ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները շտապ մեկնել են Բաքու

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Իլհամ Ալիևը շեշտել է, որ Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։

Ադրբեջանական կողմի համաձայն, եվրոպացի դիվանագետն իր հերթին ընդգծել է «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը», հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:

Բաքվում հանդիպում են ունեցել նաեւ Իլհամ Ալիևը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Ալիեւի սպառնալից հայտարարություններից հետո։

Հայրենասիրություն. Ճարտարցի ընկերները շարունակում են օգնել համագյուղացիներին

Իսկական հայրենասերը այն մարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել հանուն իրենց հայրենիքի ու ժողովրդի բարօրության՝ առանց գովազդելու իրենց գործողությունները և առանց գովաբանություն պահանջելու։

Հայրենասիրության վառ օրինակ են երկու ընկերներ ու դասընկերներ՝ Երվանդ Հայրապետյանն ու Նվեր Գաբրիելյանը։ Ծնվել և մեծացել են արցախյան Ճարտար գյուղում։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ կազմակերպեցին իրենց սեփական բիզնեսը։

Ապրելով հայրենիքից դուրս՝ Նվերն ու Երվանդը չեն մոռացել իրենց արմատների մասին՝ Արցախի համար ամենածանր ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերելով իրենց հայրենակիցներին։ Արցախյան վերջին պատերազմների ժամանակ նրանք ֆինանսական օգնություն են ցուցաբերել Արցախի պաշտպանության բանակին անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու համար։

Նրանք նաև օգնել են 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքներին։ Նրանց շնորհիվ նախորդ տարի զոհվածների ընտանիքների երեխաները ստացան ամանորյա նվերներ, իսկ այս տարի Ճարտարից զոհված զինծառայողների 57 ընտանիքներ ստացան միանվագ նպաստ 50000 դրամի չափով։

Եվ սա այն բոլոր բարի գործերի ու արարքների ամբողջ ցանկը չէ, որ արել և անում են այս համեստ տղաները։

Արսեն Աղաջանյան

Փաշինյանը առաջարկում է բացել Նախիջեւանը, Ալիեւին դա պետք չէ

Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին. դա ավելին է քան առաջարկը: Այս մասին Արմենպրեսին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:

Փաշինյանը առաջին անգամ չէ որ առաջարկում է բացել Նախիջեւանը, ինչը թույլ կտա ամրապնդել հայ-իրանական կապը նախկին երկաթուղիյով։ Բայց Ալիեւի կողմից արձագանքի բացակայությունը խոսում է այն մասին, որ դա պետք չէ Բաքվին։

Ռուսաստանը չի հանձնում յուրայիններին՝ չհաշված Աղդամը

Եվրամիությունը կոչ է անում չճանաչված Մերձդնեստրի իշխանություններին դադարեցնել Մոլդովայի էներգամատակարարման առաջարկների արգելափակումը էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը ծագեց այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրեց գազ մատակարարել Մերձդնեստր: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Անիտա Հիպերը, գրում է Politico-ն երեքշաբթի օրը՝ հունվարի 7-ին։

«Որքանով մեզ հայտնի է, Մոլդովայի կառավարությունն արդեն առաջարկել է էներգետիկ և մարդասիրական օգնություն Մերձդնեստրին, սակայն մինչ այժմ այն ​​չի ընդունվել», – մեջբերում է թերթը Հիփերի խոսքերը։ «Մենք կոչ ենք անում Տիրասպոլին համագործակցել Քիշնևի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար՝ ելնելով տեղի բնակչության շահերից»։

Եթե հիիշում եք, 2023 թվականի հուլիս-սեպտեմբերին Ռուսաստանը, Եվրամիությունը և այլք Արցախին առաջարկում էին ընդունել հումանիտար օգնություն Բաքվից։ Անգամ առաջարկներ եղան Բերձորով և Աղդամով միաժամանակ բացել ճանապարհները։ Լավրովը, Շոլցը և մյուսները մրցում էին միմյանց հետ՝ հորդորելու Արցախի ժողովրդին «ինտեգրվել» Ադրբեջանին, որ սովից չմեռնեն։ Շատ արցախցիներ նույնիսկ այն ժամանակ հույսը դնում էին ռուսների վրա։ Հանրապետության «լուծարման» մասին փաստաթուղթը եւս գրվել է սալդոֆոներեն ռուսերենով։

Այժմ, նույնիսկ երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Մոլդովա և Մերձդնեստր, Տիրասպոլը դեռ սպասում է Մոսկվայի օգնությանը։ Թեև ժամանակն է հավաքել ճամպրուկները. շատ շուտով Մոլդովան և Մերձդնեստրը կդառնան Ռումինիայի և ԵՄ-ի մաս: Ինչպես Աբխազիան և ամբողջ Հյուսիսային Կովկասը կդառնան թուրքական վիլայեթներ։

Ռուսաստանի կողմից ստեղծված «չճանաչված» հանրապետությունները «գցելու» գործընթացը մոտենում է ավարտին։ Բայց այն համոզմունքը, որ «Ռուսաստանը չի հանձնում յուրայիններին», դեռ կենդանի է։

Սոցնախարարությունը հրապարակել է արցախցիներին 50 հազ․ աջակցություն տրամադրելու նոր կարգը

այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ձեր կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։
Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։
Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
· 63 և ավելի տարեկաններ,
· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։

Ցուկերբերգը վերացնում է Meta հարթակներում փաստերի ստուգումը

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձ է հրապարակել, որում ասել է, որ իր հարթակներում գրաքննությունը չափազանց հեռուն է գնացել։ Ընկերությունն այժմ կվերացնի փաստերը ստուգող երրորդ կողմերի օգտագործումը և կվերացնի սահմանափակումները այնպիսի թեմաների քննարկումների համար, ինչպիսիք են ներգաղթը, սեռը և գենդերային ինքնությունը:

«Ժամանակն է վերադառնալ խոսքի ազատության արմատներին»,- ասել է Ցուկերբերգը։ Նա փաստերը ստուգողներին չափազանց քաղաքական կողմնակալ համարեց:

Ջոել Կապլանը, ով այժմ վերահսկում է Meta-ի գլոբալ քաղաքականությունը, գրել է, որ ընկերության ապավինումն անկախ մոդերատորների վրա լավ մտադրություն էր, բայց շատ հեռուն գնաց՝ գրաքննության ենթարկելով նույնիսկ չափազանց անմեղ բովանդակությունը:

Թրամփը իր հիացմունքն է արտահայտել Էրդողանի նկատմամբ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը իր հիացմունքն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ նրան անվանելով «ընկեր» և մարդ, ում «հարգում եմ»։

«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է. նա մեկն է, ով ինձ դուր է գալիս, ում ես հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ է ինձ հարգում»,- ասել է նա։

Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի իր նստավայրում մամուլի ասուլիսի ժամանակ

Թրամփը քննարկել է իր արտաքին քաղաքականության օրակարգը: Անդրադառնալով իր նախորդ նախագահությանը՝ Թրամփը նշել է պատերազմները կանխելու իր ջանքերը և պատասխանել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով այդ գործընթացում Թուրքիայի դերը։ Թրամփն ասել է, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում հաղթել է ԻՊ-ին Սիրիայում և ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս է բերել երկրից։ Երբ նրան հարցրել են ներկա իրավիճակի մասին, նա ընդգծել է Անկարայի կարևորությունը այդ հարցում՝ գրում է Dailysabah-ը։

Սիրիայից մոտ 2000 ամերիկացի զինվորականների դուրսբերման վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Թրամփը ասել է. «Ես այդ մասին ձեզ ոչինչ չեմ ասի, քանի որ դա ռազմավարության մաս է, բայց կասեմ, որ դա Թուրքիան է եղել։ Բայց եթե նայեք, թե ինչ կատարվեց Սիրիայի հետ, Ռուսաստանը թուլացավ, Իրանը թուլացավ։ Եվ նա (նախագահ Էրդողանը) շատ խելացի տղա է, և նա իր մարդկանց ուղարկեց այնտեղ տարբեր ձևերով և տարբեր անուններով, և նրանք մուտք գործեցին և ստանձնեցին իշխանությունը», – հավելել է Թրամփը։

Ուժի իրավունքը, կորչի պայմանագիրը․ Ալիեւը ձեւացնում է, որ քարտ-բլանշ է ստացել

Թրամփը չի բացառել Գրենլանդիան եւ Պանաման ուժով վերցնելու տարբերակը, նաեւ գովաբանել է «իր ընկեր» Էրդողանին, որ «տարբեր ձեւերով» իրեն մարդկանց ուղարկել է Սիրիա եւ ուժով վերցրել իշխանությունը։ Ու թեկուզ Կանադայի վարչապետը մերժել է ԱՄՆ-ին միանալու Թրամփի առաջարկը, սակայն նրա հրաժարականը խոսում է նման ընթացքի հավանականության մասին։

Տարածքային հարցերը ուժով լուծելու ԱՄՆ նոր վարչակազմի հակումը՝ քարտ-բլանշ է աշխարհի բոլոր բռնապետերի համար։ Նրանք կանխավ պատրաստակամություն են հայտնում վերցնել այդ քարտ-բլանշը։

Դեռ մինչեւ Թրամփի պաշտոնավարման սկիզբը՝ հունվարի 20-ը Ալիեւը «ուժի իրավունքից» բխող մի քանի հայտարարություն է արել։

«Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական ​​պետություն է։ Որովհետև այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության ջատագովներ»,- ասել է Ալիեւը։ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը դա պետք է կատարի կամ մենք։ Այլ ելք չկա»,- հավելել է նա:

Ի՞նչ նկատի ունի Ալիեւը, ասելով, որ Հայաստանը պետք է ինքը դա անի։ Միայն մեկ բան՝ հայտարարել երրորդ հանրապետության ավարտը՝ փոխել Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, հրաժարվել բանակից, զենքից, «բացել» սահմանները եւ Հայաստանը ճանաչել «թյուրքական աշխարհի» խաչմերուկ։ Պետք է ասել, որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր արդեն կատարել է։

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի», ասել է Ալիեւը, ընդգծելով, որ Հայաստանը չպետք է պատնեշ լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։

Ալիևը ընդգծել է նաեւ, որ “սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, ԱՄՆ-ում նրանց դարաշրջանն անցել է, եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա”։

Նա նաեւ ասել է, որ եթե Հայաստանին «խաղաղության պայմանագիր» պետք չէ, Ադրբեջանը հաստատ առանց այդ պայմանագրի կապրի։

Ալիեւը փաստացի ասում է, որ «միջպետական» պայմանագրերն այլեւ ոչինչ չեն նշանակում, ամեն ինչ որոշվելու է «մեծ բաժանման» ժամանակ, եւ այդ բաժանման մեջ ամենակարեւորը՝ ուժի իրավունքն է եւ Թրամփին ընկեր լինելը։

Իսկ այդ ընթացքում Հայաստանում պառակտումը ավելի է խորանում, երկրի փլուզման նախադրյալ դառնալով։

“Ներկայացրեք ծրագիր եւ ցույց տվեք այն մարմինը, ում հետ մենք պետք է աշխատենք”

“Վերադարձ Դիզակ” ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը Step1.am-ին տված հարցազրույցում կարեւոր հարցեր է բարձրացնում․ այդպես էլ չպարզեցինք, ինչ է Հայաստանն Արցախի համար եւ ինչ է Արցախը Հայաստանի համար։

Օկամպոն մեզ հետ հանդիպումներում նշում էր․ ներկայացրեք ծրագիր եւ ցույց տվեք այն մարմինը, որը կարող է ներկայացնի ձեր իրավունքները, ասում է Մարգարիտա Քարամյանը։

Ալվարդ Գրիգորյան

Անդրանիկ Թևանյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. ի՞նչ է կատարվում «ղարաբաղյան կլանում»

Երևանի խորհրդի «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, Ռոբերտ Քոչարյան դաշինքից ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը բուռն քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին։

Սարգսյանի կուսակից Նարեկ Մալյանը, ինչպես պարզվեց, ասել է, թե Թևանյանը 2018 թվականին նամակ է գրել Փաշինյանին և պաշտոն խնդրել։

Թևանյանը հերքեց այս լուրերը՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով «Հայաստանում հակառուսական քարոզչության հիմնադիր» լինելու մեջ։ Նա Սարգսյանին անվանեց միլիարդատեր և նշեց, որ այն թեզը, թե Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, նույնպես Սերժի քարոզչության «պտուղն» է։

Թևանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը Կազանից հետո փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, գնաց եվրոպական ասոցացման, իսկ Ալիևն օգտվեց այդ պահից՝ ստանալով Մոսկվայի աջակցությունը։

Ինչ վերաբերում է 2018-ին, Թևանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի քարոզչությունը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի դեմ, իսկ հիմա Սարգսյանը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, այն էլ՝ անվճար։

Քոչարյանի աջակից Թևանյանի հայտարարությունները որոշակիորեն հակասում են կուռ «ղարաբաղյան կլանի» մասին թեզին, որի դեմ իբր պայքարում է Փաշինյանը՝ իր լիբերալ հովանավորների աջակցությամբ։

Ոչ մի “ղարաբաղյան կլան” չի եղել, Քոչարյանի և Սարգսյանի, ինչպես նաև նրանց հովանավորների միջև հակասություններ միշտ եղել են, և դա ակնհայտորեն դրսևորվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում։ «Ղարաբաղյան կլանը», որպես Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, հորինել են նրանք, ովքեր ցանկանում էին ազատվել Արցախից՝ որպես անկախ Հայաստանի հենարանից։ Խոսքը կոռուպցիայի կամ ծախվածության մասին չէ, այլ իրավունքի վրա հիմնված քաղաքական գաղափարախոսության:

Պետք է հիշել, որ 2018-ին Քոչարյանի թիմը աջակցեց Փաշինյանի հեղափոխությանը, որն ուղղված էր «Սերժին մերժելուն»։ Եթե ​​որևէ մեկը չի հիշում, ապա թե՛ Դաշնակցության, թե՛ ԲՀԿ-ի ներկայացուցիչները եղել են Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության կազմում։ Ծառուկյանի կուսակցությունից Մհեր Գրիգորյանը դեռ կառավարությունում է։ Իսկ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով, 2-3 անգամ Փաշինյանին վարչապետ է ընտրել։

Հետո ինչ-որ բան փոխվեց, և Քոչարյանը հանկարծ դարձավ գլխավոր “թշնամի”, որին ձերբակալեցին և մեկ տարի պահեցին ճաղերի հետևում։

Բայց նույնիսկ այսքանից հետո էլ Քոչարյանի և Սարգսյանի միջև նկատելի ընկերական հարաբերություններ չկար։ Իսկ այժմ թշնամանքը գոյաբանական ձևեր է ստացել։

Ինչո՞վ է պայմանավորված Անդրանիկ Թեւանյանի նման զայրույթի պոռթկումը։ Թեև Լեւոն Քոչարյանն այսօր հերքեց, որ Անդրանիկ Թեւանյանը Քոչարյանի անունից է խոսում, նշելով, որ նա իր գիծն է տանում, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի նախագահների միջեւ «ռազբորկաների» լուրջ պատճառներ կան։ Կասկածից վեր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շուտով կմիանա «բանավեճին», և կհնչեն փոխադարձ մեղադրանքներ։

Ակնհայտ է նաև, որ դիմակայությունը կապված է բանակցային գործընթացի, յուրաքանչյուր նախագահի դերի, մեղքի և կողմնակալության աստիճանի հնարավոր «վերլուծության» հետ։ Սա իր հերթին կորոշի, թե ով կհայտարարվի “գլխավոր մեղավոր” և կարտահանձնվի Հաագա։

Նախագահներից ոչ ոք չի կարող հայտարարել իր “կուսության” մասին, սակայն Անդրանիկ Թեւանյանը միջազգային հանրության աչքում ակամայից «արդարացրեց» Սերժ Սարգսյանին՝ նրան «մեղադրելով» հակառուսական կուրսի մեջ։ Այնպես որ պարզ չէ, Թևանյանի ելույթը Սերժ Սարգսյանի համար պլյո՞ւս, թե մինուս կլինի։

Հանդիպում Պապիկյանին եւ “ղարաբաղյան փաստաթղթերի” գույքագրում․ ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Միաժամանակ  Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը։ Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

Հիշեցնենք, դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Բաքում մեկ օրվա մեջ երկու անգամ հայտարարել է Հայաստանի կողմից իր դիրքերի ուղղությամբ իբր կրակոցների մասին։ ՊՆ-ն հերքել է լուրերը, սակայն վերլուծաբանները նկատել են, որ Բաքուն դիմում է փորձված քայլին՝ բանակցություններում կատարյալ պասիվության ֆոնին։ Նշվում է, որ Բաքուն անիրական պահանջներ է առաջ քաշում բանակցություններում, ինչը խոսում է ուժային լուծման հավանականության մասին։ Իսկ Հայաստանի ներսում ընթանում է պարտության “մեղավորների փնտրտուք”․ բարձրաստիճան զինվորականների են ձեռբակալում, Փաշինյանը նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում եւ այլ։

 

Բնակապահովման ծրագիր․ քաղաքացիության մասին դրույթը չի վերանայվելու

Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Ըստ այդմ՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Բռնի տեղահանված արցախցիներն այս ծրագիրն արդյունավետ չեն համարում եւ պահանջում են, որ կառավարությունը փոփոխի այն։ Նշենք, որ ծրագրին դիմելության ցուցանիշը շատ ցածր է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասել է, որ ավելի քան 300 ընտանիք ստացել է բնակարաններ ձեռք բերելու վկայագիր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ բնակարաններ ձեռք բերելու ավելի քան 390 վկայագիր է տրամադրվել արցախցիներին։ Հարցին, թե քանի՞ արցախցի է արդեն բնակարան ձեռք բերել այդ վկայագրերով, Զառա Մանուչարյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Հարցին, թե ծրագրում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են առաջիկայում, արցախցիները սպասում են փոփոխությունների, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Այդ ծրագրում բավական փոփոխություններ իրականացվել են՝ հաշվի առնելով նաեւ տեղահանված հայրենակիցների առաջարկություններն ու դիտարկումներ։ Կոնկրետ ո՞ր փոփոխությունը չի իրականացվել»։ Մեր դիտարկմանը, որ արցախցիները պահանջում են, օրինակ, չեղարկել ծրագրի հիմքում դրված ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահանջը, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Ոչ, այդ պայմանի վերանայում չի նախատեսում։ Բայց այլ փոփոխություններ ունենք, որոնք առաջիկայում կիրականացվեն ու դրանք կներկայացվեն նաեւ հայրենակիցներին»։

Նա հավելեց, որ բոլոր փոփոխությունները նախապես քննարկվում են արցախցիների ներկայացուցիչների հետ։ Նախատեսվող փոփոխությունները եւս կներկայացվեն նրանց, որից հետո միայն կառավարությունը կհաստատի։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին արցախցիները նախատեսում էինք հանրահավաք անել, սակայն արցախցիների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ կառավարությունում անցկացված քննարկումների արդյունքում որոշվեց հետաձգել հանրահավաքի անցկացումը։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրել էր, որ եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք։ Իսկ մինչ այդ գործընթացները տեղափոխվում են լայն հանրային քննարկման դաշտ, նշվել էր, որ քննարկումների արդյունքում նախատեսվում է եւ բնակապահովման, եւ սոցիալական ծրագրերի վերանայում։

Լիաննա Պետրոսյանը step1am-ի հետ զրույցում https://step1.am/blog/2024/12/26/27367/?fbclid=IwY2xjawHqB5xleHRuA2FlbQIxMQABHQuj7Qv51bO6GvelRccJ-9Aru8IUo2zWAdALMlSngFKYLpvnkfylXQLpkA_aem_EQbIWxszd9HX-EsiqwlnFw ավելի վաղ ասել էր, որ բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի։ Նախորդ տարեվերջին արցախցիները հանդիպում էին ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրել էր, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid029WuD6tmyaXTDQQWqqGxkoEwLP7qehbuidJtVKEy5NQwnj8TZ4mPNhws6SfdWEeisl&id=100064982056531 որ հանդիպման ժամանակ իր կողմից բնակապահովման ծրագրի շրջանակում հետեւյալ առաջարկություններն են արվել ՀՀ կառավարությանը․

  1. Բազային գումարի վերանայում, այդ թվում՝ հաշվարկների հիմքում դնելով անշարժ գույքի շուկայի գները, ոչ՝ կատարված գործարքների չափերը:
  2. Քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման ծրագրին դիմելու պահին։
  3. Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաև հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։
  4. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում սահմանել որոշակի արտոնություններ, ինչպես, օրինակ՝ հողամասի առավելագույն չափի վերանայում, հրապարակվածից բացի այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
  5. Հնարավորություն տալ զոհված և կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։
  6. Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ։
  7. Հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
  8. 2022 և 2024թթ հավաստագրի շահառու, բայց մեկ ընտանիք համարվող անձանց հնարավորություն տալ միավորել հավաստագրերը։
  9. ՀՀ-ում անշարժ գույք ունեցող շահառուներին՝ այլ ընտանիք համարվելու կամ դիմելու օրվա դրությամբ տվյալ բնակարանի իր մասնաբաժնից օբյեկտիվ պատճառներով հրաժարվելու դեպքում տեղահանվածին համարել Բնակապահովման ծրագրի շահառու։
  10. Բանկերը չեն համագործակցում 2024թ ծրագրի շրջանակում։

 

Ռոզա Հովհաննիսյան