Արցախի և Նախիջևանի մասին հիշատակելը չի կարող տարածքային պահանջ լինել այլ երկրի նկատմամբ

Երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասում է, որ երբեք չեն ունեցել տարածքային պահանջ, այդ թվում՝ Արցախի նկատմամբ:

«Խոսքը չի գնում տարածքային պահանջների մասին, – ասաց Արծվիկ Մինասյանը. – Նախ՝ մենք խոսում ենք արցախցիների արժանապատիվ, երաշխավորված, անվտանգության երաշխավորված իրավունքներով վերադարձի միջազգային մակարդակում ընդունման մեխանիզմի մասին: Տարածքային պահանջ երբեք չենք էլ ունեցել մենք: Որևէ քաղաքական ուժ տարածքային պահանջ պաշտոնապես չի էլ ներկայացրել, ըստ էության չի էլ ասել դրա մասին»:

Արծվիկ Մինասյանը չհիշատակեց 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Չհիշատակեց նաև Կարսի պայմանագիրը, որով հայկական Նախիջևանը 1921 թ․ փոխանցվեց Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, հիմա էլ Ալիևը հանել է Կարսի պայմանագրի հղումը Նախիջևանի սահմանադրությունից։ 

Արծվիկ Մինասյանը ճիշտ է․ Արցախի և Նախիջևանի մասին հիշատակելը չի կարող տարածքային պահանջ լինել այլ երկրի նկատմամբ։ Նույնն է, ինչ Սյունիքի հարավի մասին խոսելը կարող է ընկալվել որպես տարածքային պահանջ ԱՄՆ-ին։

Դա նորմա՞լ է․ Իսրայելը վերահսկողություն է ստանձնում Լիբանանի հարավի նկատմամբ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը կպահպանի Հարավային Լիբանանի վերահսկողությունը։ Նա նշել է, որ լիբանանցիները չեն վերադառնա իրենց տները այս տարածքներում, մինչև Իսրայելի անվտանգությունը չապահովվի։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Լիբանանում լիակատար ուժով «Հեզբոլլահի» դեմ։ Հարյուր հազարավոր հարավային Լիբանանի բնակիչներ, որոնք տարհանվել են հյուսիս, չեն կարողանա վերադառնալ Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներ, մինչև չապահովվի հյուսիսային իսրայելցիների անվտանգությունը», – հայտարարել է Կացը Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նիստում։

Նա հայտարարել է, որ Լիտանի գետի վրայով անցնող բոլոր կամուրջները, որոնք «Հեզբոլլահը» օգտագործել է Հարավային Լիբանան մարտիկներ և զենք տեղափոխելու համար, «ավերվել են», և Իսրայելի պաշտպանության բանակը կվերահսկի մնացած անցումները և անվտանգության գոտին՝ իր սահմանից մինչև գետը։

Իսրայելի գործողությունները Լիբանանում դժգոհություն են առաջացնում միջազգային կազմակերպություններում և մի շարք եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, որը սերտ կապեր ունի Լիբանանի հետ։

Ինչպես Հայաստանը, Լիբանանը սակրալ երկիր է ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան քաղաքակրթությունների համար։ Այս քաղաքակրթությունների արմատները սկիզբ են առնում փյունիկյան մշակույթից, ներառյալ այբուբենի ստեղծումը, մեծ նավերի և աղի օգտագործումը որպես սնունդի պահպանման և, հետևաբար, առևտրի միջոց։ Եվ ինչպես աստվածաշնչյան Արարատյան քաղաքակրթությունը, փյունիկյան Լիբանանը նույնպես անընդհատ հարձակման տակ է։

Վերլուծաբանները խոսում են Լիբանանի վերացման հնարավորության մասին՝ Մերձավոր Արևելքի նոր լանդշաֆտի ձևավորման արդյունքում։ Հայաստանում պետական ​​մակարդակով խոսվում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի մասին։ Արմատների իրավունքը «վերացնելու» արցախյան նախադեպը դաժան կատակ է խաղում ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան քաղաքակրթությունների հետ։

Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի պատվանդանի կառուցումը սկսվել է

Հատիս լեռան վրա սկսվել է Հիսուս Քրիստոսի արձանի պատվանդանի շինարարությունը: Այս 2528 մետր բարձրությամբ գագաթը գտնվում է Երևանից մոտավորապես 30 կիլոմետր հյուսիս-արևելք:

Արձանը լեռան գագաթին տեղադրելու ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականի հունվարին: Այն Գագիկ Ծառուկյանի նախագիծն է, ով կարծում է, որ Քրիստոսի հսկա արձանը «ցույց կտա հայ ժողովրդին վերածննդի և լույսի ճանապարհը» հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ավերիչ հակամարտությունից հետո:

Հայ Առաքելական եկեղեցին հրապարակավ դեմ է արտահայտվել նախագծին՝ նշելով դրա անհամապատասխանությունը հայկական կրոնական ավանդույթներին: Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցական իշխանությունները «ընդունելի չեն համարում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը»: Հայկական կրոնական ավանդույթներում Հիսուսի արձանները համարվում են կուռքեր: Փոխարենը, քրիստոնեական հուշարձանները սովորաբար ունենում են խաչ պատկերող քարե սյան տեսք, որը կոչվում է խաչքար:

Քրիստոսի արձանի և դրա պատվանդանի բարձրությունը նախատեսվում է լինել 101 մետր: Համեմատության համար, Քրիստոս Փրկչի հայտնի բրազիլական արձանը պատվանդանով միասին 38 մետր բարձրություն ունի, մինչդեռ Նյու Յորքի Ազատության արձանը՝ 93 մետր:

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չկան. Բաղաի

Իրանը չի բանակցում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով անանուն պաշտոնյաների, պնդել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին 15 կետանոց ծրագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքի հակամարտությունից դուրս գալու համար՝ ԱՄՆ տնտեսության վրա նրա ազդեցության աճի ֆոնին։

Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը «աղետալի» է եղել Իրանի համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են Բուշերին, որտեղ գտնվում է ատոմակայանը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը։

Կազմակերպության տվյալներով՝ արկը մարտի 24-ի երեկոյան ընկել է ատոմակայանի տարածքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը որևէ նյութական վնաս կամ մարդկային կորուստ չի պատճառել, և ատոմակայանը չի վնասվել։

Իր հերթին, Իրանը գիշերը մի քանի ալիք հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։

Ջերմաստիճանը կնվազի Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում։

Նշվում է, որ մարտի 25-28-ը երկրի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռներում՝ ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրև։

Կանխատեսման համաձայն՝ օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Որոշ շրջաններում հնարավոր են քամու ուժեղ պոռթկումներ։

Այսպիսով, մարտի 25-ին Շիրակում և Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կլինի +10°C, Կոտայքում՝ +12°C, Լոռիում՝ +11°C, Տավուշում՝ և Արագածոտնում +13°C, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +14°C, իսկ Սյունիքում՝ +16°C։

Մարտի 25-ին Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Հայաստանի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +13°C-ի։

ՄեդիաՍտեփը միանում է ազդեցիկ ՀԿ-ների հայտարարությանը՝ մետրոյի միջադեպի վերաբերյալ

Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով նախօրեին ՀՀ վարչապետի կողմից Արցախից բռնի տեղահանված կնոջն ուղղված խոսույթը։

ՄեդիաՍտեփ ՀԿ-ն, որը Step1.am-ի հիմնադիրն է, ևս միանում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և արևմտյան արժեքներ կրող կազմակերպություններին։ Հրավիրում ենք նաև ԵՄ ձևավորվող մոնիտորինգային խմբի ուշադրությունն այն փաստին, որ ՀՀ կառավարությունը, Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդ պատերազմին հակազդելու պատրվակով, թույլ է տալիս և կարող թույլ տա քաղաքացիներին ահաբեկելու, թիրախավորելու, արցախցիներին ոչ միայն ընտրելու իրավունքից, այլև խոսքի ազատույունից զրկելու քայլեր։ Նման պահվածքի վրա աչք փակելը առաջին հերթին կվնասի ԵՄ վարկանիշին և մարդու իրավունքների պաշտպանի նրա համբավին։ 

Ներկայացնում ենք հայտարարության տեքստը․ 

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք 2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողական և ատելության խոսք։

Մասնավորապես, 2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմել է իր երեխայի հետ երթևեկող կնոջը և երեխային, առաջարկել նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվել է՝ նշելով, որ Արցախից են, ունեն այլ քարտեզ։ Խոսակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ձայնը, կնոջ հետ խոսել մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ վարչապետը նշել է, որ կխոսի այդպես, հանդիմանել է, ասելով, թե Հայաստանի բյուջեից միլիոններ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Ավելին, տեսանյութում լսվում է, որ կինը հայտնում է, որ չի ցանկանում շարունակել խոսակցությունը և խնդրում է՝ իրեն ու իր երեխային չնկարահանել, սակայն ինչպես խոսակցությունը, այնպես էլ տեսանկարահանումը շարունակվել է։ Միջադեպին ներկա են եղել կառավարող ուժի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցներ։ Վարչապետը մշտապես հանդես է գալիս ի պաշտոնե, ինչն ընկալվում է որպես հանրային իշխանության հարկադրանքի մարմնավորում և այս վարքագիծը կարող է գնահատվել որպես կնոջ նկատամբ հոգեբանական բռնություն։ Առանձնահատուկ մտահոգիչ է, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ։ Երեխան ոչ միայն ականատես է դարձել մոր նկատմամբ նման վարքագծին, այլև անմիջականորեն ներգրավվել է քարոզչության մեջ, ինչն անընդունելի է, քանի որ ձևավորում է ապագա սերունդների ընկալումները ուժի, խոսքի որակի և հարաբերությունների մասին։

Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը, որը լեգիտիմացնում է բռնությունը և բևեռացումը, որը, ցավալիորեն, ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի։ Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։ Ցավալիորեն, Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության ներկայացուցիչների և հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագիծն ազդում է հասարակության տարբեր խմբերի վարքագծի վրա և տարածվում ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հանրային հարաբերությունների այլ մակարդակներում՝ նման վարքագիծը հատկապես անընդունելի և մտահոգիչ է, քանի որ հանգեցնում է հասարակության բևեռացման և համերաշխության բացառման ու բռնի տեղահանված բնակչության կրկնազոհայնացման։ Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքի երևույթը, հատկապես սոցիալական ցանցերում, լրջագույն խնդիր է, որի դեմ ոչ միայն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում, այլև հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից է նման խոսք ձևավորվում և քաջալերվում։

Հաշվի առնելով բռնի տեղահանված անձանց խոցելիությունը՝ հանրային իշխանության ներկայացուցիչները, հատկապես բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, պարտավոր են հաղորդակցության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և հարգալից վերաբերմունք ու խոսք՝ ապահովելով մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Հիշեցնենք, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք ներառող հրապարակային խոսքը կարող է պարունակել ընդհուպ քրեական հանցագործության տարրեր՝ կախված դիտավորությունից: Արցախի հայ բնակչությունը Ադրբեջանի կողմից ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանության, ինչը եղել է պետական նպատակային քաղաքականություն և իրականացվել է համապարփակ ռազմավարության հիման վրա՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից։ Այս քաղաքականությունն ուղեկցվել է Արցախի բնակիչների իրավունքների և ազատությունների տևական և լուրջ խախտումներով և ծանրագույն պատերազմական հանցագործություններով։

Արցախի բնակչության նկատմամբ շարունակական ահաբեկման քաղաքականությունը, երկարատև շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակումը այս քաղաքականության գագաթնակետն են եղել՝ անհնարին դարձնելով Արցախի բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորությունը և հանգեցնելով զանգվածային բռնի տեղահանության։ Խախտումները Արցախի տարածքում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով, ներառյալ՝ հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերով և փոխկապակցված լրատվամիջոցներով, ինչը հանգեցնում է ինչպես հասարակության բևեացվածության խորացման, այնպես էլ քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,

Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց, Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների մոդերացիա, Եվ առհասարակ՝ երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հայտարարությանը միացել են՝

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Ռուբիոն և Վենսը կվարեն Իրանի հետ բանակցությունները. 15-ից 10 կետը միջուկային զենքին է վերաբերում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը Պակիստան, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարվեն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին:

Միացյալ Նահանգները Իրանին ուղարկել է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ծրագիր: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 24-ին, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երկու տեղեկացված պաշտոնյաների: 15 կետից բաղկացած փաստաթուղթը Իրանի ղեկավարությանը փոխանցվել է Պակիստանի միջոցով:

Իսրայելական N12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ծրագրի 10 կետերը ներառում են Իրանի կողմից միջուկային զենքի ծրագրից հրաժարվելը և հարստացված ուրանի պաշարները Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) փոխանցելը, ինչպես նաև հեռահար հրթիռները միայն ինքնապաշտպանության համար օգտագործելու պարտավորությունը: Կա նաև կետ Հորմուզի նեղուցում ազատ նավարկություն ապահովելու մասին: Ռեժիմի փոփոխության կամ որևէ այլ բանի պահանջներ չկան:

Ինչ կստանա Իրանը

1. Բոլոր պատժամիջոցների վերացում:

2. Ամերիկյան օգնություն Բուշերում քաղաքացիական միջուկային ծրագրի (էլեկտրաէներգիայի արտադրություն) խթանման և զարգացման գործում:

3. Պատժամիջոցների վերսկսման սպառնալիքի վերացում:

Միևնույն ժամանակ, մարտի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային ծովային կազմակերպությանը տեղեկացրեց, որ «ոչ թշնամական նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով, եթե նախապես համակարգեն իրենց գործողությունները Թեհրանի հետ։

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին «նշանակալի մրցանակ» է տվել։ «Նրանք երեկ արեցին մի բան, որը զարմանալի էր։ Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերն այսօր ժամանեց։ Դա շատ մեծ նվեր էր, հսկայական գումար, և ես չեմ ասի ձեզ, թե ինչ էր դա, բայց դա շատ կարևոր մրցանակ էր։ Այն կապված չէր միջուկային զենքի հետ, այն կապված էր նավթի և գազի հետ, և դա շատ հաճելի արարք էր նրանց կողմից», – ասում է Թրամփը։

«Ըստ էության, Իրանում տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն։ Ռեժիմը փոխվել է, քանի որ այժմ առաջնորդները բոլորովին տարբերվում են նրանցից, ովքեր սկսել են ամեն ինչ, ովքեր ստեղծել են այս բոլոր խնդիրները», – ասաց ԱՄՆ նախագահը։

«Կարծում եմ՝ մենք վերջ ենք դնելու գործողություններին. չեմ կարող ձեզ վստահորեն ասել, բայց մենք արդեն հաղթել ենք այս պատերազմում», – ասաց ԱՄՆ նախագահը։

Ըստ Թրամփի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ներկայացնում են ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում։ Թրամփը նշել է, որ բանակցությունները վարվում են Իրանում «ճիշտ մարդկանց» հետ՝ առանց նշելու, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Կարապետյանց․ Ինչու՞ է Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ կիրառվում կրկնակի ստանդարտներ

NZHAR Սահմանադրական շարժման համահիմնադիրներ Նինա Կարապետյանց և Արտաշես Իկոնոմով (NZHAR.AM )
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական ներկայացուցիչ՝ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների անունից, ցանկանում եմ երկու հարց բարձրացնել։
1. Ինչու՞ է Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ կիրառվում կրկնակի ստանդարտների պրակտիկա, այլ ոչ թե արդարադատության սկզբունքը, որը ժողովրդավարության հիմքն է։ Ինչու՞ է լռությամբ ընդունվել Արցախի հայերի ցեղասպանությունը։ Նման լռությունը, մեր գնահատմամբ, պայմաններ է ստեղծում նմանատիպ ողբերգությունների կրկնության համար։ Հայտնի է, որ Բաքվի ռեժիմը լայնորեն ճանաչվում է որպես ավտորիտար։ Ավելին, կրկնակի ստանդարտների կիրառումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվում է նաև Եվրոպական Միության կողմից իրականացվող հիբրիդային գործողություններում, որոնք ուղղված են մեր երկրի ներքին գործերին։ Դրանք ներառում են աջակցություն անձանց, ովքեր անտեսում են սահմանադրական կարգը, նախապատրաստում են սադրանքներ և ընտրական գործընթացների կեղծում, ինչպես նաև սպառնալիքներ հասցեագրում մեր հասարակության մի մասին։ Դժվար է հավատալ, որ նման զարգացումները մնում են աննկատ։ Հետևանքների պատասխանատվությունը չի կարող խուսափելի լինել։
Մեզ համար հասկանալի է Ռուսաստանի ազդեցության նվազեցման ռազմավարական շահը տարածաշրջանում։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ նպատակին հասնելը պարտադիր պետք է իրականացվի հայկական կյանքերի և ճակատագրերի հաշվին։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ է կրել՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց մինչև օտար տիրապետության երկարատև շրջանները։ Միջազգայնորեն ճանաչված սահմանի իրավունքը, անկասկած, հիմնարար իրավունք է։
2. Ինչու՞ է արտաքին որոշակի շրջանակների կողմից աջակցություն ստացող անձը, ում հոգեբանական կայունության և վստահելիության վերաբերյալ մտահոգություններ կան, սպառնում սեփական ժողովրդին աղետալի պատերազմով՝ չվերընտրվելու դեպքում։ Չնայած սահմանադրական դրույթներին՝ մեկնարկել է ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ, որը լուսաբանվում է հանրային հեռուստատեսությամբ՝ առանց իրավական հիմքի։ Նման գործողությունները, եթե տեղի ունենային եվրոպական երկրներում, ամենայն հավանականությամբ, կունենային լուրջ իրավական և քաղաքական հետևանքներ։ Արդյոք սա կրկնակի ստանդարտների դրսևորում չէ՞։
Թույլ տվեք նաև նշել, որ Եվրոպական Միության ներկայիս բյուրոկրատական կառույցներն ավելի ու ավելի են արտացոլում ինքնանպատակ շահերի, սպառողական մոտեցման և այն արժեքներից հեռանալու միտումներ, որոնք ժամանակին բնորոշ էին եվրոպական առաջնորդությանը։ Շառլ դը Գոլի, Հելմուտ Կոլի և 1960-1990-ական թվականների եվրոպական այն գործիչների ժամանակաշրջանը խորհրդանշում էր սկզբունքայնության և պատասխանատվության վրա հիմնված մոտեցում։ Այսօր փոքր ազգերը, այդ թվում՝ մերը, ռիսկի են ենթարկվում դիտարկվել որպես գործիքներ աշխարհաքաղաքական ռազմավարություններում։
Հայաստանը և հայ ժողովուրդը պատկանում են խոր պատմական արմատներ ունեցող քաղաքակրթությանը։ Մենք տարածքային հավակնություններ չունենք մեր հարևանների նկատմամբ, սակայն ունենք բարոյական բնույթի հիմնավոր մտահոգություններ։ Մենք հանձնառու ենք կառուցել ուժեղ, տեխնոլոգիապես զարգացած պետություն՝ խաղաղության և բարեկեցության հիմքերի վրա։ Ցավալի կլիներ, եթե այս ճանապարհին աջակցելու փոխարեն արտաքին դերակատարները նպաստեին մեր ազգային արժանապատվությունը խարխլող ուժերին՝ լինի դա ներքին անկայունության, թե հարևան երկրում ավտորիտար ռեժիմների աջակցության միջոցով։
Հայաստանը քաղաքակրթության օրրան է և պատմական կապեր ունի եվրոպական բազմաթիվ ժողովուրդների հետ։ Մենք հավատարիմ ենք մեր ինքնության, մշակույթի և պատվի պահպանմանը։
Իմ հարգալից կոչը հետևյալն է. մենք կոչ ենք անում վերանայել ներկայիս մոտեցումները։ Դեռևս կա հնարավորություն՝ կառուցելու ընդհանուր եվրոպական տարածք՝ փոխադարձ հարգանքի հիմքի վրա։ Պահանջվում է հրաժարվել կրկնակի ստանդարտների կիրառումից Հայաստանի նկատմամբ և զարգացնել իրական համագործակցություն փոխշահավետ ոլորտներում՝ ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև բովանդակային փոխգործակցության ձևաչափով։
Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր իրավունքները՝ հիմնված միջազգային իրավունքի և մեր պատմամշակութային ժառանգության վրա։

Արցախի Հանրային խորհուրդը միասնականության է կանչում մայր Հայաստանին ու Սփյուռքին

Արցախի Հանրապետության Հանրային Խորհուրդ

Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորվել է ոչ սովորական պայմաններում՝ ակնհայտ ներքին ու արտաքին մարտահրավերների ժամանակներում։ Բայց, այնուամենայնիվ, այն ստեղծվել է՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված ժողովրդի համախմբան ու տարաբնույթ հիմնախնդիրների բարձրաձայնման կարևորության և ի աջակցություն՝ վտարանդի պետական կառույցների գործունեության։

Ներկա քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտում, երբ վտանգված են մեր իրավունքներն ու ինքնությունը, պարտադրվում է արժեքների մոռացություն, իսկ պատմական հիշողությունը ջնջելուն ուղղված քարոզն էլ անողոքաբար ակտիվանում, բնականաբար, անխուսափելի է դառնում հակազդեցությունը։ Այս ելակետից՝ Արցախի Հանրային խորհուրդը միասնականության է կանչում արցախահայությանը, համեարշխության կոչ ուղղում մայր Հայաստանին ու Սփյուռքին։

Արցախյան հիմնախնդրի նշաձողն անդառնալի եզրագծերին իջեցնլուց ու հայրենազրկումից հետո՝ անցումը ազգային բարոյական նշաձողերին հղի է անդառնալի հետևանքներով։ Նսեմացված անցյալով, վախվորած ներկայով ապագայի ձգտումները սին են։ Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով։ Պատմությունն ու ողջախոհությունը հուշում են, որ միայն հավատարմություն ու համարձակություն դրսևորելու պարագայում է հնարավոր հաջողություն արձանագրել։

Արցախի Հանրային խորհուրդը քաջ գիտակցում է Խաղաղության գինը։ Պատերազմների փոթորիկներն ու մղձավանջը սեփական մաշկի վրա կրած Արցախի քաղաքացիները չեն կարող չգիտակցել օրակարգերի համատեքստը, բայցև սեփական գոյությամբ չեն կարող ներազգային պառակտումների աղբյուր հանդիսանալ։ Որքան էլ մերժվի «Ղարաբաղյան շարժումը», իսկ պետության հիմնադիր թղթի «Անկախության հռչակագիրն» էլ հակադրվի ներկա իրողություններին, միևնույն է «աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել։

Ուստի, ՀՀ կառավարության հետ լիարժեք հաղորդակցության բացակայության պայմաններում, Արցախի Հանրային խորհուրդը, հանրային համերաշխությունը համարելով առաջնահերթություն, երկխոսության դուռ է բացում Արցախով ու արցախցիներով մտահոգ բոլոր պատվախնդիր մարդկանց համար՝ հույսով ու հավատով, որ միասնաբար կարող ենք կերտել արժանապատիվ ապագա։

Թրամփի հայտարարությունը Իրանի մասին ֆոնդային շուկայում խա՞ղ է

Ըստ Financial Times-ի՝ Իրանի հետ բանակցությունների մասին Թրամփի գրառումից մոտ 15 րոպե առաջ բորսայի առևտրականները մոտ 580 միլիոն դոլարի նավթային խաղադրույքներ են կատարել։

Մի քանի րոպեում Brent և WTI նավթի ֆյուչերսներով կատարվել է մոտ 6200 գործարք, ինչը կասկածներ է առաջացրել տեղեկատվության հնարավոր ներքին արտահոսքի վերաբերյալ։

Թրամփի հայտարարությունից հետո Իրանը հայտարարեց, որ դա խաղաղության առաջարկ չէ, այլ էներգակիրների չափազանց բարձր գները զսպելու փորձ։

Ամեն դեպքում, նավթի գները կրկին բարձրացան, բայց մի քանի ժամվա ընթացքում շուկայի մի շարք խաղացողներ լավ սերունցք հանեցին։

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։

«Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

23 մարտի, 2026թ․»

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR-ի դեմ՝ Արցախում պատերազմը ֆինանսավորելու համար

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար։

Ասված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարության մեջ։

«2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026 թ. մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ:

Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար:

«Նյութական աջակցություն» էթնիկ զտումներին

Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետին (SECO)՝ համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD)՝ Բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 և 2023 թթ. ուղեցույցների: ՏՀԶԿ Ուղեցույցների «Հատուկ դեպքերի» (Specific Instance) ընթացակարգի համաձայն՝ Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը և կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները:

«SOCAR Trading»-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային ու ֆինանսական օղակը և ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը՝ փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։

Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա՝ բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավն իրենից ներկայացրել է էթնիկ զտում և, հնարավոր է, ցեղասպանություն:

Բողոքը պնդում է, որ SOCAR Trading-ն իր ֆինանսական և առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը և, հետևաբար, ըստ ՏՀԶԿ ուղեցույցների՝ ուներ հստակ պարտավորություն՝ իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն (due diligence) և արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։»

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», – ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը: «Այդ գործողությունների համար պատասխանատու պետությանը ֆինանսապես աջակցող ընկերությունները չեն կարող անտեսել միջազգային չափանիշներից բխող իրենց պարտավորությունները»:

Շվեյցարիայի մանդատը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար

Այսօր Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքարկուները նաև հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներն ընդունեցին միջնորդություն՝ հանձնարարելով Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին խաղաղության ֆորում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև: Մեկ տարի անց նման ֆորում դեռևս չի գումարվել:

Կոմիտեն և նրա գործընկերները հայտնել են իրենց շարունակական ակնկալիքը, որ Շվեյցարիայի իշխանությունները կկատարեն խորհրդարանի այս հանձնարարականը, որը, նրանց համոզմամբ, կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության կառուցման գործում:

«Շվեյցարիան պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների պաշտպանության և նրանց ինքնորոշման իրավունքի ապահովման գործում, ինչպես երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ», – ասել է «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը: «Որպես չեզոք պետություն՝ Շվեյցարիան ունի բարենպաստ դիրք՝ կառուցողական դեր խաղալու այս տասնամյակների հակամարտությանն արդարացի հանգուցալուծում տալու գործում»:

«Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա», – նշել է Ցյուրիխում գործող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպություն» (Christian Solidarity International) ՀԿ-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը, ով նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում: «Իրանի հետ նոր հակամարտությունն առավել քան երբևէ պարզ դարձրեց կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության կառուցման կարևորությունը»:

Քայլեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում․

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի երկու անդամներ մասնակցում են Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանին:

Ելույթ ունենալով լիագումար նիստերին մի քանի հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ նրանք Խորհրդի ուշադրությունն են հրավիրել Բաքվի բանտերում հայ պատանդների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի պահման, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը չկատարելու Ադրբեջանի մերժման (որով պահանջվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների շարունակական ոչնչացման փաստերի վրա»: