Հիմա Կոչուբաևի գրառումը բոլորն են կարդացել

ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, որն արդեն կալանավորվեց երկու ամսով:

Պատճառը Կոչուբաևի երեկվա կոշտ գրառումն է եղել: Եվ եթե մինչ կալանավորելը գրառումը շատերին ծանոթ չէ, հիմա այն բոլորն են կարդացել։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը գրել էր

«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։

Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։

Զորակցությունս Սրբազան հորը»,- գրել էր նա։

Նախիջեւանի հարցը ինչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ. Վարդան Ղուկասյան

Ես հայամետ եմ, ինձնից քիչ կա հայրենիք սիրող. եթե ես լինեմ ՀՀ վարչապետը, ես հարց կբարձրացնեմ, կասեմ՝ Նախիջեւանի հարցը ինչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Գյումրիի ավագանու նիստում նշեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ղարսի հարցը ի՞նչ եղավ։ Եվ այդքան վարչապետների ու նախագահների մեջ ինձ այնպես կպահեմ, որ դրանք մի բան էլ կզգաստանան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողից։ Դա ի ծնե է, ձեռքբերովի չէ, դա պաշտոնով չէ։ Մարդի իրենից պետք է այդպիսին լինի»,–ասաց նա։

ԵԱՀԿ նիստին ներկայացվել է արցախցիների իրավունքների հրատապ պաշտպանության անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 6-ից 17-ը Վարշավայում տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ մասնակից երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։

“Հոկտեմբերի 14-ին ռասայական խտրականության դեմ պայքարի և հանդուրժողականությանը նվիրված նիստին պատմական գիտությունների թեկնածու, մշակույթի իրավունքի փորձագետ Արմինե Տիգրանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով Արցախից Ադրբեջանի պատերազմական հանցանքների հետևանքով բռնի տեղահանված շուրջ 150 հազար հայերի իրավունքների հրատապ պաշտպանության, Ադրբեջանի կողմից ռասայական ատելության հիմքով հայկական պատմական հուշարձանների ոչնչացման, հայ ժողովրդի համայնքային կյանքի կազմաքանդման և ինքնությանը հասցված ծանր վնասների հետ կապված փաստեր։

Տիգրանյանը նշել է, որ հումանիտար խորը ճգնաժամի հետ մեկտեղ, հարկ է ուշադրություն դարձնել Արցախի ժողովրդի մշակույթի իրավունքի խախտումներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ֊ի համապատասխան դաշնագրերում։

Նա ադրբեջանական ընդգրկուն պատվիրակության ներկայությամբ միջազգային բարձր ամբիոնից  բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության դրսևորումների, բռնությունների, Արցախի հայկական լանդշաֆտի իսլամացման խնդիրները և նշել, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից արդեն իսկ դատապարտված մարդկության դեմ այս ծանր հանցագործությունները պետք է արժանանան միջազգային համապատասխան գնահատականի և կանխվեն, պետք է ապահովվի արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի իրացումը դեպի իրենց պատմական հայրենիք”, հաղորդում է Panorama.am-ը

Միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ անդամ պետությունների պարտվիրակություններ: Քննարկվում են տարածաշրջանում առկա զարգացումները և դրանց հետևանքները, ինչպես նաև Հելսինկիի սկզբունքների պարտավորությունների շարունակական կարևորությունը տարածաշրջանի ընդհանուր անվտանգության համար:

Ռուսաստանի միգրացիոն խստացումներից հայերն են տուժում

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով տուժած հայ վարորդները շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր նրանք դարձյալ կառավարության շենքի մոտ պահանջեցին լուծում տալ իրենց խնդրին՝ սպառնալով փակել մաքսակետերն եւ ճանապարհները։

Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն օրերս ահազանգել էր, որ բազմաթիվ հայ վարորդներ 3-10 տարի մուտքի արգելքի մասին ծանուցումներ են ստացել Ռուսաստանում։ Պատճառն այն է, որ նրանք օրենքով նախատեսված 90 օրից ավելի են մնացել ՌԴ տարածքում։ Նախկին օրենսդրությամբ ոչ վիզային երկրների քաղաքացիները, եթե ՌԴ էին մեկնում չաշխատելու նպատակով, տարվա ընթացքում իրավունք ունեին 180 օր գտնվել ՌԴ տարածքում։ Հիմա այդ ժամկետը կրճատվել եւ սահմանվել է 90 օր։ Հայկական բեռնատարների վարորդները դժգոհում են, որ այդ ժամկետը քիչ է, քանի որ շատ են լինում դեպքեր, երբ իրենք ստիպված են լինում օրերով հերթի մեջ գտվել Վերին Լարսի անցակետում։

Թեպետ օրենքի խստացումն ուժի մեջ էր մտել այս տարվա հունվարից, սակայն, Տաթեւիկ Բեժանյանն ասել էր, որ մինչ այս տարվա սեպտեմբեր ամիսը ռուս իրավապահների կողմից լոյալ վերաբերմունք էր ցուցաբերվում, սակայն սեպտեմբերից արդեն բավական խիստ մոտեցում է դրսեւորվում։ Բազմաթիվ ահազանգեր կան, որ մարդիկ մուտքի արգելք են ստացել։ Սահմանապահները թույլ են տալիս քաղաքացուն մուտք գործել ՌԴ, եթե նույնիսկ 90 օրվա ժամկետն անցել է, սակայն երկրի ՌԴ տարածքում արդեն ոստիկանները խիստ վերահսկողություն են կատարում ու ենթարկում պատասխանատվության։

Վարորդներից Վահան Արշակյանն այսօր լրագրողներին ասաց, որ 90 օրը գերազանցելու համար իրեն ու հորը 5 տարով զրկել են ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։ «Ընդհանուր 104 օր ենք գտնվել ՌԴ-ում, 14 օր գերազանցել ենք, քարտիս վրա արգելք էին դրել, գնացի, որ իմանայի՝ ինչն է խնդիրը, այդ օրն էլ իմացել եմ։ Հետո հայրս գնացել էր, հետ էին ուղարկել, ասել էին՝ 5 տարով փակ է ձեր ճանապարհը»,- ասաց նա։

Վարորդներից մեկն էլ նշեց, որ իրենց սկզբում ասել են, թե այդ սահմանափակումն իրենց չի վերաբերում։ «Մեզ ասում էին՝ դուք տրանզիտ մտնում, դուրս եք գալիս, դա ձեզ չի վերաբերում, բայց պարզվում է՝ վերաբերում է մեզ»,- ասաց նա։

Վարորդներից Մուշեղ Ասլանյանն էլ ասաց․ «36 տարվա վարորդ եմ, հիմա տանս պարապ-սարապ նստած եմ, դատարանով ինձ տարել դատել են, մեղավոր են ճանաչել՝ շտրաֆ են դրել ու 5 տարով արգելք սահմանել»։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր վարորդներին ասաց, թե կառավարությունը զբաղվում է այդ հարցով։ Բայց վարորդներին այս պատասխանը չի գոհացնում։ «Մեզ ժամկետ ասեք՝ ինչքան ժամանակից է այդ հարցին լուծում լինելու, մեզ պետք է ռեալ պատասխան տաք»,- նշեցին նրանք։

Փաշինյանի երևակայական Հայաստանը, որին ոչ ոք չի հավատում

“Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստով Սահմանադրության հետ կապված հարցը դե յուրե, ամբողջությամբ և բազմակողմանիորեն լուծված է։ Մենք սահմանադրական փոփոխությունների թեմա չունենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ։ Մենք ունենք ներքին օրակարգ՝ կապված Սահմանադրության հետ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության VII համագումարում ընդունված հռչակագրում դա հստակ նշված է», – ասել է Փաշինյանը։

Բաքուն շարունակում է սահմանադրական փոփոխությունները ներկայացնել որպես «խաղաղության պայմանագրի» ստորագրման անվերապահ պայման։ Նոր Սահմանադրություն ընդունելու և «չորրորդ հանրապետություն» հռչակելու մտադրության մասին հայտարարած Հայաստանի կառավարությունը ձևացնում է, թե «խաղաղության պայմանագիրն» արդեն գործում է, «խաղաղությունը հաստատվել է», և սահմանադրական ու այլ հարցերը լուծվել են։

Իրականում «խաղաղության պայմանագիրը» միայն նախաստորագրվել է։ 2009 թվականին նախաստորագրված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի համաձայնագիրը այդպես էլ չի ստորագրվել, իսկ 2018 թվականին Հայաստանը հետ է վերցրել իր ստորագրությունը։ Չկա որևէ երաշխիք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը վերջնականապես կստորագրվի։

Իրականում Հայաստանի գոյության քաղաքական և իրավական հիմքում գործնականում ոչինչ չի փոխվել. ուժի մեջ են մնում 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին բանաձևը, Անկախության հռչակագիրը և 1995 թվականի Սահմանադրությունը։ Կարսի պայմանագիրը, որը սահմանում է Հայաստանի ներկայիս սահմանները, և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ևս չեն չեղարկվել։

2023 թվականի իրադարձություններից՝ Արցախի օկուպացիայից, ցեղասպանությունից և արախցիների տեղահանությունից հետո, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն Հայաստանի իշխանությունները ամեն ինչ ներկայացնում են այնպես, կարծես իրավիճակը անշրջելիորեն փոխվել է, կարծես մենք ապրում ենք նոր իրականության մեջ՝ այլ օրենքներով։

Ո՞ր օրենքներով ենք մնք հիմա ապրում

Այս մոտեցումը թույլ է տալիս իշխանություններին խախտել դեռևս գոյություն ունեցող իրավական բազան՝ ամենաթողությունը արդարացնելով «փոփոխված իրականությունների» մասին խոսույթով։ Այսօր, օրինակ, Փաշինյանը հայտարարել է, որ նախաստորագրված փաստաթուղթը «լուծում է Բաքվի մտահոգությունները Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ»։ Այլ կերպ ասած, դեռևս չստորագրված փաստաթուղթը, ըստ Փաշինյանի, չեղյալ է հայտարարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին գործող որոշումը։

Սակայն ոչ ոք չի հավատում Փաշինյանի երևակայական Հայաստանին, բացի միամիտ հայ ընտրազանգվածից, որը դեռևս չի հավատում, որ կառավարությունը կարող է բացահայտորեն ստել և խաբել բոլորին:

Ալիևն ու Էրդողանը չեն հավատում դրան՝ ասելով, որ սահմանները չեն բացի, մինչև Հայաստանը չլուծարվի՝ սահմանադրորեն և այլ օրենսդրական ակտերով: Ռուսաստանը չի հավատում դրան՝ լավ իմանալով, որ Կարսի պայմանագիրը ուժի մեջ է, և որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահները իրականում պահպանում են խորհրդային-թուրքական սահմանը: Եվրոպան չի հավատում դրան՝ կառչելով Ստալինի գծած սահմաններից և ստանձնելով հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանության պատասխանատվությունը:

Միայն Թրամփն է “հավատում”՝ ապարզ խոստովանելով, որ «խաղաղություն է բերել Ադրբեջանին» և նույնիսկ չնկատելով Փաշինյանին և նրա հեքիաթները:

Ոչ ոք չի հավատում, որ հին հայ ժողովուրդը անհույս դեմենցիայի մեջ և մեռնում է սեփական կառավարության հեքիաթների քաղցր հնչյունների ներքո։

«Յուր» մեղրը՝ սիրո, հիշողության և շարունակության պատմություն

Լեռների մեջ, մեղուների բզզոցի ու մեղրի բույրի հետ է ապրում մի ընտանիք, որի ամենօրյա աշխատանքը դարձել է նաև հիշողություն՝ սիրո ու հավերժացման պատմություն։

Լուսինե Օհանջանյանն այսօր շարունակում է եղբոր՝ Յուրի Օհանջանյանի գործը, որը ոչ միայն ընտանեկան զբաղմունք էր, այլ հոգու կանչ։

«Մեղվաբուծությունը մեր ընտանեկան զբաղմունքն է դեռ 1960-ականներից», — պատմում է Լուսինեն։ «Սկզբում պապիկս էր, հետո՝ հայրս, իսկ հետո արդեն Յուրին։ Նա փոքր տարիքից էր ձգվում մեղվանոց։ Երբ նոր էր սովորում կարդալ, վերցնում էր մեղվաբուծության գիրքը ու ժամերով թերթում էր»։

Յուրին չէր վերաբերվում մեղուներին որպես եկամտի աղբյուր։ Նրա համար դա ոչ թե բիզնես էր, այլ սեր՝ խորը, ազնիվ և նուրբ։

«Նույնիսկ ջրում խեղդվող մեղվին էր փրկում։ Մեղուները նրան չէին կծում, ասում են՝ մեղուները ճանաչում են իրենց տիրոջը։ Եվ դա ճիշտ էր. նա առանց պաշտպանիչ գլխարկի մտնում էր մեղվանոց՝ հանգիստ, վստահ, խաղաղ»։

Օհանջանյանների ընտանիքի մեղվանոցը Տումի գյուղում էր՝ շուրջ 200 մեղվափեթակով։ Պատերազմը, ինչպես շատերի կյանքում, այստեղ էլ կտրեց ամեն ինչ։ Հադրութը, շքեզ Տումին եւ հսկայական մեղվանոցը անցավ թշնամու տիրապետության տակ։

Սերը մեղուների ու մեղրի հանդեպ Օհանջանյաններին նորից տարավ դեպի մեղվապահություն եւ ընտանիքը մեղր էր արարում Ստեփանակերտում։

Նոր պատերազմի ժամանակ ընտանիքը կրկին կորցրեց, այս անգամ ամենաթանկին՝ Յուրիին։

«Պապաս շատ ծանր տարավ։ Նա չէր պատկերացնում՝ ինչպես կարող է մեղվանոց վերադառնալ առանց Յուրիի։ Բայց հենց մեղուներն էին, որ նրան վերադարձրին կյանքին», — հիշում է Լուսինեն։

Ժամանակի ընթացքում ընտանիքը որոշեց շարունակել Յուրիի գործը՝ ոչ թե որպես աշխատանք, այլ որպես առաքելություն։ Լուսինեն մասնակցեց դրամաշնորհային ծրագրի, ձեռք բերեց մի քանի նոր փեթակներ, և մեղվանոցը նորից կենդանացավ, աներեւույթ տիրոջ հետ՝ Յուրիի։

Բայց այս անգամ Լուսինեն նպատակ ուներ ոչ միայն մեղր արտադրել, այլ այն դարձնել ճանաչելի ու արժևորված բրենդ․ «Արցախում մենք մեծ ճանաչում ունեինք, բայց շատ դժվար էր լավ մեղր գտնել։ Պահանջարկը մեզ մղեց մտածելու՝ եթե շարունակելու ենք Յուրիի գործը, պետք է պատմությունը տեսանելի լինի։ Մինչ այդ ոչ դեմք կար, ոչ բրենդավորում։ Ես էի նախաձեռնել, որ մեր մեղրը ունենա իր անունը, պատմությունը, դիմագիծը։ Մրցակցությունը մեծ է, բայց մեր ուժը հենց այդ պատմության մեջ է՝ Յուրիի հիշատակումն ու նրա սիրո ժառանգությունը»։

«Մենք սկսեցինք նորից մեղվաբուծությամբ զբաղվել, որ Յուրին ապրի մեղրի ու իր երազած մեղվագործության մեջ։ Յուրիի մեղրը մեր ընտանիքի պատմությունն է։»

Նրանց մեղրը հիմա կրում է հենց զոհված Յուրիի անունը՝ «Յուր»։ «Այն նաեւ մեր պապիկի ու եղբորս անունն է՝ Յուրի։ Միաժամանակ՝ յուր՝ յուրահատուկ, յուր՝ գրաբարյան «նրա» բացատրությունն ունի։ Այսպես է ծնվել բրենդը»։

Առաջին մեղրաքամը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսին։ Թեև քանակը մեծ չէր, բայց նրանց համար դա հաղթանակ էր։ Սեպտեմբերին արդեն «Յուր» մեղրը հայտնվեց վաճառքում՝ որպես ոչ միայն արտադրանք, այլև խորհրդանշական ժառանգություն։

«Առանց Յուրիի ֆիզիկական ներկայության դժվար է շարունակելը։ Բայց երբեմն թվում է՝ նա հենց մեղուների բզզոցում է, արևի ջերմության մեջ, մեղրի բույրի մեջ։ Մենք զգում ենք նրա ներկայությունը ամեն քայլում»,- ասում է Լուսինեն, ով անուն տվեց մեղրին եւ դա, թեւ ամենազգայական մոտեցումն էր եւ նորի սկիզբը։

Այսօր Օհանջանյանների ընտանիքի մեղվանոցը դարձել է ոչ միայն աշխատատեղ, այլ մի փոքրիկ հուշարձան՝ ապրող հիշողություն։ Յուրիի սերը մեղուների հանդեպ շարունակում է ապրել նրանց ձեռքերով, իսկ յուրաքանչյուր բանկա մեղրի մեջ կա նրա սրտի մի մասնիկ։

Մարիամ Սարգսյան

Կարելի է առավոտյան հայելու մեջ նայել եւ ասել. “բարի լույս, փախստական, էլի՞ դու, որքա՞ն ես այստեղ ապրելու”

Արսենն այստեղ գրում է արցախահայերի հոգեբանական խնդիրների մասին, որոնց կարծես հպանցիկ են անդրադառնում մամուլում, ինչը մեծ հաշվով նորմալ է․ մեկը չի կարող զգալ մյուսի ատամի ցավը, ասում էր Կանտը: Հադրութեցիներն էլ ասում էին՝ մինչեւ մեր օրը չընկնեք, չեք հասկանա:

Առաջին տեղահանությանը ես ականատես եղա վաղ իննսունականներին, երբ շահումյանցիները մեր գյուղով, Վաղուհասով անցնում էին: Կովեր, ձիեր, էշեր բեռնած հասել էին մեր գյուղ: “Ես առանց թեյ չեմ կարողանում, բայց երկու օր է Թարթառից եմ ջուր խմում”, ասում էր մի շահումյանցի տարեց մարդ, երբ մեր գյուղի տանը թեյ էին հյուրասիրել նրան: Տեղացիները երեխաներին կոշիկ, շոր էին տալիս, գնում գաղթականների կովերը: Հետո  շահումյանների մասին այդպես էլ “ոչնչին չիմացանք”: Միայն մարտակերտցիներն ասում էին, որ նրանք շատ հարուստ էին ապրում եւ սիրուն, մեծ տներ ունեին, ասում էին նաեւ, որ Ռուսաստան են գնացել եւ այնտեղ են հիմա հարուստ ապրում:

Երեսուն տարի անց ես դարձյալ շահումյանցու հանդիպեցի, բայց Խաչպար գյուղում: Մտել էի սուպերմարկետ, մի կին փողի հաստ կապոցից մանրս էր վերադարձնում: Նա սուպերմարկետի տերն էր: Բարբառից ես զգում էի, որ արցախցի է, բայց մի տեսակ ուրիշ ակցենտ կար, որ դասական Ղարաբաղի բարբառը չէր եւ չէր կարող 2023-ին Հայաստան եկած լիներ ու այս կարճ ժամանակում սուպերմարկետ բացել (չնայած այդպիսիներն էլ գտնվեցին): Դուք է՞լ եք ղարաբաղցի, հարցնում եմ ես: Շահումյանցի եմ… Ժպիտ չէր, պարզ էլ չէր, թե ինչ արտահայտություն էր կնոջ դեմքին, բայց կարծես ասում էր, դեռ երկար ու դժվար “ինտեգրման” ճանապարհ ունեք անցնելու:

Թե ինչ է նշանակում փախստական դառնալ, արդեն գիտակից տարիքում, 2020թ. ականատես եղա, երբ ինքս էլ արդեն կիսով չափ փախստական էի դարձել եւ գոնե կիսով չափ կարող էի հասկանալ: Մի իտալացի լրագրողի հետ, ով արցախցի փախստականների թեմայով էր հետաքրքրված, Բուժական էինք գնացել: Ճարտարեցի մի տարեց մարդ սովետական սանատորիայի ճաշարանում ինչ-որ սուպ էր ուտում, որի ջուրը մի տեղեով էր փախած, յուղը` մի, ինչպես արցախցիներն են նկարագրում անհամ պատրաստած ճաշը: Զգացվում էր, որ մարդը ներվային է, գթալը բերանն է տանում, զանգ է գալիս, ջղայնանում է, թե հեռախոսի, թե զանգողի եւ թե սուպի վրա: “Սա լա՞փ է, որ դրել են դեմս”, գթալը թողնում է ափսեյի մեջ ու ասում. “ավելի լավ է գնանք”:

“Սանատորիայում” պայմաններն ահավոր էին, սոխի ու կաղամբի հոտը միախառնվել էին խոնավության ու բորբոսի հոտին: “Գյուղապետն ասել է, որ այլեւս չեն կարողանալու հոսանքի համար փոխհատուցել, ինչը նշանակում է, որ մենք պետք է դուրս գանք այստեղից”, ասում էր հադրութեցի մի կին, ով այդտեղ էր ապրում իր շուշեցի ճակատագրակցի հետ:

Ճարտարեցի տղամարդն իմանալով, որ մենք հետ Երեւան ենք գնալու, ակնարկեց, որ կարող է մեզ տանել եւ փողը, որ տաքսուն ենք տալու, իրեն վճարենք: Իտալացին բնականաբար ուրախ էր ինչ-որ բանով օգտակար լինել նրան, սակայն մեր օգնությունը տեղ չհասավ: Դեպի Երեւան ճանապարհին նա խփեց մեքենան: Դեռ սուպն ուտելիս, զգացվում էր, որ նա շատ նյարդային է, ինչն էլ վթարի պատճառ դարձավ: Վեճի ժամանակ ճարտարեցին ավելի էր ջղայնանում, ասես ավելի շատ ինքն իր վրա, որ չի կարողանում գրական հայերենով բացատրել, որ ինքը չէ խախտում կատարել: Ես ու իտալացին շվարած սպասում էինք: Ինչեւէ, նա մեքենայի վանդակացանցը բեռնախցիկ նետեց եւ մենք շարունակեցինք ճանապարհը:

2020թ. հետո ահագին ժամանակ կար, հասկանալու համար, թե ինչ է կատարվում փախստականի հոգեկան առողջության հետ: Հադրութեցիները լավ կհիշեն ձրի ավտոբուսները, որ Ստեփանակերտի ստադիոնի մոտից Երեւան էին մեկնում: Հերիք էր այնտեղ տաս րոպե կանգնել, հենց կանգնել, քանի որ նստարան էլ չէին դնում, եւ նրանք արեւից հալվում էին մինչեւ կեսօր, քանի որ առավոտից անհրաժեշտ էր լինում “հերթ բռնել”: Այստեղ էլ մի հադրութեցի աղջիկ էր վիճում ստեփանակերտցիների հետ․ “առեւտուր անելու ժամանա՞կ եք գտել, չե՞ք կարողանում ուրիշ տրանսպորտով Երեւան գնալ, սա ձե՞զ համար է”, անզորությունից մեկ լացում, մեկ ուժ էր հավաքում “պայքարը” շարունակելու համար:

Վարձակալության նույն “բիզնեսը” Ստեփանակերտում էր աճել և այսօր շարունկվում է Հայաստանում: Լավ առիթ էր ստեղծվել տարիներ դատարկ մնացած հին խրյուշովկան վարձով տալու համար: Այնպիսիներն էլ կային, որ պարզապես ձրի էին առաջարկում իրենց բնակարանը, ինչպես այսօր Հայաստանում:

Արցախցիների սոցիալական խնդիրներ, բնակարանային ծրագիր, 40+10, ինտեգրում, աշխատանք, քույրեր եւ եղբայրներ, կարդում-լսում ենք ամեն օր: Այս խնդիրներ իրոք կան եւ հրատապ են, բայց արդյո՞ք այս ամենը չորս պատի ու կտուրի մասին է: Չկա հոգեկան առողջություն` ոչինչ չկա, կարդում եմ Կարմիր Խաչի թվիթը:

Step1-ն էլ արդեն գրել է արցախցիների շրջանում տարեցների մահերի աճի մասին: Ո՞ր հոգեբանը կարող է “խաբել” տարիքն առած մարդուն (քաֆթառ շանը քուչիքուչի չըն անել, ասում էր տատս), ավելի լա՞վ չէ լուռ մեռնել, քան բացատրել, թե ինչ է կատարվում իմ հետ, երեւի ասում են նրանք:

Մասիսում ես արցախցի տեղահանվածների եմ հանդիպել, որոնց համար Ֆրանսիայի աջակցությամբ կացարաններ են տրամադրել, որը համեստ հյուրանոցային պայմաններ ունի, բայց մեկ է, մարդիկ երջանիկ չեն զգում եւ իրենց տունն են ուզում: Կարելի է շքեղ հյուրանոցում էլ դժբախտ լինել: Կարելի է առավոտյան հայելու մեջ նայել եւ ասել. “բարի լույս, փախստական, էլի՞ դու, որքա՞ն ես այստեղ ապրելու”: Վերադարձ, սեփականության իրավունք, կադաստրի թուղթ, քաղաքացիություն, անձնագրի կոդ, տնավորվել, ի՞նչ հեշտ լուծումներ են գտել իրավաբաններն ու քաղաքագետները ամեն ինչ քողարկելու համար:

Բոլոր փիլիսոփաները, հոգեբանները դեռ հին Հռոմից մինչեւ Հունաստան գրել են մարդու երջանկության մասին: Արցախցիները տո՞ւն են կորցրել, թե՞ իրենց երջանկությունը: “Քո երջանկությունը կախված է քո մտքերից”, ասում են ստոիկները: Ի՞նչ կա արցախցիների մտքերում:

Մարութ Վանյան

Լուսանկարներ. Բուժական 2020թ.

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը  երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին ասաց Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

54 քննիչ այդ 2 ամսում պետք է պարզեն, արդյոք 2021 թվականին սրբազանը ստիպել է հոգևորականներին, մասնավորապես տեր Արամին մասնակցել ընդդիմադիր հանրահավաքին։

Կարծես, այլ մեղադրանք չկա, սակայն Կաթողիկոսի զարմիկ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը 2 ամսով կարող է ճնշման գործիք դառնալ Գարեգին Բ-ին հրաժարականիմղելու համար։

1919 թ. ամերիկյան ռազմական առաքելության զեկույցից՝ Հայաստանի մասին

Կարս

Հայաստանը պետականություն է ձեռք բերել հազար տարի ավելի շուտ, քան բոլոր եվրոպական երկրները. Ամերիկյան ռազմական առաքելության 1919 թվականի զեկույց

«Հին ժամանակներում Հայկական թագավորությունն ուներ ելք դեպի Միջերկրական, Կասպից և Սև ծովեր: Հետագա դարերում Հայաստանի տարածքը կրճատվել է մինչև մոտավորապես 140,000 քառակուսի մղոն, մոտավորապես Մոնտանայի չափ: 1914 թվականին հայկական հողերը բաժանվել էին երկու մասի. արևելյան մասը, որը պատկանում էր Ռուսաստանին, բաղկացած էր Կարսից և Էրիվանից, ինչպես նաև ներկայիս Ադրբեջանի որոշ մասերից, իսկ արևմտյան մասը կազմում էր Թուրքական Հայաստանը, որը բաղկացած էր Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի և Կիլիկիայի վիլայեթներից: Հայերը նաև ցրված էին Անդրկովկասում և Փոքր Ասիայում:

Հայաստանը պետականություն է ձեռք բերել հազար տարի ավելի շուտ, քան բոլոր եվրոպական երկրները՝ բացառությամբ Հունաստանի և Հռոմի: Իր քսանհինգ դարերի պատմության ավելի քան տասներկու դարերի ընթացքում Հայաստանը վայելել է անկախություն սահմաններում, որոնք փոխվել են ժամանակի իրադարձությունների հետ մեկտեղ:

Կիլիկիայից աքսորված՝ Հայերի Լևոն VI թագավորը իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց՝ փորձելով վերջ դնել Ֆրանսիայի և Անգլիայի միջև Հարյուրամյա պատերազմին։ Կիլիկյան Հայաստանի թագավորը գտնվում էր հակամարտության առաջնագծում և իրականում նախագահել է Բուլոնի խաղաղության համաժողովը 1386 թվականին, որը հանգեցրել է Փարիզի և Լոնդոնի միջև պատերազմի ավարտին և փոխըմբռնման։

Հայաստանը քրիստոնեացվել է առաքյալների կողմից, ովքեր տեսել էին մեր Տիրոջը դեռևս մ.թ. 33 թվականին։

Ազգային մակարդակով հայերը ընդունել են քրիստոնեությունը և հիմնադրել ազգային եկեղեցի 301 թվականին, որը գոյատևել է դարերով և մինչ օրս էլ կենսական նշանակություն ունի։ Հայաստանը առաջին երկիրն էր, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ Ավելին, այս ամենը տեղի է ունեցել հեթանոսական աշխարհում։

Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրումից հետո առաջին երկու դարերը հայ գրականության ոսկեդարն էին. հայերը հորինել են իրենց սեփական այբուբենը և թարգմանել Աստվածաշունչը մայրենի լեզվով։ Հայերը կենտրոնացել են ժամանակի խոշոր գիտական ​​կենտրոններում՝ Աթենքում, Բորնում և Ալեքսանդրիայում։ Նրանք մշակել են ճկուն գրական լեզու, որը դարձել է ազգային կյանքի ամենամեծ ակտիվներից մեկը։

Աշխարհագրական առումով Հայաստանը գտնվում էր այն մեծ մայրուղու վրա, որով իրականացվում էին Արևելքից Արևմուտք ներխուժումները: Պարսկաստանի, սարակինոսների, իսլամի տարածման և խաչակրաց արշավանքների նկրտումները Հայաստանը վերածեցին քրիստոնեության վերջին սահմանի Արևելքում: Բնակչության առումով Հայ եկեղեցին ավելի շատ նահատակներ զոհաբերեց պարսիկներին, պարթևներին, սարակինոսներին, թաթարներին և թուրքերին հետ մղելու համար, քան որևէ այլ ժողովուրդ: Վերջին հայկական դինաստիան տապալվեց Եգիպտոսի սուլթանի կողմից Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից 78 տարի առաջ՝ 1453 թվականին»:

Ամերիկյան ռազմական առաքելության զեկույցից, 1919 թվականի հոկտեմբերի 16

Նոստրադամուսի արև․ Արցախցիները հեգնում են ապագա ընտրությունները

Ծաղրանկարը Ալվարդ Գրիգորյանի

New Artsakh ֆեյսբուքյան էջը, որտեղ հիմնականում արցախցիներ են, հարցում է անում, թե ում կցանկանայիք ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել 2026-ին: 500-ի հասնող մեկնաբանություններից հասկանալի է դառնում մարդկանց տրամադրությունները:

Մեկնաբանություններից հետաքրքիր խճանկար է ստեղծվում: Մարդիկ կամ Սամվել Կարապետյանին են ցանկանում տեսնել այդ պաշտոնում, որը գերակշռող մասն է կազմում, կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ ասում են՝ ով ուզում է լինի, միայն թե Նիկոլ Փաշինյանը չլինի, հեգնում եւ հումոր են անում: Մեկնաբանություններից երեւում է նաեւ մարդկանց հիասթափությունը բոլորից:

Խմբում հարցը ձեւակերպվել է հետեւյալ կերպ.

Ո՞ւմ եք տեսնում որպես Հայաստանի վարչապետ 2026 թվականի ընտրություններից հետո

  1. Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր»
  2. Սամվել Կարապետյանի թիմ / «Մեր ձևով» շարժում
  3. Ռոբերտ Քոչարյան / «Հայաստան» դաշինք
  4. Անդրանիկ Թևանյան / «Մայր Հայաստան» դաշինք
  5. Վարդան Ղուկասյան (Դոգ)
  6. Սերժ Սարգսյան (ՀՀԿ – Հանրապետական կուսակցություն)

Ներկայացնում ենք առավել ուշագրավ գրառումների մի կապոց:

Ոչ մեկին, բոլորը Նիկոլ սպասարկողներ են

Հասարակ ժողովրդի մասին մտածող վարչապետ, նոր, խղճով, բարի վարչապետ, բայց ոչ Փաշինյանը

Մարդը, ով գիտի Հայրենիքի ու Հողի արժեքը, ով պիտի տեր լինի երկրի զարգացմանն ու ապագային

Քոչարանին, եթե խոստանա, որ նույն սխալներն չի կչկնի

Վարդան Ղուկասյան (Դոգ), նա հետ կվերցնի Արցախը` համոզված եմ

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Նույնն են բոլորը

Մեր պապերին ու տատերինեն տանջամահ անելով սպանել են, հղի մայրերի փորը կտրել երեխուն հանել, ոչ՜ ազգի դավաճանին, ոչ՜ թուրքամոլին, ցեղասպանությունը ներեց նա

Խելքը գլխին մարդ չկա՞ր

Ելնեք վերև, իջնեք ցած, մեկ է, Նիկոլն է լինելու

Ով էլ լինի, մեկ է` իր բարեկամների համար է լինելու, մեզ ի՞նչ

Ժողովուրդ, ընտրեք կոմպետենտ, համարժեք, ուժեղ առաջնորդ, որը կխթանի երկրի տնտեսությունը, կստեղծի հզոր բանակ և սեփական ռազմական զինանոց, այլ ոչ թե Նիկոլի նման դավաճանի

Ալիեւն ինչ ասում, նա անում է, հենց այդպիսի ղեկավարի էլ դուք արժանի եք

Գուրգեն Սիմոնյան, Շնորհապետական կուսակցություն

Նա, ով կկարողանա իրոք մեր Արցախը և Հայաստանից զավթված մեր տարածքները և մեր անմեղ գերիներին հետ բերել

Ոչ մեկն էլ մի բանի պիտանի չեն, դրա համար ստիպված Դոկին

Ոչ մեկին, մենք այդ պաշտոնի համար պատրաստ մարդ չունենք

Փորձառու անձնավորություն, ով կկարողանա Հայաստանի շահը պաշտպանել աշխարհում հետեւաբար` Քոչարյան

Նոստրադամուսի արև` դեռ 2026-ի մարգարեության փաթեթը չի հաստատվել

Մենք բոլորի հետ ընկերներ կլինենք, բացի դաշնակցականներից։ Դաշնակցականները երկու կողմերի համար էլ ուռուցք են

Իհարկե Փաշինյան: Փաշինյանը ղեկավարելու է մինչեւ 2024 թվականը։

Ամփոփել է Մարութ Վանյանը

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մասին

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ են մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, եթե այն շուտով չդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը քննարկում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են զգալիորեն մեծացնել Կրեմլի հատուցման չափը իր շարունակական ագրեսիայի համար, հաղորդում է Sky News-ը։

Նա ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդներն արդեն համաձայնության են եկել այսպես կոչված «Կամքի կոալիցիայի» ռազմական պլանավորման շուրջ, ստեղծել են շտաբ և հատկացրել ռեսուրսներ՝ ցույց տալով Մոսկվային, որ պատերազմը մոտենում է ավարտին։ Եթե Ռուսաստանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ, Միացյալ Նահանգները և նրա գործընկերները նրան կստիպեն թանկ վճարել իր ագրեսիայի համար։ Հեգսեթը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո Սպիտակ տունը մտադիր է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ռազմական աջակցությունն ամրապնդելու և Ռուսաստանին միջազգային ասպարեզում ավելի մեկուսացնելուն ուղղված միջոցառումների նոր փաթեթ։ «Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է անել այն, ինչ կարող է անել միայն Միացյալ Նահանգները», – հավելել է նա։

Սա նորություն է Պենտագոնից և եվրոպացի առաջնորդներից, որոնք մինչ այժմ քննարկել են Ռուսաստանի դեմ ռազմական ուժի կիրառումը միայն այն դեպքում, եթե Մոսկվան փորձի ռազմական գործողությունները Ուկրաինայից տեղափոխել եվրոպական տարածք։

Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները կարող են սկսվել նույնիսկ առանց Մոսկվայի կողմից եվրոպական երկրի վրա հարձակվելու որոշման։ «Եթե Մոսկվան չդադարեցնի պատերազմը Ուկրաինայի դեմ» պայմանը լայն հնարավորություն է տալիս մանևրելու համար։

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով։ Այս որոշումը կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։

«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց մասնակի։