։ Մեր համազգային, մաքրամաքուր զարթոնքն սկսվեց փետրվարից, և այն սկսվեց մեծ խանդավառությամբ, քանի որ ցանկանում էինք մնալ հայ, մեր արմատներին կառչած, Արցախի հող ու ջրին ձուլված։ 88-ին մի ընդհանուր, ընդհատակյա ուրախություն էր թևածում։

Այն ժամանակ ես աշխատում էի Ասկերանի շրջանային ժողկրթբաժնում։ Բոլորս զգում էինք շատ կարևոր, հեղափոխական քայլերի անհրաժեշտությունը, հայ մնալու կարևորությունը։ Արդեն սկսվել էին գաղտնի հանդիպումները, նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, ինչը հետագայում, իհարկե, ի հայտ եկան։

Տարիների հեռվից հիշում եմ մեր համերկրացիների վճռականության, համարձակության դրսևորումները։ Մեր շրջանի ղեկավար Վաչագան Գրիգորյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի շարժման պատմության մեջ։ Նա, առողջական խնդիրներով հանդերձ, չէր դադարում գործել երկու ճակատով՝ գիշերն ընդհատակյա ընկերների հետ, իսկ ցերեկը մարզի ղեկավարությանն էր համոզում, որ ամեն ինչ նորմալ է։

Հայրենասերների մեծ խումբ՝ ի դեմս Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի, առաջամարտիկներ Կոմիտաս Դանիելյանի, Սլավիկ Միրզոյանի և շատ-շատերի (ներողություն եմ խնդրում անուները չշեշտելու համար), շրջանի ղեկավարի հուսալի հենարանն էր։

Երբ արդեն Շարժումը դուրս եկավ ընդհատակից, մեր շրջանի բնակչությունը դարձավ նրա ակտիվ մասնակիցը։ Մեր առօրյան լցվեց շարժմանն ինչ-որ ձևով օգնելու մոլուցքով․ ստորագրահավաքներ, հանդիպումներ, միտինգներ․․․

Իհարկե, արցախցիներիս համար շատ դժվար ժամանակներ սկսվեցին․ ճնշումներ, հորդորներ, խոստումներ, իսկ հետո հարձակումներ։ Բայց մենք չընկճվեցինք, ընդհակառակը՝ ուժ հավաքեցինք, դիմացանք ու հաղթանակ կերտեցինք։ Մեզ չվախեցրեց ու չկոտրեց անգամ այն, երբ փետրվարի 22-ին թշնամու զինված խառնամբոխը փորձում էր հարձակվել Ասկերանի վրա ու հասնել մինչև Ստեփանակերտ։

Այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված հասցնել թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Ասկերանն Արցախի այն բնակավայրն է, որն առաջինն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային և պատահական չէր, որ ղարաբաղյան շարժման և դրան հաջորդած ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում Ասկերանն իր ռազմավարական դիրքով ու նշանակությամբ միշտ մնաց որպես բերդ-ամրոց՝ երբեք չնահանջելով իր դիրքից։ Միշտ մնաց մայրաքաղաք Ստեփանակերտի դարպասը։

Մեր հաղթանակն ու պատմությունը կերտվեց մեր ժողովրդի ու կիրթ առաջնորդների միջոցով։ 88-ի ազգային-ազատագրական զարթոնքը, խորհրդային ու ադրբեջանական իշխանությունների դեմ մղվող անհավասար գոյակռիվը, ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը հանգեցրեցին Արցախի ազատագրմանն ու հայրենիքի այդ հատվածում անկախ պետականության հռչակմանը:

Ցավոք, արդարության վերականգնման և մարդու իրավունքների համար պայքարը հեշտ չտրվեց: Բազում հայրենասերներ զոհվեցին հանուն մեծ գաղափարի։ Փա՜ռք բոլորին։

Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել այն ժամանակների և այսօրվա միջև։ Հաղթանակած հայից, ցավոք, մանկուրտ է մնացել։ Բայց ես հավատում եմ, որ կզարթնի իմ ազգը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Երբ մենք ասում ենք, որ նման պայմաններով բնակարան գնել հնարավոր չէ, մեզ չեն հավատում

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը փաստաթղթավորում է այն, որ արցախյան ընտանիքների մեծ մասը չի կարողանում բնակարան ձեռք բերել կառավարության առաջարկած պայմաններով։

Ես երբեք չէի մտածի, որ կաշխատեմ այս ձևաչափով, բայց երբ մենք ասում ենք, որ Արցախի բնակարանային ծրագրի պայմանները իրականության հետ կապ չունեն, մեզ չեն հավատում, ասում է Նժդեհ Իսկանդարյանը։ Կառավարությունը նույնիսկ չի ուզում լսել այն իրավիճակի մասին, որում հայտնվել են մեր հայրենակիցները։

Նա ներկայացրեց մի ընտանիքի պատմություն, որը ապրում է բնակարանի վերածված ցիստերնի մեջ։

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Հայաստան ժամանեցին

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

Հայկական կողմի մասնակիցներ

Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ

Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան

Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ

Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող

Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն

Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար

Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ

Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

Ադրբեջանական կողմի մասնակիցներ

Ֆարհադ Մամեդով – Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն

Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն

Քամալա Մամեդովա – 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր

Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ

Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ

Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող

Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)

Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն

Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու

Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ

Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ

Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ

Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ

Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան

Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ

Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից

Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ

Ֆուադ Ագամալիև – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ

Անվճար բուժօգնություն ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում ԼՂ-ից և Սիրիայից տեղահանված ընտաիքներին

ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը շարունակում է ԼՂ-ից և Սիրիայից տեղահանված ընտաիքներին առաջարկել անվճար արտահիվանդանոցային բուժօգնություն, սպասարկում և խորհրդատվություն հետևյալ ուղղություններով՝ 👇
✅ մանկաբուժություն,
✅ սրտաբանություն,
✅ հոգեբանություն,
✅ գինեկոլոգիա,
✅ ակնաբուժություն,
✅ քիթ-կոկորդ-ականջաբանություն:
📌 Այցելություններից առաջ հարկավոր է գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ ☎ 011 51 22 53: