Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «մոտ է ավարտին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄն-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ մղվող պատերազմը «մոտ է ավարտին»։ Սա բխում է Fox News-ի լրագրող Մարիա Բարտիրոմոյի հետ հարցազրույցի ժամանակ նրա արած հայտարարություններից։ Չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին, հեռարձակվելիք զրույցի մի հատված տեղադրվել է հեռուստաալիքի կայքում։

Իրանի հետ պատերազմն ավարտվե՞լ է հարցին Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ դա… ես ստիպված էի միջամտել, քանի որ եթե դա չանեի, հիմա Իրանը կունենար միջուկային զենք։ Իսկ եթե նրանք միջուկային զենք ունենային, դուք ստիպված կլինեիք նրանց դիմել «պարոն» բառով, իսկ դուք դա չեք ուզում»։ Պատերազմն ավարտվե՞լ է, թե ոչ» հարցին նախագահը պատասխանել է. «Կարծում եմ՝ այն մոտ է ավարտին, այո։ Այսինքն՝ կարծում եմ՝ այն շատ մոտ է ավարտին»։

Ըստ Թրամփի, եթե ԱՄՆ-ն հենց հիմա դուրս բերի իր զորքերը, Իրանին 20 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ «Եվ մենք դեռ չենք ավարտել։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – հավելել է նա՝ նշելով, որ կարծում է, որ Իրանը «շատ լուրջ» է վերաբերվում համաձայնության հասնելուն։

Ինչպես հաղորդում է AP-ն, Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է ԱՄՆ հաղթանակի մասին, չնայած իրականությունն ավելի բարդ է, հաղորդում է DW-ն։

Հայաստանի «պատերազմի եռագլուխ վիշապը» ռազմատենչություն չի ցուցաբերում

Նախընտրական քաղաքական պարզ ռազմավարության շրջանակներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրեն անվանեց «խաղաղության կուսակցություն», իսկ հակառակորդներին՝ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, անվանվեց «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

«Քաղաքացիական պայմանագրի» հրապարակված նախընտրական ծրագրում իրոք ոչ մի հիշատակում չկա Արցախի կամ արցախցիների մասին։ Հարցը համարվում է փակված, և խաղաղությունը հաստատված, եթե իհարկե «Քաղաքացիական պայմանագիրը» ստանա սահմանադրական մեծամասնություն և կարողանա փոփոխություններ կատարել Սահմանադրությունում։

«Պատերազմի եռագլուխ վիշապը» դեռևս չի արտահայտել իր տեսլականը Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ. Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները ավելի շատ խոսում են տնտեսության, ջան-սաղության, «մի քանի գերտերությունների երաշխիքների» և արցախցի ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման մասին։ Ռոբերտ Քոչարյանը, չնայած ռազմիկ կերպարին, նույնպես Արցախյան հարցը փակված է անվանում։

Հայաստանում չկան համակարգային կուսակցություններ, որոնք առաջարկում են վերանայել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախում հրադադարի մասին հայտարարությունը, 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի հռչակագիրը՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելում մասին, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված՝ խորհրդային սահմանների հիման վրա կնքված համաձայնագիրը։ Ոչ մի կուսակցություն կոչ չի արել վերանայել այս փաստաթղթերը, և ոչ մի կուսակցություն կասկածի տակ չի դրել TRIPP համաձայնագիրը։

Ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ «պատերազմի կուսակցությունը» չեն խոսում բանակցություններին վերադառնալու կամ ուժի կիրառումը դատապարտելու մասին: Մասնավոր զրույցներում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ չեն ցանկանում մեղադրվել «ռևանշիզմի» մեջ: Նրանք կվերադառնան այս հարցերին ավելի ուշ՝ իրենց «հաղթանակից» հետո, բայց առայժմ ավելի լավ է չզայրացնել Փաշինյանին, Ալիևին և Պուտինին։

Իր հերթին, Փաշինյանը նույնպես չի ցանկանում զայրացնել Պուտինին: Նա պնդում է, իբր այդ պատճառով չի լքում ՀԱՊԿ-ը կամ չի վիճում Ռուսաստանի հետ, չնայած ԵՄ օգնությունը ապահովելու համար ակտիվ խաղարկում է «Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի» քարտը։

Բայց, այնուամենայնիվ, հիմնականը պատերազմի և խաղաղության խոսույթն է. Փաշինյանն օգտագործում է այն՝ բնակչությանը վախեցնելու պատերազմի հեռանկարով, եթե այլ կուսակցությունները հաղթեն: Այս քարոզչությունը հիմնականում ուղղված է զորակոչիկներ ունեցող ընտանիքներին: Փաշինյանը խոստովանել է, որ իր հիմնական ընտրազանգվածը հայ սիրասուն մայրերն են, ովքեր չեն ցանկանում, որ իրենց որդիները զոհվեն վիրտուալ ազգային գաղափարների համար։

Մինչև Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայում, Փաշինյանի «սեպտեմբերին պատերազմի» մասին  խոսույթը թվում էր անպարտ։ Սակայն Օրբանը, որն իր քարոզչությունը կառուցել էր հունգար ժողովրդին Ուկրաինայով, Զելենսկիով և պատերազմով վախեցնելու վրա, անսպասելիորեն խոշոր պարտություն կրեց։ Ընտրողները չվախեցան պատերազմից և քվեարկեցին դրա դեմ։ Գուցե այն պատճառով, որ Զելենսկին «չօգնեց» Օրբանին։

Իսկ Փաշինյանը և հայկական ընդդիմությունը աջակցություն են ստանում Բաքվից։

Հայ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ալիևի օգնական Հաջիևը նշել է, որ «Հայաստանի ներքաղաքական «լանդշաֆտում» «ռևանշիստական» ուժերի առկայությունը՝ նրանց պատերազմի կոչերին զուգահեռ, տարածաշրջանը 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին եղած տուրբուլենտ վիճակին վերադարձնելու ռիսկ է ստեղծում»։ Նա հավելել է, որ հայ հասարակությունը խաղաղության է ուզում, ինչը հիմք է ստեղծում իրենց հուսալու, որ ««սփոյլերի» դեր ստանձնած ուժերն ի վերջո ձախողելու են խաղաղության օրակարգը խաթարելու իրենց փորձերում»:

Որտե՞ղ է Հաջիևը տեսել ռևանշիզմի կոչ անող հայկական կուսակցություններ։

Դավիթ Մինասյանը ազատ արձակվեց

Դատախազի որոշմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Դատախազի որոշմամբ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Դավիթը հենց նոր ազատ է արձակվել Արմավիրի քրեակատարողական հիմնարկից», – գրել է փաստաբանը։

Դավիթ Մինասյանը ձերբակալվել է մարտի 29-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։

ՌԴ օրենք, որը կթույլատրի զորք մտցնել արտասահմանում կալանավորված քաղաքացիներին «պաշտպանելու» համար

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Այն թույլ է տալիս Ռուսաստանի նախագահին զորքեր տեղակայել այլ երկրներում՝ միջազգային և ներքին դատարանների կողմից արտասահմանում կալանավորված ռուս քաղաքացիներին «պաշտպանելու» համար։ Մասնագետները նախաձեռնությունը անվանում են «վախեցման միջոց» և նշում, որ փոփոխությունը կրկնում է ԱՄՆ զինծառայողների պաշտպանության մասին օրենքը, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Հաագա ներխուժման մասին օրենք»։

Դեռևս պարզ չէ, թե որտեղ է Ռուսաստանը փորձարկելու նոր օրենքը կամ ում է առաջինը ազատելու կալանքից։

Միրիամ Լեքսման. ԵՄ-ն պետք է ավելին անի Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը կարծում է, որ Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այնտեղ պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։

Միրիամ Լեքսմանը նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։

Հարցազրույցում Լեքսմանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, Երևանում առաջիկայում կայանալիք Հայաստան-ԵՄ և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներից ակնկալիքներին, Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ-ի անելիքներին՝ հնարավոր արտաքին միջամտություններին դիմակայելու համատեքստում ու այլ հարցերի։

Եվրոպական խորհրդարանը հաճախ հստակ աջակցություն է հայտնել Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Ի՞նչ կոնկրետ քայլ պետք է Հայաստանը իրատեսորեն սպասի ԵՄ-ից առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։

Հայաստանի կողմից Եվրամիության չափանիշներին բավարարելը Եվրամիության պարտականությունը չէ։ Իհարկե, Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին տարբեր ծրագրերի միջոցով։ Շատ շուտով Երևանում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, Երևանում տեղի կունենա նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ Եվրոպական միությունը հիմնականում խոսելու է տարբեր ենթակառուցվածքներում ներդրումների, թվայնացման, մրցունակության և այլնի մասին։ Այսպիսով, գործնականում Եվրոպական միության պարտականությունը չէ  օգնել Հայաստանին անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին բավարարելու հարցում, բայց Եվրոպական միությունն արդեն իսկ օգնում է։ CEPA համաձայնագիրն էլ է նպաստում ներդրումներին «Գլոբալ դարպասներ» և այլ ծրագրերի միջոցով։ Համաձայնագիրը նպաստում է նաև ենթակառուցվածքներում ներդրումներին, թվայնացմանը, մրցունակությանը և այլն՝ գործնականում ամբողջ տարածաշրջանն ավելի դիմակայուն դարձնելու նպատակով, որովհետև մենք տեսնում ենք, որ, ցավոք, երկար տարիներ Եվրոպական միությունը թերագնահատում էր Ռուսաստանի՝ տարածաշրջանում գերիշխող ուժ լինելու ջանքերը։

Եվ մեզ համար չափազանց կարևոր է նաև ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով աջակցել այն երկրներին, որոնք  արտահայտում են իրենց պատրաստակամությունն ու տեսլականը՝ իրենց ապագան Եվրոպական միության մեջ տեսնելու, իրենց երկրի համար եվրոպական ապագա տեսնելու։ Եվրոպական միությունը հետևում է նաև հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես որոշակի մակարդակով Եվրոպական միության գործընկերներն են, և շատ կարևոր է, որ մենք աջակցենք նաև այն քայլերին, որոնք տանում են այս երկրների միջև ավելի լավ հարաբերությունների։

Սա չափազանց կարևոր է Եվրոպական միության համար։ Վերջիվերջո, Եվրոպական միությունը ձևավորվել է երկու չափազանց ողբերգական պատերազմներից հետո, երբ տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների, ինչպես նաև քաղաքացիների միջև կապերի կառուցման միջոցով ձևավորվեցին ներկայիս Եվրոպական միության հիմքերը, հիմնական հենասյուները։ Գործնականում երկրները միմյանց դեմ պատերազմներ ունենալուց հետո կարողացան վերադառնալ և զարգացնել գործընկերություններ, ծրագրեր, տնտեսական համագործակցություն։

Երբ Բրյուսելն ասում է, որ աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն, գործնականում դա ի՞նչ պետք է նշանակի՝ վիզաների ազատականացո՞ւմ, ավելի ուժեղ անվտանգային համագործակցությո՞ւն, ավելի խորը տնտեսական ինտեգրացիա՞, թե՞ ավելի հստակ քաղաքական ճանապարհային քարտեզ։

Դե, իհարկե, այդ ամենը։ Եվ այս ամենում Հայաստանը պետք է դեր խաղա, որովհետև սա ոչ թե մեր, այլ Հայաստանի տնային աշխատանքն է։ Դուք նշեցիք, օրինակ, վիզաների ազատականացումը։ Իհարկե, կան որոշ չափանիշներ։ Երբ այդ չափանիշները կատարվեն, Եվրոպական միությունը կարող է հետագա քայլեր անել դեպի վիզաների ազատականացում։ Հայաստանի համար դեռևս, ես կասեի, բարդ չափանիշներից մեկն սահմանների պաշտպանությունն է, և ես դա հասկանում եմ, որովհետև մենք գիտենք, որ պատմականորեն սա հայերի ձեռքում չի եղել, ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի սահմաններն իսկապես պաշտպանված լինեն, որպեսզի Եվրոպական միությունն էլ կարողանա առաջ շարժվել վիզաների ազատականացման քայլերով։

Բաքվում պահվող հայ գերիների հարցում՝ կարծո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ ԵՄ ներգրավվածությունը պետք է պայմանավորվի նրանց ազատ արձակմամբ։ Եթե ոչ, ապա ի՞նչ լծակներ է ԵՄ-ն պատրաստ կիրառել։

Եվրոպական միության համար, իհարկե, շատ դժվար է ասել, թե ինչ կերպ կարող են այս մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվել։ Եվ, իհարկե, որպես Հայաստանի հարցով զեկուցող՝ իմ շահերից է բխում, որ մենք ստեղծենք և կիրառենք անհրաժեշտ ճնշումը։ Կանոնավոր կերպով մենք պահանջ ենք ներկայացնում Եվրոպական հանձնաժողովին՝ զբաղվելու այս հարցով, որովհետև, ինչպես Դուք էլ ասացիք, ակնհայտ է, որ մենք նաև լծակներ ունենք Ադրբեջանի նկատմամբ։

Այս իմաստով շատ կարևոր է, որ Եվրոպական միությունն օգտագործի այդ լծակները՝ ապահովելու համար, որ այս մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվեն։ Մենք նաև սա համակարգում ենք Հայաստանի կառավարության հետ, որովհետև տեսնում ենք, որ սա նաև Կառավարության համար մտահոգության մեծ առարկա է և փորձում ենք համատեղ ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն։

Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հարցում հաճախ ավելի կոշտ և հստակ դիրքորոշում է ունեցել, քան ԵՄ մյուս կառույցները։ Այսօր հիմնական անջրպետը որտե՞ղ եք տեսնում Խորհրդարանի և Հանձնաժողովի միջև, Խորհրդարանի և Խորհրդի միջև, կամ հենց անդամ պետությունների միջև:

Դուք նկատի ունեք քաղաքական բանտարկյալների ազատ արձակո՞ւմը։

Ոչ միայն, ընդհանուր առմամբ Հայաստանի վերաբերյալ, որովհետև շատ ավելի խիստ տոն կա միայն այս կառույցում։

Դե, մի իմաստով դա ակնհայտ է, որովհետև մենք կարող ենք ունենալ խիստ տոն, բայց իրագործումը պետք է լինի Հանձնաժողովի կողմից, և հաճախ նույնիսկ իրական կյանքում ավելի հեշտ է որևէ բան հայտարարելը, քան դա իրագործելը։ Այսպիսով, ես կասեի, որ մենք որոշումներ են կայացնում և ճնշում գործադրում Եվրոպական հանձնաժողովի վրա։ Նույնը անում են նաև որոշ անդամ պետություններ։ Բայց իրագործումը Եվրոպական հանձնաժողովի ձեռքում է։ Սակայն, ցավոք, պետք է ասենք, որ եթե քաղաքական բանտարկյալների ազատ արձակման իրագործումը լիներ Հանձնաժողովի ձեռքում, մարդիկ արդեն ազատ կլինեին։ Ցավոք, նրանք պատանդ են պահվում Ադրբեջանի կողմից։

Եվ շատ դժվար է ասել՝ արդյոք Եվրոպական հանձնաժողովն օգտագործե՞լ է բոլոր հնարավոր միջոցները։ Բայց ես վստահ եմ, որ նրանք փորձել են բոլոր հնարավոր միջոցները, և ես իսկապես շատ մեծ հույս ունեմ, որ այդ ճնշումը վերջիվերջո կհարգվի ադրբեջանական կողմից, և նրանք նույնպես կցանկանան որպես գործընկեր հանդես գալ և չպահել այս քաղաքական բանտարկյալներին։ Եվ ես նաև հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները նույնպես կմիանա և ճնշում կգործադրի ադրբեջանական կողմի վրա, որովհետև Միացյալ Նահանգները նույնպես մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման հարցում՝ TRIPP նախագծի միջոցով։ Ես կարծում եմ, որ սա պետք է դրա մի մասը լինի։ Այսպիսով` ԵՄ-ն և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ճնշում գործադրեն մյուս կողմի վրա, որպեսզի այդ մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվեն։

Հայաստանի առաջիկա ընտրություններից առաջ ի՞նչն եք համարում ժողովրդավարության համար հիմնական ռիսկերը, և ԵՄ-ի ինչպիսի՞ աջակցությունը կարող է տեղում ամենամեծ ազդեցությունն ունենալ։

-Ես հիմնական իրական քաղաքական ռիսկ եմ համարում Ռուսաստանի միջամտությունը ընտրություններին։ Մենք արդեն տեսնում ենք ռուսական կողմից որոշ ջանքեր, որոնք հենց այս պահին արդեն տեղի են ունենում, և ես կարծում եմ, որ սա ամենաբարձր ռիսկն է։ Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդն ազատորեն որոշի իր ապագան։ Եվ մենք փորձում ենք անել մեր բաժին աշխատանքը։ Մենք արդեն ուղարկել ենք որոշ մարդկանց, որոնք պետք է հետևեն և օգնեն ինչ-որ չափով հետևել սոցիալական մեդիային՝ միջամտությունը, ապատեղեկատվությունը հայտնաբերելու համար։ Իհարկե, տեղում լինելու են դիտորդներ, որոնք կհետևեն ընտրություններին և ընտրական ընթացակարգերին։ Մենք պետք է ապահովենք, որ Ռուսաստանի միջամտության փորձերը կանգնեցվեն, և որ Հայաստանի ժողովուրդը կարողանա ազատորեն որոշել, թե ով պետք է գլխավորի իրենց Կառավարությունը։

Առաջիկա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ ո՞րն է այն մեկ կոնկրետ որոշումը կամ արդյունքը, որը պետք է ապահովի, որպեսզի Հայաստանի քաղաքացիները զգան, որ ԵՄ աջակցությունը վստահելի է, ոչ թե միայն հռետորաբանություն։  

Կարծում եմ՝ գագաթնաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանի դիմակայունությունն աշխարհաքաղաքական ճնշումների նկատմամբ, տնտեսական զարգացումը, Հայաստանի մրցունակությունը, առևտուրը։ Ես կարծում եմ, որ եթե հայերը զգան, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին բոլոր նմանատիպ նախագծերում, սա մի տեսակ հստակ ազդակ կլինի, որ Եվրոպական միությունը նույնպես Հայաստանին տեսնում է որպես իր ապագա հնարավոր անդամ։ Եվ, իհարկե, եթե հայ ժողովուրդը այդպես որոշի, այդ անդամակցությունը կկայանա։ Մյուս կողմից, մենք նաև պետք է ասենք, որ գործընթացը չափազանց դժվար է։ Հատկապես հիմա Եվրոպական միությունում մենք տեսնում ենք, որ կան ընդլայնման հետ կապված բարդություններ։ Եվ շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն արձագանքներն անդամ պետություններում, որովհետև անդամակցությունը պետք է հաստատվի անդամ պետությունների կողմից։

Որոշ անդամ պետություններում դա կատարվում է հանրաքվեի միջոցով։ Որոշ անդամ պետություններում՝ խորհրդարանական քվեարկությունների միջոցով։ Եվ, իհարկե, սա առաջիկա շատ ու շատ տարիների հարց է։ Բայց ես կասեի, որ սա կարևոր է նաև, գուցե, որպես տնային աշխատանք Եվրոպական միության և մեր ապագայի համար։ Ես մի քանի օր առաջ եղել եմ Հյուսիսային Մակեդոնիայում, և մենք այնտեղ քննարկում էինք, որ, ցավոք, հոգնածության և աշխարհաքաղաքական ցնցումների պատճառով Եվրոպական միությունը, գուցե, թուլացնում է պետությունների վրա ճնշումը՝ շարունակելու անդամակցության համար անհրաժեշտ տարբեր քայլերը։ Եվ ես կարծում եմ, որ Եվրոպական միությունը պետք է ինչ-որ կերպ ստեղծի շատ հստակ միջնաժամկետ ձեռքբերումներ այս երկրների համար, որպեսզի այդ երկրները զգան, որ իրենք ավելի մեծ ընտանիքի մաս են կազմում։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Հայաստանում, ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը՝ իր հարավային և արևելյան հարևանության հետ միասին, փորձում է համակարգել աշխատանքները, որովհետև արդեն հիմա այդ երկրներին տեսնում է որպես կարևոր գործընկերներ՝ աշխարհաքաղաքական ցնցումներին դիմակայելու համար։ Եվ կարծում եմ, որ սա պետք է շատ հստակ հասցեագրվի, որ մեզ համար կարևոր չէ միայն այն, որ մենք պետք է համակարգենք աշխատանքը մեր հարևանների հետ Եվրոպական միության դիմակայունությունն ուժեղացնելու համար, այլ նաև կարևոր է այդ երկրներին հստակ ժեստերով ցույց տալ, որ մենք իրենց վրա հույս ենք դնում։ Եվ ես հույս ունեմ, որ գագաթնաժողովը կկարողանա նման ազդակ տալ, և որ հայ ժողովուրդը կոգեշնչվի Հայաստանի և Եվրոպական միության փոխադարձ ջանքերի դրական արդյունքներից, որոնք կարող են օգուտ բերել երկու կողմերի մարդկանց։

Բռնի տեղահանվածների հարցը երբեմն օրակարգից դուրս է թվում երբեմն օրակարգում, Ձեր օրակարգի ո՞ր մասում է այս հարցը թե՛ որպես խորհրդարանի, թե՛ որպես ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ։ Այդ մարդիկ ակնկալում են, առնվազն մոռացության չմատնվեն, ակնկալում են, որ ինչ-որ բան կարող է արվել իրենց իրավունքների պաշտպանության համար:

Այո՛, իհարկե, սա նույնպես շատ կարևոր թեմա է, և ես հույս ունեմ, որ այն երբեք չի մոռացվի։ Ես երբեք չեմ մոռացել այն մարդկանց տառապանքը, որոնք ստիպված եղան լքել իրենց տները։ Եվ սա ունի երկու չափում։ Առաջին չափումը, իհարկե, մարդիկ են, նրանց բարեկեցությունը, ինչպես նաև նրանց ապագան, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Ուստի, ես կարծում եմ, որ սա ապագա բանակցությունների մի մասն է, որտեղ Եվրոպական միությունը պետք է ներգրավվի և պետք է հնարավորություն տա այս մարդկանց, որպեսզի նրանք ցանկության դեպքում կարողանան վերադառնալ տուն։

Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց կարծում եմ, որ այստեղ Եվրոպական միությունը պետք է նորից դեր խաղա՝ ադրբեջանական կողմի հետ ներգրավվածություն ունենալով, որովհետև կան նաև մարդկանց իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրեր, և սա պետք է ուսումնասիրվի։ Ամբողջ պատկերի մյուս մասն էլ այն է, որ Եվրոպական միությունը, իմ կարծիքով, պետք է օգնի, որ այդ մարդիկ  միջնաժամկետ կտրվածքով արժանապատիվ կյանքի պայմաններ ունենան, ապահովվեն կացարանով։

Սա կլինի միջնաժամկետ լուծումը, բայց երկարաժամկետ լուծումն այն է, որ նրանք, իմ կարծիքով, պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն՝ առանց իրենց կամքին հակառակ պայմանների ենթարկվելու։ Մշակութային ու կրոնական ժառանգությունը ևս շատ կարևոր թեմա է։ Ես մի քանի հանդիպումներ և լսումներ եմ անցկացրել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ, որովհետև կա մեծ հետաքրքրություն, և պետք է լինի մեծ հետաքրքրություն նաև եվրոպական կողմից՝ պաշտպանելու այս վայրերը վնասից, որովհետև սա մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն է։ Այսինքն՝ եվրոպական ժառանգությունն ունի քրիստոնեական արմատներ, և մենք պետք է հաստատակամ լինենք այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը պետք է պաշտպանվի, և, կարծում եմ, Եվրոպական միությունը պետք է ավելին անի Լեռնային Ղարաբաղում այդ վայրերի պաշտպանության ապահովման համար։

Լավ, հաշվենք, չես կարողացել անել, բայց ինչո՞ւ ես արցախցիներին մեղադրում

«Նիկոլ Փաշինյանի գռեհիկ պահվածքը արցախցի զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամբ մնացել է անպատիժ, եւ հիմա արդեն սովորական մարդիկ են այդպես վարվում, ովքեր տեսնում են, որ իրենց ղեկավարը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամբ»,- Գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին ասաց արցախցի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով արցախցիների նկատմամբ ատելության խոսքին։

Ըստ փաստաբանի՝ զարմանալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը փախած է անվանում արցախցուն, այն դեպքում, երբ հենց ինքն է հրաժարվել արցախցուն օգնության հասնել՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին հայտարարելով, որ սա իր պատերազմը չէ։

«Ի՞նչ է սա նշանակում իրավական առումով։ ՀՀ-ն եղել է, կա եւ հիմիկվա դրությամբ մնում է Արցախի ու արցախցու անվտանգության երաշխավորը։ Այս պարագայում այդ պարտականությունը դնել ռուս խաղաղապահների վրա, ճիշտ չէ, քանի որ եթե դու տեսնում էիր, որ քո բերած ռուսը չի գործում, դու պարտավոր էիր միջոցներ ձեռնարկել՝ օր առաջ կանգնեցնելու այդ արավիրքը։ Բայց դու չես արել դա, լավ, հաշվենք, դու չես կարողացել անել, խուսափել ես մեծ պատերազմից, բայց ինչո՞ւ ես այդքանից հետո փորձում արցախցիներին մեղադրել՝ նրանց անվանելով փախածներ։ Մենք գիտենք, որ անգամ փողոցային ռազբորկաների մեջ ով չի գալիս իր ընկերոջն օգնության, նրան են ասում՝ ինչո՞ւ չես եկել։ Ինքը հանդիսանալով անվտանգության երաշխավոր՝ մեզ ընդհանրապես օգնության չի հասել, մենք մնացել ենք մենակ»,- ասաց փաստաբանը։

Արցախցիների բողոքի ակցիա․ վերջ դնել պառակտմանը

Արցախցիները բողոքի ակցիա են անում Գլխխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով վերջ դնել պառակտման գործընթացին։ Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրերս սոցիալական ցանցերում մեկը վիրավորական խոսույթ էր տարածել արցախցի կանանց մասին։

«Մենք հասել ենք էն աստիճանի պառակտման եզրին, որ նմանատիպ պահվածքը, եթե արմատախիլ չանենք, խնդիր ենք ունենալու հետագայում ընդհանուր հայ ազգի պահպանման հարցում։ Այսօր ինչի՞ համար ենք եկել դատախազության շենքի մոտ ու դիմում կոնկրետ Գլխավոր դատախազին։ Իրենց գործն է, իրենց պարտականությունն է, որ չթողնեն հանրության մեջ պառակտում մտցնող նման սրիկա անձնավորությունները գործեն։ Ես գիտեմ, որ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, իրենց ձեռքին են օրենքները եւ այդ օրենքներով ամեն ձեւով այդ մարդկանց պատժի ենթարկոլու հարցն ենք բարձրացնում»,- ասաց նա։

Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ սա առաջին անգամը չէ, երբ ինչ-որ ուժերի ու անձանց կողմից ուղղորդվող ատելության խոսք է տարածվում արցախցիների մասին։ Երբ այս դեպքերն անպատիժ են մնում, ըստ Իսրայելյանի, ուրեմն սրա հետեւում կան ուժեր։ «Եվ չեմ էլ բացառում, որ սա պետական մակարդակով է արվում։ Եթե պետության ղեկավարությունը շահագրգռված է համերաշխություն ձեռք բերելու հարցով, իրենք ունեն բոլոր հնարավորությունները արմատախիլ անելու այս երեւույթները։ Եթե իրենք թույլ են տալիս, եթե իրենց կողմից այդ բացթողումները կան, ուրեմն, իրենց ձեռագիրն էլ կա այստեղ։ Այսօր դատախազության առաջ կանգնած ենք, դիմումը ձեւակերպված է իրավաբանների կողմից, մենք պահանջում ենք բացահայտել, այդ սրիկային պատասխանատվության ենթարկել։ Եվ դրանից հետո ամեն մեկը բերանը բացելով ու վիրավորական խոսույթով խոսելով արցախցիների մասին, մասնավորապես, մեր մայրերի մասին, որոնցից ծնվել են հերոսներ, պետք է պատժվի։ Ես ասում եմ՝ եթե շարունակեն վիրավորել, նման մարդկանց նկատմամբ հաշվեհարդար են տեսնելու տարբեր տեղերում, հորդորում եմ բոլոր մարդկանց՝ հազար անգամ մտածեք ձեր ձեւակերպումներն անելուց առաջ։ Այս մարդիկ վշտի ու ցավի մեջ են գտնվում, կրկնապատկում եք մեր ցավը, ձեր գլխին ուրիշ դաժան ձեւով է լինելու։ Սա մեր արժանապատվության հարցն է»,- հավելեց նա։

Անաստաս Իսրայելյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի հետեւանքով 18-ամյա երիտասարդին կալանավորեցին, բայց արցախցիներին վիրավորողների նկատմամբ որեւէ գործ չի հարուցվում։ «Ինձ մոտ կասկած է առաջանում, որ կան ուժեր ու անձինք, որոնք նմանատիպ խոսույթով ու ձեւակերպումներով հանրության մեջ պառակտում մտցնելու, ժողովրդին իրար դեմ հանելու աշխատանք են իրականացնում։ Օրենք էլ է իրենց ձեռքը, հնարավորություններն էլ, ամեն ինչ իրենց ձեռքն է՝ հարցին լուծում տալու համար։ Սա ակցիա չէ, մենք պահնաջատեր ենք։ Եթե դուք ձեր ղեկավարման ընթացքում չեք կարողացել ղեկավար ու առաջնորդ լինել, ոտնահարել եք մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը, մենք՝ որպես հայ ազգի ներկայացուցիչներ, դա թույլ չենք տալիս, չենք հարմարվելու։ Էսօրվա իշխանության բոլոր ղեկավարներն Արցախի ու արցախցիների անունը տալով են եկել զբաղեցրել էդ աթոռը։ Այսօր արցախցիները գտնվում են այս իրավիճակում, մենք գիտենք բոլոր մեղավորներին, ժողովրդին խի՞ եք հանում իրար դեմ»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։

Ակցիայի մասնակցիները դիմում ներկայացրեցին Գլխավոր դատախազին։

Միջոցառումը մեկնարկեց Արցախի պարի պետական համույթի ելույթով

Ապրիլի 11-ին Երևանում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը:
Միջոցառման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Արցախի պարի պետական համույթի ելույթով։
Բեմադրությունը՝ գեղ. ղեկավար Ռաուլ Բաբայանի

Եւս մեկ արցախցի թոշակառույի իրավունքները վերականգնվեցին

Դատական կարգով վերականգնվեց 2020 թվականին Արցախից տեղահանված թոշակառու Ս.Ն.-ի՝ սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում՝ բնակարանային ապահովման շահառու ճանաչվելու իրավունքը։ Վստահորդս ոչ միայն ամբողջությամբ կստանա 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հասանելիք ամսական «40+10 հազար» դրամ աջակցության գումարները, այլև կօգտվի բնակարանային ապահովման աջակցության ծրագրից։
Ս.Ն.-ն Արցախից տեղահանվել էր 2020 թվականին զինվորների հետ։ Չնայած նա հանդիսանում էր աջակցության միջոցառման շահառու, սակայն վարչական մարմինը նրան շահառու չէր համարում եւ աջակցության գումարները չէր ստացել այն հիմքով, որ նրա տվյալները առկա չեն եղել «Օպերատիվ շտաբի» ցանկերում։
Իրավաբանական օգնության համար Ս.Ն.-ն դիմեց ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրին։
Որպես ծրագրի փաստաբան՝ ստանձնեցի նրա իրավունքների պաշտպանությունը և հայցադիմում ներկայացրեցի վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Ս.Ն.-ին ճանաչել աջակցության ծրագրի շահառու և տրամադրել չվճարված գումարները (սկսած 2023թ. հոկտեմբերից)՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ որոշման։
Հիմնավորումն այն էր, որ «Օպերատիվ շտաբ» անվամբ մարմին այլեւս գոյություն չունի, և անհնար է այդ մարմնին որպես պատասխանող ներգրավել կամ պահանջել ընդգրկվել վերջինիս ցանկերում։ Փոխարենը ապացուցվեց, որ Ս.Ն.-ն իր ողջ կյանքն ապրել է Շուշիում, բռնի տեղահանվել է 2020 թվականին, այնուհետև մշտապես բնակվել է Հայաստանում։ Ուստի նա հանդիսանում է թե՛ սոցիալական աջակցության, թե՛ բնակարանային ապահովման ծրագրերի շահառու։
Առաջին ատյանի վարչական դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը։ Արդյունքում դատարանը ՎՃՌԵՑ բավարարել Ս.Ն.-ի հայցը՝ պարտավորեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը Ս.Ն.-ին ճանաչել ՀՀ կառավարության թիվ 1763-Լ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու և տրամադրել համապատասխան գումարները՝ սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսից։

Չինաստանն ու Եվրոպան կոչ են անում ԱՄՆ-ին և Իսրայելին չվերադառնալ ջունգլիների օրենքներին

Նյու Յորքի ոստիկանությունը երեկ ձերբակալել է մոտ 100 ցուցարարի, երբ ավելի քան 300 հակապատերազմական ցուցարարներ ակցիա են կազմակերպել ԱՄՆ սենատորներ Չակ Շումերի և Քիրստեն Ջիլիբրանդի Մանհեթենում գտնվող գրասենյակների դիմաց՝ կոչ անելով նրանց աջակցել Սենատի կողմից Իսրայելին լրացուցիչ զենքի վաճառքը կասեցնելու սպասվող քվեարկությանը։

Հակաիսրայելական տրամադրությունները աճ են գրանցում ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, չնայած նրան, որ ոչ մի երկիր դեռևս կոնկրետ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զսպելու համար։ Հրեական պետությունը, որը կասեցրել է Իրանի վրա հարվածները, շարունակում է հարձակվել և օկուպացնել Լիբանանի որոշ հատվածներ՝ բացահայտորեն հայտարարելով իր տարածքը Լիբանանի և Սիրիայի հաշվին ընդլայնելու նկրտումների մասին։

Հակաիսրայելական տրամադրությունները աճում են նաև Թուրքիայում։

Անատոլիական գործակալության հաղորդմամբ՝ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը իրեն «ամեն օր» զեկուցում է բանակցությունների մասին։ «Թրամփի վարչակազմը ամեն օր զեկուցում է Նեթանյահուին, բայց ոչ Կոնգրեսին կամ ամերիկյան ժողովրդին», – գործակալությունը մեջբերում է դեմոկրատ Մարկ Պոկանի խոսքերը։ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է ներխուժել նաև Սիրիա (որն հիմա Թուրքիայի պրոտեկտորատն է)։

Այսօր Վաշինգտոնում սկսվում են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները, որոնց կմասնակցի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը՝ մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Իսրայելի կողմից Արևմտյան ափի անեքսիան անընդունելի է։

«Ես խորապես մտահոգված եմ պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումներով։ Վարչապետ Նեթանյահուի հետ իմ հեռախոսազրույցում ես հստակեցրել եմ. Արևմտյան ափի փաստացի անեքսիա չպետք է լինի», – գրել է Գերմանիայի կանցլերը սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուն, ելույթ ունենալով իսրայելական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ «Եվրոպան կորցնում է իր ինքնության նկատմամբ վերահսկողությունը՝ տառապելով խորը բարոյական թուլությունից»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածները սխալ է անվանել և կոչ է արել Թել Ավիվին անհապաղ դադարեցնել ռմբակոծությունները։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ «Դիվանագիտությունը ճիշտ ուղին է, և ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», – նշել է նա։

Սթարմերը նաև ընդգծել է, որ արմատական ​​«Հեզբոլլահ» խմբավորումը պետք է զինաթափվի։ «Իսրայելի հարվածները սխալ են։ Դրանք ունեն ավերիչ մարդասիրական հետևանքներ և Լիբանանը տանում են ճգնաժամի», – ասել է վարչապետը։

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ հարավային Լիբանանում կանադացի քաղաքացի է սպանվել, և կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարձակումները։

Սկանդալ է բռնկվել նաև ավանդաբար իսրայելամետ Ուկրաինայում. Իսրայելը ընդունել է Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներից հացահատիկ տեղափոխող ABINSK նավը։ Երթուղին և բեռնման կետերը գրանցվել են մոնիթորինգի համակարգով։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից դեռևս արձագանք չի եղել։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկուշաբթի օրը հայտարարել են, որ չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստները շրջափակելու ծրագրին՝ առաջարկելով միջամտել միայն մարտական ​​գործողությունների ավարտից հետո։

Չինական ԶԼՄ-երը հաղորդում են Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության (ՉԿԿ) կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի տնօրեն Վան Յիի խոսքերը. «Հորմուզի նեղուցի շրջափակումը չի ծառայում միջազգային հանրության շահերին, և քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով համապարփակ և երկարատև հրադադարի հասնելը հիմնարար լուծումն է»։ Նա այս հայտարարությունն արել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի Չինաստանի հարցերով հատուկ դեսպանորդ Խալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ, որը ուղեկցում է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ Ալ Նահյանին Չինաստան կատարած այցի ժամանակ։

Չինաստանը կոչ է արել «պահպանել միջազգային իրավունքի հեղինակությունը և կանխել աշխարհի վերադարձը ջունգլիների օրենքին»։

Արցախցի մայրեր՝ հսկայական ուժ, որը կարող է ազդել որոշումների վրա

Դեռևս 2023 թվականի մայիսին, շրջափակման պայմաններում, Արցախում հիմնադրվեց «Արցախի մայրերի աջակցության կենտրոնը», որը անմիջապես ձեռք բերեց հսկայական ճանաչում: Այս հարթակում լուծվում էր հարցերի լայն շրջանակ՝ հոգեբանական փոխադարձ աջակցությունից մինչև խանութներից անհետացած երեխաների համար ապրանքների փոխանակում:

Կազմակերպությունը հետագայում վերագրանցվեց Հայաստանում և այժմ ակտիվ է այստեղ: Դրա հիմնական նպատակը մնում է արցախյան ընտանիքների ամենահրատապ խնդիրների և կարիքների փաստաթղթավորումը, լուծումների քննարկումը ընդհանուր հարթակում և առաջարկների ներկայացումը որոշում կայացնողներին:

«Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Կանայք տեղահանման պայմաններում․ պաշտպանություն, մասնակցություն, համախմբում» նախագիծ՝ ISSD “Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ” ՀԿ ի «Տեղական կազմակերպությունների հնարավորությունների զարգացման գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում նկարահանվել են կարճամետրաժ ռիլլեր՝ արցախցի կանանց համար ամենակարևոր հարցերով. “Արժանապատիվ աշխատանքը իրավունք է. մի զիջիր այն”, “Անտեսված խնդիր` կանանց անձնական տարածքի կորուստը”, Ատելությունը թուլացնում է, միասնությունը՝ ուժեղացնում”, “Տեղահանված կանանց պաշտպանությունը թվային միջավայրում”, “Մայրություն, խնամքի բեռ և կանանց անտեսանելի աշխատանքը տեղահանման պայմաններում”։

Վերջերս կազմակերպությունը կազմակեչպել է արցախցի կանանց հանդիպում՝ քննարկելու հրատապ հարցերը և բացահայտելու այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է հետագա աշխատանք։

Քննարկումները բուռն էին և անդրադարձան ամենահրատապ հարցերին, այդ թվում՝ զբաղվածության, երեխաների խնամք և այն, որ կանանց կողմից իրենց երեխաների և անօգնական հարազատների խնամքը չի համարվում աշխատանք և չի վարձատրվում։ Նաև քննարկեցին ատելության մթնոլորտը, որը քարոզիչները երբեմն հատուկ բորբոքում են՝ արցախցի կանանց առջև ծառացած ամենահրատապ խնդիրները լռեցնելու համար։

Հավաքվածները համաձայն էին, որ թշնամանքի մթնոլորտը կարող է վերացվել միայն համախմբման, տեղեկատվության, հարևաններին արցախյան ուտեստներ հյուրասիրելու և համակեցության զգացումը խթանելուն ուղղված քայլերով։ Նաև նշվեց, որ շատ խնդիրներ մնում են չլուծված՝ արցախցի փախստականների և որոշում կայացնողների միջև հաղորդակցության բացակայության պատճառով։

Նման նախագծերը լավ միջոց են արցախցի կանանց ձայնը հասցնելու նրանց, ովքեր հետաքրքրված են, որ կայացած որոշումները լինեն ի օգուտ, այլ ոչ թե ի վնաս տեղահանված անձանց։

«Արցախի մայրերի աջակցության կենտրոնն» ունի 16,000 աջակից, և սա հսկայական ուժ է։ Ճիշտ դրված հարցերը կարող են լինել ճիշտ լուծումներ գտնելու նախապայման։

Ի վերջո, կանայք կազմում են մարդկության և յուրաքանչյուր երկրի բնակչության ուղիղ կեսը, և մարդկության և պետության ընտրած ուղին մեծապես կախված է կանանց ուժեղ և թույլ կողմերից, որոշումների կայացման վրա ազդելու նրանց կարողությունից։

Տեղահանված անձանց յուրաքանչյուր կատեգորիա յուրովի է ապրել Արցախի ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին: Կանայք միանգամից դարձան ընտանիքների գոյատևման հենարանը. նրանք անմիջապես հավաքեցին ուժերը, քանի որ ամեն օր պետք է կերակրեին իրենց երեխաներին, խնամեն հիվանդներին և անօգնական հարազատներին, աջակցեն իրենց տղամարդկանց: Արցախի կանանց ուժը, հնարամտությունը և կազմակերպվածությունը անհնարինը հնարավոր դարձրին. 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, որտեղ միանգամից 120,000 մարդ ժամանեց՝ հյուծված պատերազմից, շրջափակումից, սովից և հազարամյա հայրենիքը կորցնելու սթրեսից, ոչ մի արտակարգ իրավիճակներ չառաջացան։

Կառավարությունը հետագայում հայտարարեց, որ իր համակարգված ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում «վրանային քաղաքներ» չառաջացան: Մարդիկ զարմանում էին, որ տեղահանությունից անմիջապես հետո արցախցի կանայք և երեխաները խնամված, մաքուր և կոկիկ տեսք ունեին: «Տեսե՞լ եք փողոցներում բոմժ արցախցիների», – հարցրեց մի հայ քաղաքական գործիչ: Նա դա բացատրեց նրանով, որ արցախցիները, իբր, 2020 թվականից ի վեր իրենց ողջ ունեցվածքն ու ակտիվները տեղափոխել են Հայաստան: Նա չնկատեց, թե ինչպես են արցախյան մեծ ընտանիքներում միմյանց աջակցում՝ կանխելով թույլերի անկումը: «Արցախցի կանայք տիրող են. նրանք են ամեն ինչ կառավարում ընտանիքում», – ասում են շատերը Հայաստանում։ Սակայն նրանք չեն նկատում, որ սա տիորւմ չէ, այլ պատասխանատվություն և հավասարություն։

Նաիրա Հայրումյան

Արցախում Ադրբեջանը զարգացման անվան տակ գերեզմանոցներ է ոչնչացնում

Հետք-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ի՞նչ է կատարվում Արցախում ներկայում, ի՞նչ մշակութային ժառանգություն է ոչնչացվում, ինչպե՞ս է ջնջվում հայկական հետքը, ի՞նչ մշակութային ժառանգություն ունենք Արցախում, եւ դրա հանդեպ ի՞նչ մշակութային քաղաքականություն է վարում Ադրբեջանը. այս եւ այլ հարցերի պատասխաններ են հետազոտում «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագրի անդամները:

Համլետ Պետրոսյանը նշում է, որ Ադրբեջանի համար ամենամեծ խոչընդոտը 18-19-րդ դարերի արցախյան բնակավայրերն են, որոնք կազմում են բնակավայրային համալիրների ավելի քան 95 տոկոսը։ Դա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ արցախյան բոլոր բնակավայրերն ունեն որոշակի ճարտարապետական կերպար, դրանցում կան գերեզմանոցներ, եւ եղած հնությունների մի մասը թվագրվում է 9-10-րդ դարերով, շատ են 13-14-րդ դարերի հուշարձանները, իսկ 18-19-րդ դարերինը՝ ավելի շատ:

Ներկայում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների, գերեզմանոցների ոչնչացման պատրվակներից մեկը ճանապարհաշինությունն է: Օրինակ՝ Սղնախի, Շուշիի, Եղցահողի եւ այլ բնակավայրերի գերեզմանոցները քանդել են իբր զարգացում բերելու պատճառաբանությամբ:

«Ադրբեջանն այսօր տենդագին ծրագրեր է մշակում՝ զարգացման անվան տակ բնաջնջելու 18-19-րդ դարերի հայկական հետքերը»,- ասում է գիտնականը: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմը, Հայաստանի իշխանությունը կարող է գոնե խաղաղության պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության խնդիրներին: «Գերեզմանոցը հո Ադրբեջանի թշնամին չէ, որ տանեն դատեն: Մշակույթը, իմ կարծիքով, հատուկ վերաբերմունքի դեպքում ամենաչեզոք մի բան է։ Կարճ ասած՝ չկա հուշարձան, չկա պատմություն, չկա հիշողություն»,- եզրափակում է գիտնականը:

Նյութը ամբողջությամբ այստեղ